Անհամեմատելիները

Անհամեմատելիները

Կատալոնիայի անկախության հանրաքվեն ուղեկցվել է անկարգություններով: Իսպանիայի ազգային գվարդիան փորձել է խոչընդոտել եւ ձախողել քվեարկությունը: Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ կան հարյուրավոր տուժածներ: Ինչպիսի՞ն է իրական պատկերը՝ ոչ ոք հստակ չգիտի: Միջազգային մամուլը, կարծես, այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում Իսպանիայի դեպքերին: Իսկ դա ինչ-որ բան նշանակում է: Համենայն դեպս, քրդերի հանրաքվեի մասին ավելի շատ են գրում, քան՝ կատալոնացիների: Կատալոնիայում ոստիկանության եւ անկախության կողմնակիցների միջեւ բախումների թեման, սակայն, Ադրբեջանի ուշադրության կենտրոնում է: Բաքվի քարոզչությունը խնդիրը ներկայացնում է այնպես, որ Եվրոպան «օրինակ ցույց տվեց, թե ինչպես են վիճելի հարցերը կարգավորվում ուժի կիրառման միջոցով»: Հեղինակներից մեկի խելքի փչել է Մադրիդը համեմատել Բաքվի, Բարսելոնան՝ 1988թ.-ի Ստեփանակերտի հետ: Նման հրապարակումների ենթատեքստը հասկանալի է: Ադրբեջանում շատ կցանկանային, որ Բաղդադը զորքեր մտցներ Քրդական ինքնավարության տարածք, Մադրիդը՝ Կատալոնիա, սկսվեին լայնածավալ պատերազմական գործողություններ: Այդ դեպքում Ալիեւը հնարավորություն կունենար արդարացնելու անցյալ տարվա ապրիլյան պատերազմը՝ վկայակոչելով, որ բոլոր երկրներն էլ «հանուն տարածքային ամբողջականության դիմում են զենքի ուժին»:



Բայց Իրաքում, թվում է, ոչ ոք պատերազմի չի ձգտում, իսկ Մադրիդը Կատալոնիա զորք մտցնելու եւ արյունահեղություն անելու մտադրություն չունի: Վերլուծաբաններից շատերը կարծում են, որ քաղաքական ճգնաժամը կհանգուցալուծվի Իսպանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններով, Մադրիդը եւ Բարսելոնան կգտնեն ոսկե միջինը: Այս համատեքստում բոլորովին անիմաստ է Իսպանիայի եւ Իրաքի հետ նույն շարքում կանգնելու Ադրբեջանի մղումը: Անհամեմատելիները չեն համեմատվում: Ադրբեջանն ի սկզբանե թշնամաբար է վերաբերվել արցախահայության քաղաքական ձգտումներին, խնդիրը քաղաքական հարթությունից անմիջապես տեղափոխել միջէթնիկական անհանդուրժողականության դաշտ՝ ծրագրավորելով եւ իրականացնելով Սումգայիթի ոճրագործությունը: Այսօրվա Մադրիդը համեմատել 1990թ.-ի Բաքվի հետ՝ սրբապղծություն է:



Մադրիդի փողոցներում էթնիկ կատալոնացի չի սպանվել, Մադրիդում բազմահազարանոց ամբոխները չեն աղաղակել «մահ կատալոնացիներին»: Ադրբեջանը զուր է ճգնում եվրոպական «հանդերձանք» տալ հայատյացությանը: Կատալոնիայի քաղաքական ապագան ինչպիսին էլ որ լինի՝ անպատկերացնելի է, որ իսպանացիները պատերազմ կսկսեն կատալոնացիների դեմ: Արցախի խնդիրը միջազգային ասպարեզում առկա բոլոր հարցերից արմատապես տարբերվում է հենց նրանով, որ այստեղ ոչ թե քաղաքական, այլ կենսական, լինել-չլինելու երկընտրանքն է լուծվում: Զուր է ադրբեջանական քարոզչությունը փորձում հակառակը ներկայացնել: