ԲՀԿ-ն անցավ հարձակման

ԲՀԿ-ն անցավ հարձակման
Կառավարությունը հունիսի 19-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում խորհրդարան է բերելու մի նախագիծ, որը նյարդային պոռթկումների առիթ է տվել ԲՀԿ-ականների շրջանում։ Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Ծառուկյան դաշինք» խմբակցության ելույթները նվիրված էին հենց այդ նախագծին, որը, ճիշտ է, մշակվել է Կարեն Կարապետյանի կառավարության օրոք եւ վերջին օրը ստորագրվել ու շրջանառության մեջ դրվել Կարապետյանի կողմից, սակայն այսօր արդեն խորհրդարան է բերվում Նիկոլ Փաշինյանի ցուցումով։ Խոսքը «Բարեգործության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, եւ անգամ կույր լինելու դեպքում դժվար է չնկատել, որ այն ուղղված է բացառապես մեկ անձի եւ մեկ կուսակցության՝ Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի դեմ։



Նախագծով փորձում են սահմանափակել բարեգործությունը եւ խիստ վերահսկողություն սահմանել դրա նկատմամբ, քանզի կարծում են, որ ընտրությունների ժամանակ բարեգործությունը թաքնված ընտրակաշառքի ֆունկցիա է կատարում։ Իսկ «Բարեգործության մասին» օրենքով նախատեսվում է ստեղծել բարեգործական գործունեությունը համակարգող պետական լիազոր մարմին, որը ցանկացած դեպքում կարող է չեղարկել ցանկացած բարեգործական ծրագիր։ Ու քանի որ այս նախագիծը ստորագրել ու շրջանառության մեջ է դրել նախկին վարչապետը, ԲՀԿ-ականները սա որակում են որպես Կարապետյանի վերջին վատությունը Ծառուկյանին։ Նրանց երեկվա ելույթները թեեւ ուղղված էին Կարեն Կարապետյանին, բայց «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» ոճով էին։ Բոլոր մուննաթների եւ սպառնալիքների հասցեատերը, իրականում, Փաշինյանն էր։



**Իվետա Տոնոյանն** ասում էր․ «Իհարկե, մենք այս օրենքի բովանդակային նախագծին կարող ենք անդրադառնալ հունիսի 19-ին կայանալիք արտահերթ նիստի շրջանակներում, սակայն հուսով եմ, որ մեր այս ելույթները սթափության կոչ կլինեն գործող կառավարության համար, եւ կվերանայվի օրենքի նախագիծն օրակարգ բերելու հարցը: Եվ եթե այս օրենքի նախագիծն իրականություն դառնա, մենք՝ ինքներս կհորդորենք պարոն Ծառուկյանին վերանայել բարեգործության վերաբերյալ իր դիրքորոշումը»։ Սա փաստացի մարտահրավեր է Նիկոլ Փաշինյանին, որի կառավարության մաս է կազմում նաեւ ԲՀԿ-ն։ Եվ նախընտրական շրջանը դեռ չմեկնարկած՝ արդեն իսկ ներիշխանական պրոցեսներն արագ եւ դրամատիկ ընթացք են ստանում, որից հիմնական օգտվողը կարող է լինել Հանրապետականը, ով,, բացի այս ամենից դիվիդենտներ քաղելուց, թերեւս նաեւ գարեջուր եւ պոպկորն գնի, նստի եւ վայելի ԲՀԿ-Նիկոլ ընդհարումը։



Ի դեպ, ԲՀԿ-ականները նեղսրտած են Նիկոլ Փաշինյանից նաեւ այն պատճառով, որ «կարելի էր գոնե այս նախագիծն օրակարգ մտցնելուց առաջ քննարկել իրենց հետ՝ որպես համաձայնության կառավարության մասը կազմող ուժ»։ Իսկ Նիկոլ Փաշինյանին այս նախագիծը ձեռնտու է, եւ այսպիսի օրենսդրական կարգավորման մասին սկսել էին ակնարկել նաեւ «Ելք» խմբակցության պատգամավորները, ուստի սպասելի էր, որ նախագիծն օր առաջ կմտցնեն օրակարգ։



Ուշագրավ է, որ երեկ, մինչեւ հայտարարությունների ժամը, ԲՀԿ-ականներն այս օրենքի նախագծի վերաբերյալ առանձնապես բուռն եւ էնտուզիազմով չէին արտահայտվում լրագրողների հետ զրույցներում, իսկ օրվա վերջում «լեզուները բացվեցին»։ Օրվա մի պահի նրանք հավաքվեցին ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանի աշխատասենյակում, ապա, ինչպես հասկացանք, նաեւ ցուցում եղավ Գագիկ Ծառուկյանից, եւ «առյուծասիրտ» ԲՀԿ-ականների «մատյան գունդը» նետվեց գրոհի։



**Նաիրա Զոհրաբյանն** օրվա երկրորդ կեսին մեզ հետ զրույցում դեռ «գլխի չէր ընկել», որ այս նախագիծը Ծառուկյանի դեմ է ուղղված․ «Ես չգիտեմ՝ դա ում դեմ է ուղղված, բայց ես ուզում եմ հավատալ Ձեր կանխագուշակելու հմտությանը, բայց եթե Դուք կարծում եք, որ դա Ծառուկյանին է ուղղված, ապա ես նորից պիտի ասեմ այն, ինչ ասել եմ այս տարիների ընթացքում՝ Ծառուկյանը բարեգործություն չի արել քաղաքականության մեջ դիվիդենտներ շահելու համար, Ծառուկյանը բարեգործություն արել է, որովհետեւ երկիրը գտնվում է այնպիսի վիճակում, որ պետությունը չի կարող իր վրա վերցնել այդ ամբողջ ֆունկցիաները։ Եվ եթե ոմանք կարծում են, որ բարեգործություն չպիտի արվի, կամ բարեգործություն անելուց պիտի ինչ-որ ճշտումներ արվեն, ապա որեւէ խնդիր չկա, էն բոլոր խնդիրները, որ այսօր բարեգործական խողովակներով լուծում է Գագիկ Ծառուկյանը, եթե պետությունն այսօր կարող է էդ ամենն ինքը վերցնել իր ուսերի վրա, ապա մենք միայն ուրախ կլինենք»։ Հարցրինք Զոհրաբյանին՝ իրենց ընտրազանգվածն այս տարիներին ԲՀԿ-ին ինչի՞ համար է ձայն տվել՝ բացառապես գաղափարախոսությա՞ն։ «Տարբեր մոտիվացիաներ կան, դա ԲՀԿ-ի ճիշտ դիրքն է Հայաստանի քաղաքական դաշտում, դա Գագիկ Ծառուկյանի անձնական վարկանիշն է, եւ այսօր ում դուրը գա, ում դուրը չգա, «Բարգավաճ Հայաստանը» եւ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի քաղաքական դաշտի բրենդներից են»։ Նաիրա Զոհրաբյանը, սակայն, չի ուզում, որ հակամարտություն լինի իրենց եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, եւ նկատում է, որ մեզ չի հաջողվի իրենց եւ Փաշինյանի միջեւ հակասություն փնտրել։



«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ այս առնչությամբ ասաց, որ նախագծին ծանոթ չէ, բայց կարգավորմանը կողմ է․ «Որովհետեւ բարեգործությունը Հայաստանում միշտ օգտագործվել է ե՛ւ հարկերը թաքցնելու համատեքստում, ե՛ւ ընտրությունների ժամանակ՝ որպես ավելի լավ դիրքերից հանդես գալու մեխանիզմ»։



Ինչ վերաբերում է տեսակետին, որ այս նախագիծն ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ, Մարուքյանն ասաց, որ ինքը նման բանից տեղյակ չէ, բայցեւ կիսահեգնական նկատեց․ «Ես կարծում եմ, որ կառավարությունը, որտեղ կան փոխվարչապետ եւ նախարարներ «Ծառուկյան դաշինքից», ինչպե՞ս կարող են նախագիծ բերել՝ անձնավորված իրենց դեմ»։



Դաշնակցական **Արծվիկ Մինասյանն **էլ է դրական վերաբերվում նման գաղափարին, թեպետ նախագծին ծանոթ չէ․ «Որովհետեւ բարեգործությունն իր սահմանման մեջ արդեն չի կարող հատուցում ենթադրել»։ Բայց Մինասյանն այստեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, որն ուղղված է ԲՀԿ-ի դեմ։ Ըստ նրա՝ այն ուղղված է բոլոր նրանց դեմ, ովքեր «բարեգործությունն ուզում են օգտագործել ընտրական գործընթացում»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**