Դպրոցում ցուրտ է, անգամ սանհանգույց չկա.

Դպրոցում ցուրտ է, անգամ սանհանգույց չկա.
Արմավիրի մարզի Ջրարփիի միջնակարգ դպրոցի 256 աշակերտներից այսօր դպրոց են հաճախել 53-ը: Աշակերտների ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկել, պատճառը շենքային անմխիթար պայմաններն են եւ ջեռուցումը. «Տարիներ շարունակ նույն վիճակն է: Դասասենյակները ցուրտ են, դպրոցում սանհանգույց չկա, ձմռանը երեխաները զուգարան գնալու համար դուրս ու ներս են անում: Իսկ դրսի զուգարանների սանիտարական վիճակի մասին էլ չենք ասում: Ում տունը մոտ է, երեխաները իրենց կարիքներ հոգալու համար տուն են գալիս: Թող մի լուծում տան, երեխաները մեղք են, ոչ ոք չի մտածում նրանց մասին»,-բողոքում են ծնողները: Դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ անգամ 1 երեխա էլ լինի, դասապրոցեսը չի խաթարվի. «Ծնողները դժգոհում են շենքային պայմաններից: Շենքը վատ վիճակում է, մինչեւ ուրբաթ օր նորմալ դասապրոցես է եղել, այսօր 256 աշակերտից 53-ն են դպրոց եկել, 200 աշակերտ բացակայում են: Ծնողներն ասում են, որ ձմռանը շատ ցուրտ է լինում դպրոցում: Այս պահին վառարանները վառվում են հեղուկ վառելանյութով: Ամսի 15-ից վառվում են վառարանները, պատուհանները ցելաֆոնապատել ենք: Ես նոր տնօրեն եմ, դեռ չգիտեմ՝ ինչպես է լինելու, բայց որ այս պահին վառարանները վառվում են, տաք են դասասենյակները, դա փաստ ա: Սանհանգույցը դրսում է տղաների եւ աղջիկների համար: Եթե 1 հոգի էլ լինի, պետք է դասը արվի»:



Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը խնդրի հետ կապված ասաց. «Դպրոցը համայնքային սեփականության շենք էր, մեծ պայքարով մենք պահել ենք մեր հոգածության տակ: Արդեն 2 տարի է, որ կարողացանք էնպես անել, որ թռնչաֆաբրիկայի տնօրինությունը շենքը նվիրի համայնքին: Համայնքն էլ ավագանու որոշմամբ արդեն նվիրում է պետությանը: Պետք է դառնա պետական հիմնարկ, որ կարողանանք դրա վրա ինչ-որ բան կառուցել: Լավ, հասկացանք, համայնքային սեփականություն է եղել, եւ հետ է մնացել վերանորոգումից: Դպրոցը չունի լիցենզիա, ուղղակի աշխատում է, դասասենյակները իրար մեջ են: Այս պահին բոլոր ջանքերը ներդնում ենք դպրոցում ջեռուցումը ապահովվելու համար: Դպրոցի տնօրենին նոր հանձնարարել ենք մի քանի հատ կոնդիցիոներ գնի, միացնի միջանքներում, հեղուկ վառելիքով էլ դասասենյակները կտաքանան»: Ըստ Գայանե Սարդարյանի՝ մարզում 15 դպրոցներ հեղուկ վառելիքով են ջեռուցվում:



**Նելլի Կարապետյան**