ԵՊՀ-ում մարտի 1-ի դեպքերի մասին չեն լռում (լուսանկարներ, տեսանյութ)

ԵՊՀ-ում մարտի 1-ի դեպքերի մասին չեն լռում (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր՝ մարտի 2-ին, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի մասին պատմող փաստագրական ֆիլմ ցուցադրվեց։ Ֆիլմի դիտումը կազմակերպել էին նույն ֆակուլտետի ուսանողներ Հայարփի Բաղդասարյանն ու Ռուբեն Բանուչյանը։ Հայարփի Բաղդասարյանի խոսքով՝ ֆիլմի ցուցադրման նպատակը մարտի 1-ի 10 զոհվածներին հարգանքի տուրք մատուցելն էր․



«Ֆիլմը ստեղծվել է 2011 թվականին և փաստագրում է 2008 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող դեպքերը։ Ինչի՞ համար որոշեցինք ֆիլմի դիտում կազմակերպել։ Արդեն 10 տարի է անեցել։ Դա երկար ժամանակահատված է, և մենք պիտի ինչ-որ մի ձևով մեր հարգանքի տուրքը մատուցեինք զոհերին։ Իսկ համալսարանում անտարբերությունը, համալսարանում լռելը մարտի 1-ի մասին, կարծում եմ՝ ճիշտ չէ։ Ըստ իս՝ ինչ-որ չափով մեզ հաջողվեց մարդկանց տեղեկացնել էս չարաբաստիկ միջադեպի մասին»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողուհին։



Նշենք, որ ֆիլմը բավականին հանգամանալից կերպով ներկայացնում էր դեպքերի ողջ ընթացքը, և որպես տեղի ունեցածի մեղավորների նշում էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի անունները։ Ուստի ուսանողուհուն հարց ուղղեցին, թե որևէ խոչընդոտի չի՞ հանդիպել դիտումը կազմակերպելիս՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Այս հարցին Հայարփի Բաղդասարյանը պատասխանեց հետևյալ կերպ․



«Կարծում եմ՝ արգելքների մասին մտածել չէր կարելի, որովհետև ֆիլմը հորինվածք չէ, այլ վավերագրություն է։ Այսինքն՝ այն կադրերը, որոնք ֆիլմում կային, իրական կադրեր են, մեկնաբանությունն էլ, եթե նկատեցիք, անաչառ էր։ Չեմ ասի, որ շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, բայց չեմ կարծում, որ որևէ խնդիր կառաջանա, քանի որ ԵՊՀ ռեկտորն ու պրոռեկտորները տեղյակ էին»։



Հավելենք, որ ֆիլմի ցուցադրմանը ներկա էին ուսանողներ տարբեր ֆակուլտետներից, հյուրեր և դասախոսներ։ Վերջում ուսանողուհու խնդրանքով՝ ներկաները հոտնկայս 1 րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը։



**Կորյուն Սիմոնյան**