Վարդան Սմբատյան. Քաոսի Աստված

Վարդան Սմբատյան. Քաոսի Աստված

***
Մեզ սովորեցրել են,   
մեզ սովորեցրել են երազել 
փակ աչքերով,  
մեզ սովորեցրել են 
նահանջել անվարան, 
հավատացնելով,
որ մեզնից բան դուրս չի գա…
մեզ սովորեցրել են,
պարտվել 
ծնված օրից, 
կրել` հպատակի զսպաշապիկ:
Մեզ սովորեցրել են ապրել`
վիրտուալ քաղցկեղով,
բութ որկրամոլությամբ,
թրենդներով ինֆանտիլ,
 
մեռնել են սովորեցրել 
հանուն փտած ճշմարտությունների, 
ծախած հայրենիքի:
Մեզ սովորեցրել են պաշտել դահիճ Աստվածներին
սովորեցրել են տառապել գոհունակ ժպիտով 
ուտել փսխուք ու սեւ հաց. 
սովորեցրել են վախենալ 
կռվից, 
սիրուց, 
մեքենաներից, 
սովից, 
գիշատիչներից, 
սատանայից, 
բարձրությունից ու ջրից կենարար, 
մեզ սովորեցրել են լինել բարեկիրթ ապուշ 
մեզ սովորեցրել են քաղաքակիրթ սպանել`
չգործածելով կեղտոտ ձեռքերը: 
Մեզ սովորեցրել են ապրել  
վրեժի գենոկոդով: 
Մեզ սովորեցրել են ատել անհասկանալին:
Ամեն բան ստեղծվել է մեզ բաժանելու համար,
սպիտակ, սեւ, դեղնամաշկ,
նատուրալ, գեյ, տրանս, ասեքսուալ, բիսեքսուալ,
Իքսգենդեր…
մսակեր, բուսակեր,
բողոքական, կաթոլիկ, ուղղափառ, 
բոլոր լեզուները, հատվող կամուրջները,  
համբույրները, փողոցները,
Ամենը…
Բաժան(վ)ում են 
սա է միակ բացարձակ ճշմարտությունը,
մենք թիրախում ենք
անորոշ` անըմբռնելի մի ողբերգության:
ժամանակը` չհագեցող հիպերսեքսուալ պոռնիկի պես 
քամում է մեր ուժերը 
ձգելով կնճռի շղարշը նվաղկոտ մարմիններիս վրա:
Մեր կյանքը չգիտակցված էվթանազիա է`
անընթեռնելի դեղատոմսերով:
Տիեզերագնացներ ուղարկեք գալակտիկաներ,
փորփրեք երկնային անդունդը,
գտեք մի կերպ 
քանի դեռ ուշ չէ,
սպանեք, 
սպանեք
քաոսի Աստծուն:


***

Հիմա
տեսնում եմ փակ աչքերով,
դիպչում եմ պատռված օզոնին,
լիզում եմ
դարչինն արեւի,
մի´ արի, Տե´ր,
մի´ արի:
Երկնային քո խցում ապահով,
զորավոր
գիսաստղեր նշմարիր։
Փտեց աշխարհը սեւ ճահճում 
գարշանքի:
Քո ձեռքով ստեղծեցիր վայրագիդ,
էլ ո՞ւմ ես փրկելու, Էլոհի´մ,
երկինք է հասել մահ-շղթան…

մի´ արի էլ Տեր
մի´ արի։

 

***
Պատմի՛ր ինձ, հո՛ղ`
ինչպես է փթթում ցողունը
ճաքերում
արնոտ արգանդիդ:
Մատնի՛ր ինձ, ծո՛վ,
մահվան առասպելները
անմեկնելի:
Ցողի՛ր ինձ, շա՛ղ,
լո՛ւյս, թափվի՛ր` 
հանց վանիլ
կույր մթնշաղին:
Ես կռճտացնում եմ գիշերվա
ողորկ դին ատամներիս տակ,
փշրված լուսնի բեկորներով գծում եմ
քարտեզը մահվան քաղաքի:
Պատմե՛ք ինձ, հողմե՛ր`
որտեղ է էդիպը,
ինչպես քայլեց Հիսուսը ջրերի վրայով,
պատմե՛ք, աստվածնե՛ր` ինչպես ստեղծեցիք
դիվային ծեսեր,
եւ ինչու գոյը, որպես չարչարանք,
թողիք մեզ էստեղ:
Ես պահանջում եմ քեզ բացվել, երկի՛նք՝
անհայտի օրրան,
անհատակ ճահիճ,
խոսի՛ր, եթե կաս,
դահի՛ճ-արարի՛չ:  
 

Լուսանկարը` Նառա Վարդանյանի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ