Amnesty International-ն հրապարակել է իր տարեկան զեկույցը

Amnesty International-ն հրապարակել է իր տարեկան զեկույցը
Հայաստանում կան խնդիրներ AI Միջազգային Համաներում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր 2017-ի տարեկան զեկույցը: Զեկույցում ներկայացված են աշխարհում նախ ըստ ռեգիոնների եւ ապա երկրների առանձնացումով, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վերաբերյալ տվյալներ, նկարագրված է ռեգիոնալ եւ ըստ պետությունների մարդու իրավունքների վիճակը: Հայաստանի հատվածում հիմնական խնդիրները մի քանիսն են:



Այսպես, նախ առանձնացվել է անպատժելիությունը, արդար դատաքննության իրավունքի հետ կապված խնդիրները, կարծիքի արտահայտման ազատության իրավունքի հետ կապված խնդիրները, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների իրացման հետ կապված խնդիրները եւ վերջապես, իրավապաշտպանների հետ կապված խնդիրները: Ինքնին հասկանալի է, որ այս զեկույցը կարեւոր է աշխարհում Հայաստանի վարկանիշի ձեւավորման համար եւ այս տեսանկյունից, այդ վարկանիշը բավականին տխուր վիճակում է: Հետաքրքիր է, որ Հայաստանում նույնիսկ ազգային փոքրամասնությունների տնտեսական սոցիալական եւ մշակութային իրավունքների նահանջ է գրանցվել:



Զեկույցում անդրադարձ կա ՊՊԾ հայտնի դեպքերի ժամանակ ուժի անհամաչափ կիրառման մեջ մեղավորների չպատժվելուն եւ տարբեր արատավոր երեւույթների դեմ պայքարող տեղական իրավապաշտպանների դեմ հարուցված գործերին եւս:



Ի դեպ, ուշագրավ է այն, որ ՄԻԵԴ վճիռները ընդդեմ Հայաստանի, երբ ուսումնասիրում ենք, բավականին թիվ են կազմում հենց արդար դատաքննության իրավունքի խախտման պատճառով կայացված վճիռները: Այլ է հարցը, թե այս զեկույցը իշխանությունները կընդունեն որպես սթափեցնող ազդակ, թե պարզապես մատերի արանքով նայելով կանցնեն առաջ:



**Տիգրան Վահանե**