Դպրոցը պիտի տարբերվի անասնագոմից

Դպրոցը պիտի տարբերվի անասնագոմից
Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչներն արդեն երկրորդ օրն է՝ արգելում են իրենց երեխաներին դպրոց գնալ: Փոխարենն իրենք են գնում ու ժամերով կանգնում դպրոցի բակում, որ մարզպետարանից մեկը գա ու լսի իրենց: Իսկ պահանջը շատ մարդկային է, արդարացի:



Ուզում են, որ կրթօջախը, որտեղ սովորում են իրենց երեխաները, տարբերվի անասնագոմից: Իսկ դպրոցն անգամ զուգարան չունի: Եղածն էլ բակում գտնվող, առանց կոյուղագծի պապենական զուգարանն է, որից օգտվում են թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները: Ում տունը մոտ է, կարիքները հոգալու համար տուն են գնում: Երեկ դպրոցի 256 աշակերտից դպրոց է հաճախել 53-ը։



Հին ու խարխուլ դպրոցը թեեւ վառարաններով է տաքացվում, բայց իրարահան եղած դուռ-լուսամուտներից ցուրտն ազատ ելումուտ է անում: Մի այլ խնդիր է վառելանյութը, որի ծանր հոտից երեխաներն օրերով ուշքի չեն գալիս: «Երեխաս տուն է գալիս գլխացավով եւ ուռած, կարմրած աչքերով: Վառելիքի հոտն արդեն մաշկի մեջ է մտել, լողանալուց հետո էլ դուրս չի գալիս»,- ասաց Արմեն Նազարյանը:



Ծնողներին վիրավորում է կառավարության եւ Արմավիրի մարզպետարանի անտարբերությունն իրենց խնդրին: «Մենք էս պետությանը հարկ ենք տալիս, որ մի բան էլ մեր գյուղերին ու դպրոցներին ուղղվի: Բայց պարզվում է՝ դպրոցը, հատկապես գյուղական, երկրի ղեկավարներին պետք չէ: Ինչի՞ պիտի մեր վճարած հարկերով Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցության պարտքը մարեն, իսկ մեր երեխաները ծակ տանիքի տակ դաս անեն: Էդ 2 մլն. դրամով կարելի էր դպրոցը նորոգել, ջեռուցում անցկացնել, որ երեխաները չհիվանդանային»,-իրար հերթ չտալով՝ ասում էին Ջրառատի բնակիչները:



Դպրոցի երիտասարդ տնօրենը 3 ամիս առաջ է ընտրվել այդ պաշտոնում: Համաձայն է, որ խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում, բայց համաձայն չէ, որ իրենց ձայնը լսելի դարձնելու համար ծնողները ծայրահեղ տարբերակն են ընտրել: «Երեխաներն են տուժում, կրթական ծրագրից ետ են ընկնում»,- ասաց տնօրեն **Նարեկ Զաքարյանը**: Հասկանալով, որ բողոքի իրենց ընտրած ձեւը որեւէ իշխանավորի չի անհանգստացնում, համայնքի բնակիչները որոշեցին փակել Մարգարայի խճուղին: Իսկ երբ տեղեկացան, որ խնդրի մասին մարզպետը զեկուցել է վարչապետին եւ ստացել միայն ջեռուցման խնդիրը լուծելու կարգադրություն, ավելի զայրացան: «Էդ ճաքած պատերով դպրոցը ո՞նց են տաքացնելու, եթե ծակերը փակելու խնդիրը չեն ուզում լուծել»:



Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ **Գայանե Սայադյանը** մեզ ասաց. «Դպրոցը համայնքային սեփականության շենք էր, մեծ պայքարով մենք պահել ենք մեր հոգածության տակ: Արդեն 2 տարի է, որ կարողացանք էնպես անել, որ թռնչաֆաբրիկայի տնօրինությունը շենքը նվիրի համայնքին: Համայնքն էլ ավագանու որոշմամբ արդեն նվիրում է պետությանը: Պետք է դառնա պետական հիմնարկ, որ կարողանանք դրա վրա ինչ-որ բան կառուցել: Հետ է մնացել վերանորոգումից: Դպրոցը չունի լիցենզիա, ուղղակի աշխատում է, դասասենյակներն իրար մեջ են: Այս պահին բոլոր ջանքերը ներդնում ենք դպրոցում ջեռուցում ապահովելու համար: Դպրոցի տնօրենին նոր հանձնարարել ենք մի քանի հատ կոնդիցիոներ գնի, միացնի միջանցքներում, հեղուկ վառելիքով էլ դասասենյակները կտաքանան»:



**Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ**