Գյումրիի շենքերը նոր գույն են ստացել

Գյումրիի շենքերը նոր գույն են ստացել

Արդեն ավարտին են մոտեցել Գյումրու բազմաբնակարան շենքերի վերանորոգումները: Այս նպատակով ավագանին դեռ երկրորդ նստաշրջանին որոշում կայացրեց եւ շուրջ 18 համատիրության գումար տրամադրեց: Համայնքի բյուջեից հատկացվող 14մլն դրամով վերանորոգվելու էին քաղաքի կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքերը: Իսկ ամենից հետաքրքիրը Գյումրիին հատուկ սևապատ շենքերին նոր երանգ տալն էր: Քաղաքի ամենաբանուկ հատվածի՝ Ռիժկովի եւ Սայաթ- Նովա փողոցի խաչմերուկներում գտնվող շենքերը նոր, բաց երանգ են ստացել: Նախկինում այս շենքերը ճերմակ էին, կապույտ ու մի քիչ էլ վարդագույն, արտաքինից՝ բավական թշվառ: Քաղաքապետարանը պարծենում է՝ հիմա այնպիսի գույն ենք ընտրել, որ ընդունված է ամբողջ Եվրոպայում: Ճարտարապետական տեսքը պահել են, թարմություն են հաղորդել: Բնակիչներն իհարկե գոհ ու շնորհակալ են, աչքին հաճելի է, մի քանի կտուր էլ վերանորոգվել է, դա էլ են ընդգծում, բայց ինչպես նշում է նրանցից մեկը, միայն էսթետիկ վերանորոգումը քիչ է:
«Ըսոնգ չիդեք ինչըխ հին շենքեր են, ըսոնգ երկրաշարժ ապրած, իմ պապից առաջ եղած շենքեր են: Խռուշչովկեքին կըսեն վթարային են, հըբը ըսոնք, մինակ պիբիշցընելով չէ, ըսիգ դուրսը, հը՞բը ներսը»,-նկատում է տարեց բնակիչը: Կտրուկ փոփոխություն այնքան էլ նրա սրտով չէր: «Թե քարտաշ Հակոբը սաղ էղներ, կըսեր՝ հըբը ըսիգ Գյումրին է, Գյումրվա շենքերը որ սև խասով շարված չեղնի՞ն»,-սրտնեղեց պապիկը: Նոր սերունդին, սակայն, բաց երանգավորումը հաճելի է: «Էս փողոցով որ չլինի օրվա մեջ մեկ անգամ հաստատ անցնում եմ, ճիշտը որ ասեմ, սկզբում մի փոքր անսովոր էր: Իմ գիտակցական կյանքում Գյումրին առանց էս շենքերի չեմ պատկերացրել: Հիմա չէի ասի նախկին կոլորիտը կորել է, ուղղակի նորությանը վարժվել է պետք: Ընդհանուր՝ աչքին հաճելի է»,-անկեղծորեն ասաց երիտասարդներից մեկը: Գտնվեցին նաև պահպանողականներ: «Ինչո՞ւ այսքան բաց, սա ավելի շատ թեթև քաղաքներին է բնորոշ», -ասաց մեր զրուցակիցը՝ ակամա խոստովանելով, որ Գյումրին հոգևոր եւ մշակութային առումով հարուստ, բայց միևնույն ժամանակ միստիկ քաղաք է: Ինչևէ, պետք է փաստենք, որ քաղաքը փոքր-ինչ նոր շունչ է առել:



Նշենք նաև, որ քաղաքի ծայրամասային մի քանի թաղամասեր այնուամենայնիվ վերանորոգումից զերծ են մնացել: Համատիրության կառավարիչների խոսքերով՝ պատճառը նախագծի բացակայությունն էր, քաղաքապետարան չեն ներկայացրել ու հատկացումից չեն օգտվել: Օրինակ «Գլենդել Հիլզ» ընկերության՝ հետերկրաշարժյան տարիներին կառուցած բազմաբնակարան շենքերը համարվում են նոր: Սակայն դրանց կտուրների, մուտքերի դռների ու պատշգամբների խարխուլ վիճակները վկայում են, որ այս շենքերն առավել շատ վերանորոգման կարիք ունեն: Բնակիչները խոստովանում են, որ ձմռան նախաշեմին ստիպված են սեփական միջոցներով բացերը փակել:



Արևիկ Հակոբյան