Իրականում Սփյու՛ռքն է անլուրջ վերաբերում բոլոր նախաձեռնություններին․ Սագո Արեանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասին

Իրականում Սփյու՛ռքն է անլուրջ վերաբերում բոլոր նախաձեռնություններին․ Սագո Արեանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասին

Գրող, «arevelk.am» կայքի խմբագիր Սագօ Արեանը ծնվել է Լիբանանում։ Հինգ տարի առաջ նա ընտանիքով տեղափոխվել է եւ ապրում է Երեւանում։



Սագօ Արեանին խնդրեցինք անդրադառնալ Սփյուռք-Հայաստան 6-րդ համաժողովին, այդ համաժողովից իր ակնկալիքներին։



«Սփյուռք-Հայաստան համաժողովների հետ կապված մենք միշտ մեղադրում ենք Հայաստանի իշխանություններին։ Սակայն ես կարծում եմ, որ անլրջությունը գալիս է Սփյուռքից, Սփյու՛ռքն է անլուրջ վերաբերում այդ նախաձեռնություններին։ Գալիս են, ուրախանում, ոնց որ կինոյի մասնակցեն, կնկարվեն, բեմեր կբարձրանան, խոսքեր կարտասանեն ամպագոռգոռ, ասեն, որ մենք այստեղ ենք։ Հետո կվերադառնան եւ այդ շոուն կշարունակեն իրենց համայնքներում, որ տեսեք՝ մենք գնացինք Հայաստան, մեզ մարդու տեղ դրեցին, մենք լուսանկարվեցինք, սելֆիներ արեցինք, մենք խոսքեր արտասանեցինք։ Իսկ հետո ամեն ինչ ոչնչանում է։ Բոլորս մեղադրում ենք իշխանություններին, որ մեր իշխանությունները թատրոն են սարքում։ Բայց իրականում Սփյուռքն է Հայաստանում թատրոնի սիրահարը եւ՝ ոչ հակառակը։ Դրա համար հույս ունեմ, որ բոլորս գիտենք՝ հասել է մի տեղ, որ իրապես Հայաստանի խնդիրներով մտահոգ հանրությունը չի հավատում նմանօրինակ նախաձեռնություններին։ Նույնիսկ մասնակիցներից շատերը չեն հավատում, բայց մասնակցում են։ Հույս ունեմ, որ 6-րդ համաժողովից հետո ռեալ առաջարկներ, աշխատանքներ մեջտեղ կգան։ Խոսվում է համահայկական խորհրդի մասին, որի կազմության հարցը բավականին բարդ է։ Տակավին հայտնի չէ, թե ովքեր եւ ոնց պիտի ընտրվեն այդ խորհրդում։



Այդ մասին տակավին խոսակցություն չկա, եւ հետաքրքիր է, թե Սփյուռքում մեր համայնքի ներկայացուցիչներն ոնց են տեսնում այդ խորհրդի կազմության գործընթացը։ Դա շատ կարեւոր է։ Այդ խորհուրդն ունի նաեւ համահայկական պլատֆորմ ստեղծելու կարողականություն։ Այնտեղ պետք է լինեն տարբեր թեմատիկ խնդիրներ՝ ցեղասպանության ճանաչումից մինչեւ պահանջատիրություն, մինչեւ Հայաստան-Սփյուռք ռեալ գործակցության առաջարկներ, սփյուռքահայերի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին, երիտասարդ ուժեր ներգրավվելը։ Այդ ամենը, ցավոք, մնում է 3-4 տարին մեկ հերթական շոուների մակարդակում»,- համաժողովից իր տպավորությունները ներկայացրեց Սագօ Արեանը։