Քաղաքագրություն. Հաղթանակի Մոնումենտը

Քաղաքագրություն. Հաղթանակի Մոնումենտը
Հաղթանակի մոնումենտ ստեղծելու խնդիրը, որն առաջադրվեց ինձ, չուներ իր նախատիպը ճարտարապետական արվեստի գոյություն ունեցող գործերի մեջ: Դա պահանջում էր նոր մոտեցում, նոր ձեւերի որոնումներ. արձանը պետք է հնչեր նորովի, պատվանդանի ակտիվ մասնակցությամբ եւ նոր մեկնությամբ: Դա բխում էր նաեւ պատվանդանի չափերից, որ նշանակալիորեն ավելի մեծ պետք է լիներ՝ պարունակելու համար թանգարանի ծավալը: Այն բազմաթիվ քանդակային մոնումենտները, որոնք ունեն շատ դարերի ընթացքում որոշակի ձեւերով մշակված կերպար, չէին կարող ելակետ ծառայել իմ առջեւ դրված խնդիրը լուծելու համար, խնդիր, որ ուներ սկզբունքային կարեւորություն: Եթե ես մոնումենտի կոմպոզիցիան լուծեի ըստ գոյություն ունեցող հուշարձանների մեկնության, ապա դուրս կգար դրանց ծավալը մեքենայաբար մեծացրած մասշտաբազուրկ մի ստեղծագործություն: Այդ դեպքում դա կլիներ չափազանց վիթխարի մի պատվանդան, թեկուզեւ օգտագործելի ներքին ծավալներով: Չէ՞ որ գոյություն ունեցող մոնումենտների պատվանդանները մեկնաբանված են իբրեւ զանգվածներ, որոնք հակասության մեջ չեն մտնում իրենց բացարձակ չափերի հետ: Իսկ այս դեպքում, պատվանդանի զանգվածը պահանջվող չափերի հասցնելով, մենք կունենայինք անբնականորեն վիթխարի մի ծավալ:



Այսօրինակ կառույցն անպայման կթողներ ահռելի զանգվածի տպավորություն, բայց՝ մոտիկից նայելուց հետո միայն, մինչդեռ մեծ տարածության վրա կկորցներ իր բացարձակ չափերը՝ դառնալով սովորական չափերի քանդակային մոնումենտ: Ես հանգեցի այն եզրակացությանը, որ պատվանդանը պետք է մեկնաբանել իբրեւ մի ծավալ, որի ձեւերի մեջ զգացվեր զանգվածի ոչ թե միաձույլ լինելը, այլ ներքին տարածությունը եւ միաժամանակ այդ ծավալը չկորցներ իր հիմնական դերը, այն, որ դա պատվանդան է արձանի համար: Ուրեմն պետք է գտնվեր նրա նոր արտահայտությունը, սովորական պատվանդանի եւ ծավալային կառույցի միջինը, որի մեջ զգացվեր իր իսկական չափը: Պետք էր ստեղծել այնպիսի կառույց, որի դերը գլխավորապես արտահայտվեր արձանը կրելու մեջ: Այլապես դուրս կգար թանգարանային սովորական մի շինություն, որ կլիներ Խորհրդատուների տան հիանալի նախագիծը: Կառույցի զգացողություն տվող պատվանդան ստանալու համար ես դա բաժանեցի ծավալների ե՛ւ ուղղաձիգ, ե՛ւ հորիզոնական ուղղություններով: Դրա շնորհիվ պատվանդանը ձեռք բերեց ներքին մասնատում ունեցող կառույցի ձեւեր: Այդ մասնատման միջոցով, առանց բազմաթիվ դետալների, ընդհանրացված ձեւերով ես պատվանդանին տվեցի հարկավոր տեսքը: Չափերն ընդգծելու, այսինքն՝ մասշտաբ ստեղծելու համար ծավալները մասնատված են այնպես, որ դրանք իրենց համաչափություններով արտացոլեն հարկերի չափերը: Մասշտաբ ստեղծելու լրացուցիչ օժանդակ էլեմենտներն էին քիվերը, աստիճանները եւ մուտքերը՝ գլխավոր առանցքով ու կողքերից: Պատվանդանի մասշտաբայնության շնորհիվ երեւան եկավ նաեւ արձակի չափը, որ ջանում էի գտնել աշխատանքիս ամբողջ ընթացքում: 



Նյութի եւ նրա գույնի ընտրությունը եւս կարեւոր խնդիր էր մոնումենտի լուծման մեջ: Ընտրված քարի մուգ դարչնագույնը մասշտաբի առումով ճիշտ էր լուծում մոնումենտի եւ բնական բարձունքի համադրությունը: Ավելի բաց գույնը պատվանդանն ուժեղ կերպով կառանձնացներ շրջապատի բնությունից, եւ նա կկորցներ իր մասշտաբը, մի բան, որ աննպաստ կլիներ մոնումենտի համար: Մուգ գույնը, բացի լավ ուրվագծից, հարկավոր էր նաեւ մոնումենտի եւ լեռան ճիշտ հարաբերության համար: Այդ գույնն ընտրելու երրորդ պատճառը հետեւյալն էր՝ բարձունքի բնական կոլորիտը, կանաչի հետ միասին հիանալի համադրություն կազմելով, թողնում է այն տպավորությունը, թե մոնումենտն աճում է հենց լեռան միջից, ասես նրա շարունակությունն է:



Մոնումենտը լավ է դիտվում հեռու տարածությունից եւ քաղաքի բազմաթիվ կետերից՝ թե՛ ցածրադիր մասերից, թե՛ այն վայրերից, որոնք անմիջաբար շրջապատում են մոնումենտը: Կոմպոզիցիոն գլխավոր կողմնորոշումը, որով տեղադրված է մոնումենտը, առանցքով դեպի մոնումենտը ձգվող պողոտան է:



 



**Ռ. Իսրայելյան, «Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ»**



Պատրաստեց՝ **Արամ ՊԱՉՅԱՆԸ**