Չորս մանկահասակ երեխաներին վտարում են տնից

Չորս մանկահասակ երեխաներին վտարում են տնից
Ռուզաննա Ղասաբօղլյանի 7 հոգանոց ընտանիքը բնակվում է Արարատի մարզի Այնթապ գյուղում։ 60 քմ մակերեսով տանը տիկին Ռուզանայի հետ մեկտեղ բնակվում են երկու դուստրերն ու 4 թոռները՝ 3 աղջիկ և 1 տղա։ Թոռներից ավագը 14 տարեկան տղան է։ Տիկին Ռուզաննայի խոսքով՝ իր 4 թոռների հայրը՝ ավագ դստեր ամուսինը տարիներ առաջ տան և 340 քմ կից հողատարածքի գրավադրմամբ Սամվել Սահակյան անուն-ազգանունով մեկից 4700 ԱՄՆ դոլարով մեքենա է գնում, որպես երաշխավոր էլ կանգնել է ոմն Ցոլակ։



Փեսան չի կարողացել վճարել մեքենայի գումարը և արտերկրում գումար աշխատելու ու մեքենայի պարտքը վճարելու պատրվակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և այլևս չի վերադարձել․ «Ով որ երաշխավոր էր կանգնել՝ Ցոլակը՝ էդ տղան, եկավ մեքենան տարավ, մասնատեց ու վաճառեց։ Մեքնայի տերը՝ Սամվել Սահակյանը՝ ումից որ փեսաս գնել էր մեքենան, Ցոլակին տվեց դատի, բայց քանի որ դատարանը նրան սնանկ ճանաչեց, Սամվել Սահակյանը իր գումարը փեսայիցս ուզեց։ Դատարանն էլ տունն ու հողատարածքը դրեց աճուրդի։ Սկզբում տունն ու հողամասը միասին գնահատվել էր 4000 դոլար, սակայն հետո ԴԱՀԿ-ն գալիս մեզ ասում է, որ սեփականությունը վաճառվել է 670 հազար դրամով, աճուրդի ընթացքում գինը իջել է։ Փաստորեն տունը վաճառվել է, ու մենք, փաստորեն, մնում ենք դրսում»,- ասում է տիկին Ռուզաննան։



Նա պատմում է, որ հանդիպել է հողատարածքը գնած անձի հետ՝ փորձելով կոմպրոմիսի գնալ, սակայն նրան ասել են, որ տունն ու հողամասն արդեն ուրիշ սեփականատեր ունեն․ «Հողը առնում ա Արմեն Ոսկանյանը։ Մենք գնում ենք Արմեն Ոսկանյանին խնդրելու, որ մենք իր գումարը տանք, ինքը մեր հողատարածքը ետ վերադարձնի։ Նա էլ ասում է, որ պարտք է Մարիա Դավթյանին ու, որպես փոխհատուցում, պետք է հողատարածքը տա նրան։ Նույն խնդրանքով դիմում ենք Մարիա Դավթյանին, նա էլ ասում է՝ ես գործ չունեմ, ես Գարիկին եմ լիազորել (Մարիա Դավթյանի քրոջ ամուսինն է), գնացեք այդ հարցով նրան դիմեք։ Գարիկին էլ խնդրում եմ, որ նույն գումարը, ինչքանով որ գնել են, ես վճարեմ, հողատարածքը մեզ մնա, ասում է՝ չէ, հողատարածքն արդեն արժե 5000 դոլար»։



Տիկին Ռուզաննայի խոսքով՝ հարևաններն իրեն պարտքով 2000 դոլար են տվել, որպեսզի կարողանա իր սեփականությունը պահել, սակայն Գարիկը իր պայմաններն է առաջ քաշել․ «Ինձ ասաց, որ Արմեն Ոսկանյանից 5000 դոլարի դիմաց է հողատարածքը վերցրել, եթե այդքան գումար ունեք, բերեք գնեք։ Դե, ես էլ որտեղից տամ, անապահով ընտանիք ենք, ես էլ 3-րդ կարգի հաշմանդամ եմ։ Տանը իմ 20 հազար դրամ թոշակն է, մեկ էլ երեխուս 40 հազար դրամ նպաստը։ Մի խոսքով հայտարարի չեկանք»։ Տիկին Ռուզաննայի խոսքով՝ իրենց կյանքը դժոխքի է վերածվել։ Մասիսի ոստիկանները պարբերաբար գալիս են, ստիպում, որ լքեն տունը, նույնիսկ բռնության են դիմել․ «Վերջին անգամ մի 10 օր առաջ են եկել, մոտ 20 հոգի ոստիկաններ էին։ Մեզ ասացին, որ անհապաղ տունը լքենք, նույնիսկ աղջկաս թևից էլ քաշեցին, աղջիկս էլ ուշաթափվեց, գլուխը խփեց գետնին։ Ես ուղղակի խնդրում եմ, որ ինձ օգնեն, որ հայտարարի գանք, մենք էլ ոչ մի տեղ չունենք գնալու»։ Հավելենք, որ ընտանիքը բնակվում է ծայրահեղ վատ պայմաններում, տունը գազիֆիկացված չէ, կոյուղի նույնպես չկա, ջուրը թափում են տան ետնամասում։ Էլեկտրականություն էլ չունեն, հարևանի ցանցից են միացրել, և լուսավորվում է միայն մեկ սենյակ։ Տունը վերանորոգված չէ։ Սենյակների հատակը, որտեղ քնում են մանկահասակ երեխաները, ամբողջովին թաց է։ Չնայած սոցիալական ծանր պայմաններին, երեխաները հաճախում են դպրոց և սովորում են բավականին լավ, ինչում մենք՝ ինքներս, համոզվեցինք։



Ցավալի է, որ մանկահասակ երեխաները տիկին Ռուզաննային հուշում էին բոլոր այն մարդկանց անուն-ազգանունները, որոնց դիմել է ընտանիքը իրենց միակ սեփականությունը պահպանելու համար։



**Կորյուն Սիմոնյան**