Մանր ճանճերին նախատում է, մեծ ճանճերին՝ հովանավորում

Մանր ճանճերին նախատում է, մեծ ճանճերին՝ հովանավորում
Ո՞վ կամ ովքե՞ր են գրում Սերժ Սարգսյանի ելույթների տեքստերը, ինֆորմացիայի, վիճակագրության ի՞նչ աղբյուրներից են նրանք օգտվում, ի՞նչ արժեքներ են դավանում, առո՞ղջ են, թե՞ հիվանդ, ի՞նչ գրքեր են կարդում, ի՞նչ են խմում, ուտում կամ ծխում նրանք երկրի առաջին դեմքի ելույթների տեքստերի վրա աշխատելիս: Ահա այս եւ այսօրինակ այլ հարցեր են առաջանում յուրաքանչյուր միջին վիճակագրական, բանական քաղաքացու մոտ, ով ունկնդրում է Բաղրամյան 26-ից մատակարարվող ելույթներն ու դրանցից հետեւություններ անելու փաստի առաջ կանգնում: Շատ կարեւոր մի հանգամանք եւս. արդյո՞ք երկրի նախագահը լիովին կիսում է այն գաղափարները, հորդորներն ու խրատները, թվերն ու կանխատեսումները, որոնք այդ տեքստերի հեղինակներն իր իսկ շուրթերով հրամցնում են հանրությանը: Չնայած այս հարցը հունից հանում է կարկառուն ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին, սակայն դրանից հարցի ակտուալությունը չի կորչում, այլ ավելի հնչեղ է դառնում Սերժ Սարգսյանի՝ հատկապես Դիլիջանում ունեցած հայտնի նախատիչ ելույթից հետո:



 Դրա հեղինակները, թիրախավորելով գող, ավազակ, խարդախ ու այլ անամոթություններով «ձեռքները կեղտոտող» համայնքապետերին, Սերժ Սարգսյանին ակամա դրել են անհարմար դրության մեջ՝ նրան ներկայացնելով որպես այդ անամոթությունները հանդուրժած, պարտակած, իմա՝ դրանց մեղասակցություն ունեցած գործիչ: «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»,- իր ելույթում մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը: Գթասիրտ ճորտատիրոջ դիրքերից հնչեցրած նախատինքի այս խոսքերն անցած երկու օրերին օնլայն հարթակում տարբեր կերպ են մեկնաբանվել, յուրաքանչյուրը, ինչպես ասում են՝ մեկնաբանել է իր կարդացածության ու փչացածության չափով: Թերեւս արժե մեջբերել իմաստունների՝ աֆորիզմային ճշմարտություն դարձած խոսքերը, որոնք լավագույն ախտորոշումն են այն իրավիճակի, որը նկարագրված է Ս. Սարգսյանի ելույթում:



Ոչ մի բան այնպես չի քաջալերում արատը, ինչպես ավելորդ ներողամտությունը: **Շեքսպիր**



Ով չի պատժում արատը, նա դրա մեղսակիցն է: Ով չի պատժում չարիքը, նա նպաստում է չարիքի իրագործմանը: Լեոնարդո Դա **Վինչի**



Ով պաշտպանում է մեղավորին, նա ինքն իր նկատմամբ մեղադրանք է հարուցում: Ով ներողամիտ է վատ մարդկանց նկատմամբ, նա վնասում է լավերին: **Պուբլիլիոս Ասորացի**



Հանցագործության մեծագույն խրախուսումը անպատժելիությունն է: **Ցիցերոն**



 Ամեն մի խաբեբա հույսը դնում է այն անձի վատ հիշողության վրա, ում պետք է խաբի: **Յ. Ֆուչիկ**



Ահավոր հանցագործություններն իրենց հետեւից բերում են ահավոր հետեւանքներ: **Ա. Ի. Գերցեն**



Գողանալու հնարավորությունը ստեղծում է գողի: **Ֆ. Բեկոն**



Ով լիազորված է կանխել հանցագործությունը, բայց դա չի անում, նա երաշխավոր է կանգնում հանցագործի համար: **Սենեկա**



Պատժված հանցագործն օրինակ է բոլոր սրիկաների համար: Անմեղ դատապարտվածը բոլոր ազնիվ մարդկանց խղճի հարցն է: **Ժ.** **Լաբրյուրեր**



 Օրենքը սարդոստայն չէ, որի միջից խոշոր ու ճարպիկ ճանճերը ճեղքում-դուրս են գալիս, իսկ մանրերը լռվում-մնում են: **Օ. Բալզակ**



 Նա, ով պատրաստվում է ուրիշներին դատել, պիտի առաքինի լինի այնքան, որ ուրիշներին դատելու արժանի լինի: **Ու. Իրվինգ**



Եվ, վերջապես, աստվածաշնչյան հայտնի իմաստնությունը նույնպես արժե հիշեցնել. «Ինչո՞ւ քո եղբոր աչքի մեջ շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջ գերանը չես տեսնում. կամ ինչպե՞ս ես քո եղբորն ասում՝ թո՛ղ որ հանեմ այդ շյուղը քո աչքից, եւ ահա քո աչքում գերան կա։ Կեղծավո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա հստակ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Ավետարան՝ ըստ Մատթեոսի)։



**ՀԳ**. Սերժ Սարգսյանը «մանր ճանճերին»` համայնքապետերին մեղադրում է բնակչության փողերը տուն տանելու մեջ, սակայն նույն այդ արարքից զերծ չեն նաեւ նրա մերձավոր շրջապատի «մեծ ճանճերն» ու պետական մյուս պաշտոնյաները, ովքեր առասպելական հարստություն են դիզել ու կասկածելի ծագմամբ մուլտիմիլիոնատերեր դարձել:



 



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**