Բաց նամակ` Սամվել Ալեքսանյանին

Բաց նամակ` Սամվել Ալեքսանյանին

Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան:



Մինչ նամակիս բուն բովանդակությանն անցնելը, թույլ տվեք մի երկու խոսքով հարցնել Ձեր որպիսությունը: Լա՞վ եք, գործերը լա՞վ են, ամռանը լա՞վ հանգստացաք:



Ես էլ եմ լավ, փառք Աստծո, դե ոչինչ, յոլա ենք գնում Ձեր խանութներից առևտուր անելով: «Երևան սիթիի» հավատարիմ հաճախորդ եմ: Ամառն էլ լավ էր, մի քանի օր կարողացա հանգստանալ:



Վայ, կներեք, մոռացել էի, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը Ձերը չէ: Բայց, ամեն դեպքում, եթե չեմ սխալվում, Դուք մեծ ազդեցություն ունեք այդ ցանցի վրա:



Ինչո՞ւ հանկարծ որոշեցի գրել Ձեզ: Բացատրեմ:



Պարոն Ալեքսանյան, մեր հայրենակիցների այն հատվածը, որ բնակվում է Տիգրան Մեծի պողոտայի վրա գտնվող «Երևան սիթիի» բակի կողմում, այս խանութի բացման օրից տեռորի է ենթարկվել: Նրանց տները խանութից բաժանող նեղլիկ փողոցը ի վիճակի չէ այնքան բեռնատար ու կիսաբեռնատար ընդունել, որքան ամեն օր գալիս-լցվում են այդ բակը: Տարոն Մարգարյանի ասֆալտի հերն անիծեցին, դեռ ոչինչ, մինչև հաջորդ ընտրություն շատ ժամանակ կա, բայց օրվա մեծ մասն այդ փողոցը փակվում է, նույնիսկ մարդիկ չեն կարողանում անցուդարձ անել: Էլ չեմ խոսում երթևեկության մասին, որ միշտ կաթվածահար վիճակում է:



Հիմա կասեք` եթե երթևեկության հետ է կապված` դիմեք ՃՈ-ին: Դիմել ենք: Չի օգնում: Համ էլ ՃՈ-ն այսպիսի ծանր դեպքերով չի զբաղվում: Նրանց թողնես` ասմունքող որսան, էն էլ` կին: Բայց նույնիսկ դա չեն կարողանում նորմալ անել: Ասա` որ կնոջ հետ խոսել չգիտեք, ինչո՞ւ եք քիթներդ մտցնում ձեզ չվերաբերվող գործերի և մասնավորապես արվեստի ու գրականության մեջ:



Էն էի ասում` այդ հսկա խանութում, փաստորեն, մի աշխատող չկա, որ կարգավորի ապրանք բերող ավտոմեքենաների հոսքը, գրաֆիկ, հերթ սահմանի: Ամեն ինչ թողել են «գռուզավիկի շոֆեռների» վրա, դե նրանք էլ, գիտեք, ինչպես ու ինչով են մտածում: Սիգնալ են տալիս պատուհանների տակ, իրար առաջ կտրում: Նրանց հետ ամեն օր կռիվ ենք անում, բայց նրանք մեզ են մեղադրում. «Մեր հացին վայիս ե՞ք, կարող ա՞ ձեր խաթեր չըպըտի աշխտենք»: Մինչև այսօր համբերել ենք, մտել խանութի և մատակարարների վիճակի մեջ, բայց այլևս հնարավոր չէ հանդուրժել այդ պոռնոգրաֆիան:



Մի քանի օր առաջ Վադդուշ տոտան պետք է օդանավակայան գնար: Մոսկվա էր թռչելու` տղայի մոտ: Ուրեմն կուտակված մեքենաների պատճառով չէին կարողացել դուռը բացել, որ կինը դուրս գա դարպասից: Ճանապարհը փակած մեքենայի վարորդին չէին գտնում: Ոշացավ խեղճ կինը ու թեև հարևանների հետ խոսելիս ասում է` կարևորը կորցրածս փողը չէ, այլ մարդկությունը, միևնույն է, մարդը փող կորցրեց ուրիշի մեղքով, չէ՞:



Մի օր էլ լուր տարածվեց, որ Սարգիս պապը մեռնում է: Շտապօգնություն էին կանչել: Խեղճ բժիշկը փողոցի ծայրից էր միայն հեռախոսով կապ հաստատել հիվանդի հարազատների հետ, որոնք փոխանցել էին Սարգիս պապի բոլոր գանգատները: Փորկապ է, բան չկա, լուծողական տվեք` ասել էր բժիշկը: Լավ էր` դիագնոզը հաստատվեց ու Սարգիս պապը փրկվեց այն աշխարհ գնալուց:



Ահա այսպիսի բաներ են պատահում «Երևան սիթի»-ի պատճառով: 



Ի դեպ այդ բակում նաև հիմնարկներ ու կազմակերպություններ կան, որոնք աշխատում են: Պարտավո՞ր են, արդյոք, նրանք իրենց աշխատանքը հարմարեցնել փողոցի փակ ռեժիմի հետ: Քանի դեռ շինարարություն էր ընթանում, բոլորն ըմբռնումով էին մոտենում հարցին: Բայց հիմա ի՞նչ անեն: Ի՞նչ անի գնումներով ծանրաբեռնված կինը, որ երեխայի հետ այս արևին կանգնում, սպասում է, թե երբ «Ford»-ի վարորդը կդատարկի ձուկը, որ ճանապարհ բացի:



Պարոն Ալեքսանյան, քանի դեռ չեք մտել աշխատանքի եռուն շրջան, խնդրում ենք մի օր այցելել Մհեր Մկրտչյան փողոց և սեփական աչքով տեսնել այն ամենը, ինչի մասին քիչ առաջ կարդացիք:



Բնակիչների և, իհարկե, իմ անունից`



Էդիկ Անդրեասյան