Լավ չի, երբ «Գարդասիլը» գովազդում է Վարդանանց կենտրոնի բժշկուհին․․․

 Լավ չի, երբ «Գարդասիլը» գովազդում է Վարդանանց կենտրոնի բժշկուհին․․․
«Գարդասիլի» հետ կապված հասարակական անվստահություն կա։ Ցանկացած քայլ, որ պիտի կատարվի վերևների հրահանգով, հանրությունն ընդվզում, կասկածում է։ Դա խորքային երևույթ է։ Այն կապել ապատեղեկատվության հետ, պրիմիտիվ մոտեցում է։



Ինքս դրական կամ բացասական առումով որևէ բան չեմ կարող ասել։ Բայց մի բան կարող եմ ասել, որ ճշմարտություն է։ Եթե մարդը չի հավատում բուժող բժշկին, անհնարինն էլ անի բժիշկը, հիվանդը չի բուժվի։ Առավել ևս, եթե դեղը նրա համար սարսափելի է, այն, լավն էլ լինի, թույն կդառնա։



Նման պարագայում մի բան է մնում։ Համապատասխան մասնագետների միջոցով դասընթացներ կազմակերպել, փորձել մարդկանց մեջ, համապատասխան հիմնավորումներով կոտրել անվստահության սառույցը։ Ցանկացած դեղ, այն էլ արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելող  դեղը, ունի իր կողմնակի ազդեցությունը։ Ո՞րն է նրա կողմնակի ազդեցությունը։



Շատ պրիմիտիվ քայլ է ընտրվել։ Ընդհանուր անվստահության, մթնոլորտի անհավատության ֆոնի վրա Վարդանանց բժշկական կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը նշում է, որ երբ իմացել է` Հայաստանում պետք է սկսեն պատվաստել պապիլոմայի դեմ, որոշել է, որ իր դուստրը պետք է անպայմանորեն պատվաստվի․



«Լինելով մանկաբույժ և իմանալով` ինչ պատվաստումներ կան աշխարհում, որոնք պաշտպանում են երեխաներին, բայց, ցավոք, հասանելի չեն Հայաստանում, որոշեցի գոնե այս հնարավորությունից օգտվել: Ինչ վերաբերում է «Գարդասիլի» շուրջ պտտվող խոսակցություններին, ապա պետք է ասեմ, որ դրանք ուղղակի ապատեղեկատվություն են: Կան ապացուցված փաստեր, որ «Գարդալիսն» ամենևին էլ առասպելների հետ որևէ առնչություն չունի: Պարզ է, չէ, որ ոչ ոք` հանձինս ինձ, որպես մայր ու բժիշկ` չի ուզի վնասել իր երեխային» Yerkir. am



Խոսում է Վարդանանց կենտրոնի բժշկուհին, երբ այդ կենտրոնը, ինչքանով տեղյակ եմ, Առողջապահության նախարարինն է։ Մարդիկ կհավատա՞ն նրա խոսքին, երբ վերևներին չեն հավատում ու բժշկությունը նույնացնում են բիզնեսի հետ․․․



Այդ սառույցը պետք է կոտրել և ոչ թե առանձին բժիշկների միջոցով գովազդային տեսահոլովակներ թողարկել․․․



Հասմիկ Բաբաջանյան