Որոշ փաստեր արդեն կան, երբ որ փաթեթ կլինի, անպայման կհանդիպեմ ոչ միայն Լևոն Մկրտչանի հետ, այլև պարոն Աշոտյանի

Որոշ փաստեր արդեն կան, երբ որ փաթեթ կլինի, անպայման կհանդիպեմ ոչ միայն Լևոն Մկրտչանի հետ, այլև պարոն Աշոտյանի
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ կրկին հայտարարեց, որ կրթության ոլորտում տարիներ ի վեր կոռուպցիոն չարաշահումներ են տեղի ունեցել, որոնց վերջը պետք է տան։



Hraparak.am-ը հետաքրքրվեց նախարարից՝ ինքն ուսումնասիրե՞լ է, դրանք ավելի շատ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՞ ղեկավարման օրոք են տեղի ունեցել, թե՞ դաշնակցական Լևոն Մկրտչյանի, ով քանի անգամ է ստանձնել այդ պաշտոնը։



«Առանձին տարիներով չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ դա կրել է համակարգային բնույթ և շատ վաղուց է գալիս»,-ասաց Արայիկ Հարությունյանը։



-Դաշնակցության հետ հիմա դուք համաձայնության կառավարություն եք կազմել, և Ձեր այդ մեղադրանքները, ըստ էության, նաև դաշնակցական նախարարին են ուղղված։ ՀՅԴ-ից ինչպե՞ս են արձագանքում դրան։



-Եթե դրա մեջ ներգրավված լինեին իմ ընտանիքի անդամները, էդ մեղադրանքները նույնպես կհնչեին։ Եթե կա կոռուպցիա, դրա մասին պետք է խոսել։



-Լևոն Մկրտչյանի հետ քննարկե՞լ եք այդ հարցը, հարցրել եք՝ ինչո՞ւ է նրա օրոք կոռուպցիա եղել։



-Երբ որ կոնկրետ փաստերը դրվեն սեղանին՝ արդեն փաստաթղթավորված, դրա մասին անպայման․․․ հիմա ուսումնասիրություններն իրականացվում են, որոշ փաստեր արդեն կան, երբ որ փաթեթ կլինի, անպայման կհանդիպեմ ոչ միայն Լևոն Մկրտչանի հետ, այլ նաև պարոն Աշոտյանի հետ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**