Ազդարարի կայքը մշակվում է, շուտով կգործարկվի

Ազդարարի կայքը մշակվում է, շուտով կգործարկվի
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ինչպես հայտնի է, ՀՀ նախկին իշխանությունները, որոնք օրոք կատարված կոռուպցիոն երեւույթների բացահայտմանն եք ականատես լինում այս օրերին, ապահովել են իրավական բավարար հիմքեր թե՛ օրենքների, թե համապատասխան հանձնաժողով-մարմինների տեսքով: Մասնավորապես այս  տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Ազդարարման համակարգման մասին» օրենքը, որը շատերը «իրար վրա գործ տալու» մասին օրենք որակեցին:



Ազդարարման նպատակները, եթե հավատանք օրենքը հղացողներին, կոռուպցիայի կանխարգելմանն ու նվազեցմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքին նպաստելն է: Ազդարարման տեսակները երկուսն են՝ ներքին եւ արտաքին: Ըստ օրենքի՝ մինչեւ հուլիսի 1-ը պետք է գործարկվի համապատասպան միասնական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով էլ հնարավոր է անանուն կամ տվյալների ներկայացման եղանակով կոռուպցիայի մասին հաղորդում տալ:



Ազդարարը, ըստ կարգի, կարող է ներկայացնել հանցագործություն կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանցագործության հետ առնչություն ունեցող այլ անձի անունը, ազգանունը, պաշտոնը, հանցագործության կատարման ամսաթիվը: Ազդարարման մասին այլ մանրամասների հնարավոր կլինի  ծանոթանալ կայքի գորածարկումից հետո:



Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է կայքի մշակման աշխատանքները: Նա հավաստիացրեց, որ ծրագրի տեխնիկական մշակման աշխատանքներ են ներկայում կատարվում, որպեսզի կայքը հուլիսի 1-ից  գործարկվի: Այպես որ, հուլիսի 1-ից սկսվելու է վիրտուալ ազդարարման թավշյա սեզոնն ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ ազդարարի կարգավիճակ է ունենալու: