Պետական պարտքն այս պահին կազմում է 6.8 մլրդ դոլար, որից 4 մլրդ-ից ավելին արտաքին պարտքն է

Պետական պարտքն այս պահին կազմում է 6.8 մլրդ դոլար, որից 4 մլրդ-ից ավելին արտաքին պարտքն է
Ազգային ժողովում ընթանում է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումը։ Հիմնական զեկուցողը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է։ Նա նշեց, որ հարկաբյուջետային քաղաքականության համար 2017թ.-ին որպես նպատակադրում էր դրվել պարտքը կայունացնել, ապահովել համարժեք արձագանք, ինչի վերաբերյալ քաղաքականությունն իրականացվել է:



Հարկային եկամուտները, որոնք կազմել են 1 տրիլիոն 158 միլիարդ դրամ, որն, ըստ նախարարի, ավելին է, քան սկզբնական ծրագրով հաստատված ցուցանիշը:



«Իսկ այլ եկամուտները մեծ կշիռ չունեն: Ցածր կատարողական է առկա բյուջետային դրամաշնորհների մասով: Ընդհանուր եկամուտների մեջ հարկային եկամուտները 93 տոկոս են կազմել, 1,02 տոկոս՝ դրամաշնորհները: Ամենամեծ կշիռը հարկային եկամուտների մեջ ավելացված արժեքային հարկն է՝ 35,1 տոկոս, հաջորդն իր մեծությամբ եկամտային հարկն է՝ 29,5 տոկոս և շահութահարկը՝ 9,5 տոկոս»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:



Նա նաև հավելեց, որ որոշակի քննարկումներ են ընթանում այն մասին, թե արդյոք հարկային օրենսդրությունն ու հարկային քաղաքականությունը լիարժեք արտահայտո՞ւմ են տնտեսության պահանջները, արդյոք լավագույնս նպաստո՞ւմ են տնտեսական զարգացումներին, թե՞ ոչ: Դրա շուրջ այժմ  քննարկումների փուլում են, առաջիկայում կանդրադառնան։



Ծախսերի մասով էլ Ջանջուղազյանն ասաց՝ դրանք կազմել են 1,5 տրիլիոն, որից 237 միլիարդը կապիտալ բնույթի ծախսեր են եղել:



«Տնտեսական բավարար չափով կապիտալ ներդրումներ չեն իրականացվել, որպեսզի լուծվեն տնտեսական զարգացումներին նպաստող խնդիրները: Դրանով պայմանավորված՝ որոշակի շեղում է եղել, ավելի շատ պարտք ենք ունեցել, քան ուղղել ենք կապիտալ ներդրումներին: Պարտք ենք վերցրել ընթացիկ ծախսերի համար: Կարճաժամկետ հատվածում սա նորմալ է»,- նկատեց նախարարը։:



Ինչ վերաբերում է պետական պարտքին, ապա Ջանջուղազյանն ասաց, որ զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացել է` կիրառվել է 2.2 տոկոս զսպող ցուցանիշ։



«Մենք պարտք էինք վերցնում ոչ թե կապիտալ ներդրումների, այլ ընթացիկ ծախսերի համար։ Պետական պարտքն այս պահին կազմում է 6.8 մլրդ դոլար, որից 4 մլրդ-ից ավելին արտաքին պարտքն է»,- հայտարարեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է համարվել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։



**Վահե Մակարյան**