Մայրաքաղաքը խեղդվում է աղբի ու գարշահոտության մեջ. ի՞նչ է կատարվում «Սանիտեկում»

Մայրաքաղաքը խեղդվում է աղբի ու գարշահոտության մեջ. ի՞նչ է կատարվում «Սանիտեկում»
Հանրապետության եւ մասնավորապես մայրաքաղաքի տարբեր հատվածներում «Մաքուր Հայաստան» գաղափարի քարոզչություն է՝ մեծադիր ցուցապաստառներից մաքրակենցաղ դեմքերը հորդորում են․ «Աղբի տեղն աղբամանում է»: Բայց պարզվում է, որ այդ հորդորը պրակտիկայում կիրառել հնարավոր չէ, հատկապես՝ վերջին շաբաթներին, այն էլ՝ ամռան այս տապին՝ +40 աստիճանի պայմաններում: Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակվող քաղաքացիները սոցցանցերում ահազանգում են աղբի կուտակումների, գարշահոտության ու դրա հետեւանքով աղբամանների շուրջ վխտացող կրծողների ու միջատների մասին: Երեկ էլ մեզ էին դիմել Շենգավիթ վարչական շրջանի Տիմիրյազեւ փողոցի բնակիչները եւ պնդում էին, որ իրենց փողոցում դրված երկու աղբամաններն առավոտ կանուխ անհետացել են, ստիպված՝ աղբը գետնին են թափում:



Մայրաքաղաքում աղբահանությունն իրականացնում է «Սանիտեկ» ընկերությունը, որի թերի աշխատանքի վերաբերյալ բողոքներ ու դժգոհություններ մեր համաքաղաքացիներից բազմիցս ենք լսել: Տպավորություն է, թե հիշյալ ընկերությունը հատկապես վերջին շաբաթներին սաբոտաժով է զբաղված, այլապես որեւէ կերպ կծանուցեր բնակիչներին աղբահանության գրաֆիկից շեղվելու, աղբահանությունը ոչ պատշաճ կազմակերպելու պատճառների մասին: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ խնդիրն աղբատար մեքենաների մեջ է, ավելի ստույգ՝ Նուբարաշեն աղբավայրի ճանապարհների, որոնց ոչ բարվոք վիճակի հետեւանքով էլ հիշյալ մեքենաները խափանվում են, մնում տեղում:



«Աղբահանության գրաֆիկից շեղվելու ամբողջ պատճառը հենց սա է, մեր մեքենաները գնում են աղբը դատարկելու, եւ քանի որ ճանապարհները լավ վիճակում չեն, փչանում են, խոտանվում, եւ որպեսզի դրանք նորոգվեն ու նորից դուրս գան աշխատանքի, դրա համար ժամանակ է պետք: Մոտ 10 օր է, որ մենք մեր գրաֆիկից հետ ենք ընկել Երեւանի մի քանի վարչական շրջաններում, մասնավորապես՝ Կենտրոնում ու Շենգավիթում: Հույս ունենք, որ առաջիկայում կվերականգնենք մեր ամենօրյա գրաֆիկը: Այժմ մեր կազմակերպությունը պատրաստվում է մի քանի նոր մեքենաներ ներկրել, որպեսզի այս հարցը կարողանանք արագ կարգավորել»,-մեզ հայտնեց «Սանիտեկ» ընկերության տնօրենի օգնական **Քրիստինա Հովհաննիսյանը**: Իսկ թե քանի մեքենա ունի ընկերությունը, քանիսն է խափանվել, եւ քանիսն են պատրաստվում ներկրել՝ Հովհաննիսյանը չհայտնեց: «Ասեմ, որ բավականին թվով մեքենաներ ունենք, իսկ ներկրվող մեքենաները մի քանի հատ կլինեն, ստույգ թիվ ասել չեմ կարող, օպտիմալ քանակով կներկրվեն, որպեսզի ե՛ւ եղանակային պայմաններին հարմար լինեն, ե՛ւ կարողանանք աղբահանությունն արագ կազմակերպել»: Նկատեցինք, որ մի՞թե հնարավոր չի եղել երկու եւ ավելի շաբաթվա ընթացքում խափանված մեքենաները կարգի բերել։ Օգնականն արձագանքեց, թե «մինչեւ դրանք բերվում են գարաժ, նորոգվում են եւ կրկին աշխատանքի դուրս գալիս, բավական ժամանակ է անցնում»:



Ք. Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ ընկերության թեժ գծին աղբահանության հարցերով հիմնականում ահազանգում են Կենտրոն եւ Շենգավիթ վարչական շրջանների բնակիչները, մինչդեռ համացանցում լուսանկարներ են տեղադրում Երեւանի այլ վարչական շրջանների բնակիչներ ու ահազանգում՝ «աղբին տեղ ու դադար չկա»: ««Սանիտեկը» կարո՞ղ է շոգից հօդս է ցնդել, թե՞ քաղաքապետարանին է ինչ-որ բան պատահել: Աղբամաններն իրենցից մի երեք անգամ ավել բեռ են կուտակել... Եթե էդ կողմերում ողջ արարածներ կան, զբաղվեք ձեր գործով... վճարները գանձելուց մոմ եք, իսկ թե ձեզ ով պիտի կարգի հրավիրի՝ միայն Աստված գիտի… Ավելորդ եմ համարում ասել, թե ժամանակին չհեռացված աղբն ինչ հետեւանքներ կարող է ունենալ... Սա նաեւ երեխաներով խիտ բնակեցված տարածք է, աղիքային հիվանդությունների մասին խոսելուց առաջ բարի եղեք՝ աղբահանության հարցը լուծեք»,- ահազանգում է Մոլդովական փողոցի բնակիչներից մեկը:



**ՀԳ**. Դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության բաժնի պետ **Հովիկ Ահարոնյանին**՝ պարզելու, թե քաղաքապետարանին մի՞թե չի հուզում մայրաքաղաքի սանիտարահիգիենիկ վիճակը, եւ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում աղբահանության հետ կապված խոչընդոտները վերացնելու համար: Պարոն Ահարոնյանը համբերատար լսեց մեր հարցը, ապա հարցրեց՝ իսկ Դուք փորձե՞լ եք «Սանիտեկից» ճշտել: Հետո էլ, թե՝ «խնդրում եմ զանգեք լրատվականի Արթուր Գեւորգյանին, տեղյակ պահեք իրեն, նոր կզանգեք ինձ»: Ո՛չ Գեւորգյանի, ո՛չ էլ Ահարոնյանի հետ երկրորդ անգամ կապվել չհաջողվեց. աղբահանության բաժնի պետն այդպես էլ մեր զանգերին չարձագանքեց:



Նշենք, որ կոմունալ տնտեսության վարչությունն է հոգում մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, այգիների, ընդհանուր օգտագործման այլ հասարակական վայրերի սանիտարական մաքրումը, բազմաբնակարան շենքերից եւ մասնավոր տնատիրություններից կատարվող աղբահանության աշխատանքները, ինչպես նաեւ հսկողություն է իրականացնում Երեւանի վարչական տարածքներում գործող սանիտարական մաքրման եւ աղբահանության ընկերությունների կողմից կատարված աշխատանքների նկատմամբ: Նաեւ՝ իրականացնում է հսկողություն Նուբարաշենի աղբավայրը վարձակալությամբ շահագործող «Էրեբունի մաքրություն» ՍՊԸ-ի կողմից իր պայմանագրային պարտավորությունների կատարման ուղղությամբ: Հավելենք, որ նախկին իշխանությունները տասնամյակներ շարունակ խոսում էին Նուբարաշենում միջազգային ստանդարտներին համապատասխան աղբավայր կառուցելու մասին, մինչդեռ պարզվում է, որ գործող աղբավայրի ճանապարհներն անգամ կարգի բերել չի հաջողվում:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**