Վարչապետը սպառնաց Մինասյանին՝ կա՛մ մեզ հետ ես, կա՛մ՝ մեր դեմ

Վարչապետը սպառնաց Մինասյանին՝ կա՛մ մեզ հետ ես, կա՛մ՝ մեր դեմ
Կառավարության երեկվա արտահերթ նիստի օրակարգում 4 հարց կար։ Մեկը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ Այս հարցի քննարկումը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի չի հանդուրժում հակառակ տեսակետ, հատկապես, երբ դա հնչում է ոչ յուրայինների կողմից։ Նա նաեւ ցույց տվեց, որ չի հանդուրժելու «դաշնակցական» խաղեր, եւ հասկացրեց, որ «սատանի մայլեն քյանդրբազություն» թույլ չի տալու։



Նախ նախագծի վերաբերյալ իր խոսքում Փաշինյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում այն կարգավորումը, որ 1974 թվից հետո ծնված բոլոր քաղաքացիները պետք է ներգրավվեն այս համակարգում։ «Այսօրվա դրությամբ արդեն իսկ այդ համակարգում ներգրավված են պոտենցիալ մոտավորապես 280 հազար շահառուներից ավելի քան 200 հազար քաղաքացիները։ Եվ եթե մենք որեւէ գործողություն չձեռնարկենք, այդ օրենքն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ հուլիսի 1-ից»,- ասաց ու թվարկեց լուծումները՝ նշելով, որ կանգ են առել այն տարբերակի վրա, որ կուտակային վճարի 10 տոկոսից 2.5 տոկոսը վճարի քաղաքացին, 7.5 տոկոսը՝ պետությունը, եւ այս նորույթից կօգտվի 80 հազար քաղաքացի։ Հիշեցնենք, որ նախկինում գումարի 5 տոկոսը պետությունն էր վճարում, 5 տոկոսը՝ քաղաքացին։ «Սա ժամանակավոր կարգավորում է, եւ մենք այս կարգավորմամբ ստանձնում ենք նաեւ պարտավորություն, որ մենք փոփոխություններ կատարենք եկամտահարկի դրույքաչափերի մեջ»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան իրենց մոտեցմանը։



Կառավարության այս առաջարկին անսպասելիորեն դեմ արտահայտվեց **Արծվիկ Մինասյանը**։ Նա նշեց, որ վարչապետի բացատրություններն ընկալելի են, բայց կարեւոր է, որ այդ 200 հազար մասնակիցներն իրենք գնահատեն այս համակարգի առավելությունը, որ 80 հազարի մոտ էլ մտավախություն չառաջանա։ Մինասյանն ասաց, որ ինքը դեմ է պարտադիր կուտակայինի էն մոդելին, որը կա՝ հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է։



«Այսինքն՝ այստեղ կան մարդիկ, որ չե՞ն հասկանում, որ դա պարտադրված լուծում է»,- զայրացավ Փաշինյանը։ Մինասյանն ասաց, որ ինքն ամենեւին չի ցանկանում քննադատել այս որոշումը, բայց կարող էր շատ ավելի լավ լուծում բերել կառավարությունը։ Փաշինյանը Մինասյանին հիշեցրեց, որ իրենք գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում։ «Մենք էստեղ կառավարության նիստում ենք, մենք էլ խորհրդարանական ընդդիմություն չենք, էդ հարցերը, որ Դուք բարձրացնում եք, դրանք բոլորը մեր լծակների, լիազորությունների տիրույթում են։ Եթե Դուք ասում եք, որ Դուք ունեք հարցեր, որոնց պատասխանը դեռ չգիտեք, էդ հարցերի պատասխանը գտնելը Ձեր եւ մեր բոլորիս աշխատանքային պարտականությունն է։ Եվ, ուրեմն, եկեք շատ հստակ հասկանանք՝ մենք էս թիմային պատասխանատվությունը կա՛մ վերցնում ենք, կա՛մ չենք վերցնում։ Կներեք, ես՝ որպես վարչապետ, համաձայն չեմ էդ անուղիղ գործողություններին։ Հիմա ովքեր էս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր էս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն։ Ես ուզում եմ սա հստակ արձանագրենք»,- Մինասյանին սաստեց Փաշինյանը։



Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց, որ, որպես կոլեգիալ մարմին, կայացված որոշումը ենթակա է կատարման, եւ ինքը կատարելու է։ «Այլ կերպ չէր էլ կարող լինել, Դուք դրանով որեւէ մեկին որեւէ լավություն չեք անում»,- շարունակեց դաշնակցական նախարարի վրա մուննաթ գալ վարչապետը։ Մինասյանն արդեն «կոտրվել» էր եւ արդարանում էր, որ ինքը չի քննադատում որոշումը։ Իսկ ի՞նչ է նշանակում, որ դե՞մ է քվեարկելու՝ գրեթե սպառնալից տոնով հարցրեց Փաշինյանը։ Մինասյանը հիշեցրեց, որ ինքը պարտադիր կուտակայինի ընդունմանը դեմ է եղել, եւ հիմա, եթե կողմ լինի, կստացվի՝ կողմ է պարտադիր կուտակայինի ներդրմանը, այսինքն՝ կնշանակի դեմ դուրս գալ իր այն ժամանակվա համոզումներին։ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն էլ է դեմ եղել, երբ պատգամավոր էր, բայց հիմա կառավարության անդամ է։



«Եվ, կներեք, ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների եւ պակաս սկզբունքայինների, եւ ես ուզում եմ շատ հստակ լինի մեր բոլորիս տեսակետը։ Ես Ձեր տեսակետը հասկացա եւ հուսով եմ՝ Դուք էլ իմ տեսակետը հասկացաք։ Եվ ես հույս ունեմ, որ մենք հասկանում ենք, որ չի կարող էդպես կիսադիրքորոշումներով առաջ շարժվել, եւ էդ կիսադիրքորոշումներից արվելու են հետեւություններ»,- Արծվիկ Մինասյանին փաստացի սպառնաց Նիկոլ Փաշինյանը։



Ի վերջո, Արծվիկ Մինասյանը, դեմ ըլլալով, կողմ քվեարկեց։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**