Ընդդիմադիրի «փշեպսակը»

Ընդդիմադիրի «փշեպսակը»
ՀՀԿ-ն սահուն եւ աննկատելի մտնում է ընդդիմադիր կերպարի մեջ․ սկսել է հանրությանը ներկայանալ քաղաքական հալածյալի փշեպսակով, որպես վայել է իսկական ընդդիմադիրին։ Եվ այս դերափոխության գլխավոր կերպարարար-իմիջմեյքերներից մեկը ոչ այլ ոք է, քան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։



Ա․ Աշոտյանն իմ լրագրողական անդրադարձների ամենահետաքրքիր թիրախներից է՝ բազմագիտակ, խելացի, ստեղծագործական մտքով։ Հարգում եմ նրա խելքը, չնայած այն, իմ համոզմամբ, այդպես էլ ինտելեկտ չի դառնում (քանզի ինտելեկտը խելքի ու բարոյականության զուգորդումն է)։ Ա․ Աշոտյանին մշտապես պակասել են բարոյական մի քանի որակներ՝ ազնվություն, պարկեշտություն, անկախություն։ Ես նրան մի քիչ նաեւ խղճում եմ․ անձի երկվության բարդույթ ունեցող մարդը, որ հստակ գիտակցելով իր մտավոր ակնհայտ առավելությունը կուսակցական «տերերի» հանդեպ՝ ինքն իրեն նվիրել է նրանց ամեն գնով պաշտպանելու, նրանց կողքին հարգալից-աշակերտավայել ենթակայություն ու համախոհություն խաղալու գործին, ինձ համար կարեկցանքի է արժանի։ Նրան իսկապես խղճում եմ։



Եվ խղճում եմ, եթե հիմա էլ ստանձնել է իր խելքին անհարիր ու անպատիվ մի առաքելություն՝ կուսակից որոշ մեծահարուստ եւ դեռ պաշտոնյա ընկերներից քաղաքական հալածյալ ու տուժյալ սարքելու գործը։ Բայց Ա․ Աշոտյանն այնպիսի եռանդով է տրվել իր առաքելության իրականացմանը, որ կասկածներ ունեմ, թե ՀՀԿ փոխնախագահի նրա պաշտոնական լիազորությունների ոլորտը փոխվել եւ հարմարեցվել է նոր իրավիճակին, ու նա արդեն համակարգում է քաղաքական հալածյալների «բնագավառը»։ Ուրիշ բան մտածել չեմ կարող, եթե իր իսկ՝ փոխնախագահի շուրթերից եմ լսում այդ մասին, ինչպես նաեւ տեղեկանում, թե նա հալածվողների ցուցակ ունի, որտեղ «դիմումների քանակը գնալով աճում է»։



Ինչպես ասում են՝ չմեռանք՝ քաղհալածյալ հանրապետական էլ տեսանք։



Բայց որքան էլ զարմանալի լինի այդ նորությունը, առաջին բանը, որ մտքովդ անցնում է, օգնության ձեռք մեկնելն է հալածյալներին։ Կարծում եմ, հենց այս մղումով է առաջնորդվել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որ բարեկամական խորհուրդ է տվել Աշոտյանին՝ եթե փաստեր կան, որ կուսակիցներն ինչ-ինչ հալածանքների են ենթարկվում, թող դիմեն իրավապաշտպան կազմակերպությունների։ Մեր երկրում ինչերն են շատ՝ իրավապաշտպան կազմակերպությունները։ Աշոտյանը չգիտեմ ինչ է մտածել այս խորհրդի առթիվ, բայց խիստ օրիգինալ մի հայտարարություն է արել․ «Իրավապահների հետ աշխատելու հնարավորություն մենք, բնականաբար, տեսնում ենք, հատկապես եթե գտնենք այնպիսի իրավապաշտպաններ, որոնք իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրավապաշտպան գործունեության հետ»։



Ահա եւ առնչվեցինք մի մտքի, որտեղ խելք կա, բարոյականություն՝ հազիվ թե։ Պարզվում է՝ լավագույն հանրապետականներից մեկը («շորտիկային տարիքից» այս կուսակցությունում հասակ առած) բողոքում է, թե հայ իրականությունում դժվար է գտնել իրավապաշտպանի, որն իր «քաղաքական ճաշակը չի խառնել իրավապաշտպան գործունեության հետ»։



 ՀՀԿ-ի միահեծան իշխանության գաղջ (ականջը կանչի մի հոգավորի) տարիներին հիրավի դժվար էր իրավապաշտպան գործունեություն ծավալել եւ դրան «քաղաքական ճաշակ» չխառնել, քանի որ իշխանավորներն ամեն ինչ անում էին, որ իրավապաշտպան գործունեությանն անպայման «քաղաքական ճաշակ» խառնվի, եւ դա, բնականաբար, լինի առավելապես ՀՀԿ-ի «ճաշակը»։ Այդ ճաշակից խույս տվողներին ՀՀԿ-ն բոլոր միջոցներով եւ բառի ուղիղ իմաստով փորձում էր «ճաշակի բերել» (երբեմն բերում էր)։



Ու դա այնքան համընդհանուր գործելաոճ էր, որ այդ պայմաններում այսօր, անշուշտ, դժվար է գտնել մի իրավապաշտպանի կամ իրավապաշտպան կազմակերպություն, որ կամենա ձեռք մեկնել ՀՀԿ-ական «հալածյալներին»։ Ժողովրդական բառուբանով ասած՝ է՛, էնպես անեիք՝ երեսատեղ թողնեիք, որ այսօր ստիպված չլինեիք ճրագով ման գալ ձեզնից չզզված մի իրավապաշտպանի։ Այնպես անեիք, որ իրավապաշտպանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների մեջ չհարուցեիք ձեզնից ընդամենը նողկանք ապրողի «քաղաքական ճաշակը»։



_ՀԳ․ Ի դեպ, չմոռանանք․ «փշեպսակը» բարով մաշեք։_



**Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ**