Կցանկանային՝ մշակույթի նախարարության կողմից հիմնված օգնություն լիներ

Կցանկանային՝ մշակույթի նախարարության կողմից հիմնված օգնություն լիներ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Վայոց ձորի Խաչիկ սահմանամերձ համայնքում տեղի է ունեցել Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» ֆիլմի հայաստանյան պրեմիերան։ Մինչ ֆիլմի ցուցադրությունը, ֆիլմի դերասանական կազմը և ռեժիսորը ասուլիսին պատասխանեցին լրագրողների հարցերին։



«Հայաստանում շատ վատ վիճակի մեջ է մշակույթ առաջացնելու կարելիությունները, և նյութական բոլոր օժանդակություններն իշխանության կողմից և այլ հաստատությունների կողմից վատանում են, դուք ձեր օրինակով մասնակցեցիք զարգացնելու մեր Հայաստանի մշակույթը։ Ոչ թե միայն սահմանն եք պաշտպանում, նաև մեր մշակույթը»,- դիմելով Խաչիկ համայնքի բնակիչներին՝ ասաց Արսինե Խանջյանը, ում խոսքերով՝ հավասարապես պետք է պաշտպանել թե՛ մեկը, թե՛ մյուսը։



«Մշակույթ պետք է պաշտպանել ժողովուրդ ունենալու համար։ Ժողովուրդ էլ կարող ենք ունենալ, եթե ժողովուրդն էլ մնա իր հողերի վրա, եթե ժողովուրդը մնա Խաչիկի մեջ, որովհետև գոհ է և կարող ապրել ուրախ»․- Արսինե Խանջյանի այս խոսքերը լրացրեց ռեժիսոր Սերժ Ավետիքյանը․ «Եվ մենք կարողանանք Փարիզից և Տորոնտոյից առանց վախենալու գալ Հայաստանում աշխատելու»։



Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք վախեր ունեցե՞լ են գալ Հայաստան․ «Վախենում եմ, որ որոշ բաներ՝ ազատ արտահայտվելու և հանգիստ այդ գործն անելու համար մի քիչ փախստական վիճակում լինել հիմա, որովհետև մենք աշխատում ենք որքան կարողանում ենք բոլորս միասին։ Կցանկանայի շատ, որ մշակույթի նախարարությունը, որ արտաքին գործերի նախարարությունը, որ պետության կողմից այսպես ոչ թե օդից կախված օգնություններ լինեն, այլ լինեն իսկապես հիմնված օգնություն այն ֆրոնտացիաների համար, որոնք գործ են անում և՛ դրսի համար, և՛ ներսի համար։ Եվ ես զգում եմ, որ այդ գործն այդքան էլ հեշտ չի արվում։ Ես կցանկանայի, որ այդ ոլորտում, ինչպես Արսինեն ասաց, մի քիչ ավելի զարգացման պրոցես ապրեր, ինչպես ապրել է որոշ ժամանակաշրջանում»։