Ես չեմ որոշում՝ ով կանչվի հարցաքննության, ով չկանչվի․ վարչապետը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Ես չեմ որոշում՝ ով կանչվի հարցաքննության, ով չկանչվի․ վարչապետը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին
Այսօր Դիլիջանի միջազգային դպրոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, որի կոռուպցիոն սխեման օրերս բացահայտել էր Ազգային անվտանգության ծառայությունը։



«Ես ոչ մի մեկնաբանություն չեմ անի, որը կարող է մեկնաբանվել որպես նախաքննությանն ուղղորդելու որևէ փորձ։ Նախաքննությունը կտա բոլոր հարցրեի պատասխանը»,-ասաց վարչապետը՝ չհստակեցնելով, թե ովքեր կարող են պատասխանատվության ենթարկվել։



Hraparak.am-ը նկատեց, որ այդ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությունը հիմանդրվել է Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և տրամաբանական է ու նաև նման տեղեկություններ կան, որ այդ կոռուպցիոն սխեման հենց իր՝ երկրի բարձրագույն իշխանության իմացությամբ է գործել։ Ուստի հնարավո՞ր է հարցաքննության կանչվեն նաև նախորդ իշխանության ղեկավարները։



«Ես չեմ որոշում՝ ով կանչվի հարցաքննության, ով չկանչվի։ Դրա համար կան ընթացակարգեր, և քննիչները կորոշեն»-ասաց նա։



**-Այսինքն՝ այդ գումարները, ենթադրվում է, որ հասել են նաև ամենավերևներին։**



-Եթե Դուք տեղեկություններ ունեք, ասեք, ես չեմ կարող նախաքննության ընթացքի վրա ազդող հայտարարություններ անել։



**-ԱԱԾ-ն նման տեղեկություններ չունի՞։**



-Ես չեմ կարող նախաքննության ընթացքի վրա ազդող որևէ հայտարարություն անել։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**