ԵՊՀ-ն փորձում է զարգացնել տուրիզմը

ԵՊՀ-ն փորձում է զարգացնել տուրիզմը
Այսօր ԵՊՀ-ում ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ գիտագործնական քննարկում ծավալվեց՝ «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում» խորագրով։ Ըստ ԵՊՀ տարածած հայտարարության՝ քննարկմանը պետք է ներկա լիներ նաև քաղաքապետ Տարոն մարգարյանը, սակայն նա չէր ներկայացել։ Հարց է առաջանում, թե ի՞նչ աղերս ունեն միմյանց հետ ԵՊՀ-ն ու զբոսաշրջությունը։ Ռեկտոր Արամ Սիմոնյանը իր բացման խոսքում մանրամասնեց․



«Մենք այսօր ներկա ենք մի քննարկման, որի խորագիրն է «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում»։ Մեր՝ բոլորիս համոզմամբ՝ սա մի շատ կարևոր և այսօր կենսական նշանակություն ունեցող մի թեմա է, որը անմիջականորեն կապված է մեր հանրապետության տնտեսական զարգացման, նրա միջազգային ճանաչման և քարոզչության հետ։ Եվ վերջին հաշվով մենք շատ լավ հասկանում ենք, որ զբոսաշրջությունը այսօր ծառայությունների այն ոլորտն է, որը աշխարհում գրավում է երևելի տեղ, և բոլոր երկրները նախանձախնդիր են իրենց մոտ այս ծառայության տեսակը զարգացնելու, որովհետև այն իր հետ բերում է ոչ միայն եկամուտներ, այլ նաև բերում է նոր աշխատատեղեր, նոր ճանապարհների կառուցում և վերջապես նոր մշակույթ։ Շատ կարևոր եմ համարում, որ այս խնդրի քննարկումը անցկացնում ենք հենց ԵՊՀ-ում, որովհետև, ինչպես գիտեք, մեզանում կա սերվիս մասնագիտությունը և համապատասխան ստորաբաժանում և ամբիոն, որը հենց զբաղվում է այս ոլորտում կադրեր պատրաստելու խնդրով»։



Քննարկմանը չէր ներկայացել նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։ Նրա փոխարեն քննարկմանը մասնակցեց առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը։



«Կարևոր է կրթական համակարգում պահանջարկին համապատասխանող կադրերի պատրաստման խնդրի լուծումը, դա նշանակում է առնվազն ապահովել կրթական ծրագրերի չափորոշիչների մշակման գործընթացը՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Կարևորվում է նման հանդիպումները ուսանողության հետ, նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելը, նրանց երկրի քաղաքականությունը ներկայացնելը, առկա խնդիրների համատեղ քննարկելը և նաև մի շատ կարևոր բան ՝ այսօր կրթական հաստատությունները միայն մեկ կրթական գործառույթ չպետք է իրականացնեն, դրանք պետք է կարողանան հանդիսանալ որպես գիտավերլուծական կենտրոններ»։



Հավելենք, որ հանդպման ընթացքում զեկույցներով հանդես եկան Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը և նույն ֆակուլտետի սերվիսի ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը։