Պատմական այց է լինելու

Պատմական այց է լինելու
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի հարեւան Վրաստան։ Այս այցը չափազանց կարեւոր եւ ուշագրավ է նրանով, որ վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումներից զատ՝ վաղը, մայիսի 31-ին, կայցելի նաեւ հայաբնակ Ջավախք, մասնավորապես՝ Ախալքալաք քաղաք։ Այստեղ նա հանդիպումներ կունենա ջավախահայության հետ եւ կմասնակցի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի պաշտոնական բացմանը, որին ներկա կլինի նաեւ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։



Այս այցը կարող ենք վստահաբար պատմական համարել, քանզի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետո ՀՀ որեւէ այլ նախագահ կամ վարչապետ երբեւէ պաշոնական այցով Ջավախք չի այցելել։ Մեզ համար կարեւոր նշանակության այս տարածքը մշտապես անտեսված է եղել ՀՀ բարձրագույն իշխանությունների կողմից, այդ թվում՝ հատկապես Սերժ Սարգսյանի։ Եվ Փաշինյանը, փաստորեն, առաջին ղեկավարն է վերջին տասը տարում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում որոշել է այցելել Ջավախք։



Սա մեծ ոգեւորությամբ է ընդունվել ջավախահայերի կողմից, որոնք այժմ պատրաստ սպասում են վարչապետի այցին։ Հուսանք՝ Նիկոլ Փաշինյանի այս հիրավի պատմական այցը կունենա նաեւ իր դրական արդյունքներն ինչպես հայ-վրացական հարաբերությունների զարգացման,  այնպես էլ Ջավախքին ու ջավախահայերին հուզող խնդիրների լուծման առումով։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**