Ավանցիներն այլևս բերքի իրացման խնդիր չեն ունենա (տեսանյութ, ֆոտոշարք)

Ավանցիներն այլևս բերքի իրացման խնդիր չեն ունենա (տեսանյութ, ֆոտոշարք)

Արագածոտնի մարզի Ավան համայնքն այն գյուղն է, որտեղ ժամանակին այցելել էր վարչապետ Տիգրան Սարգսյանն ու գյուղացիներին խորհուրդ տվել՝ ինչպես ճիշտ լվանալ կովի պտուկներն ու կթել կովին։ Դրանով նախկին վարչապետը փորձել էր զարկ տալ անասնապահությանը։ Բայց երբեմնի վարչապետի խորհուրդները, ինչպես հասկացանք, չեն կիրառում այդ գյուղում։ Ավանցիները լավ գիտեն՝ ինչպես անասուն պահել, հող մշակել, բերք ստանալ։ Իրենց ոգևորելու, անասնապահությանն ու գյուղատնտեսությանը զարկ տալու համար ընդամենը պայմաններ են պետք, որպեսզի գյուղացին կարողանա իր բերքը, իր անասունների տված բնամթերքը իրացնել։ Իսկ կովի պտուկները նրանք ավանդական եղանակով էլ կլվանան, կարևորը՝ այդ պտուկների տված կաթը սպառում ունենա։



«Երեմյան փրոջեքթս» ընկերության հիմնադիր Դավիթ Երեմյանը գտել է գյուղացուն շահագրգռելու հստակ եղանակը։ Նա Արագածոտնի մարզի բարձրադիր գոտում, լեռների մեջ ծվարած Ավան համայնքում գյուղմթերքի ընդունման կետ է բացել և գյուղացիներից բարձր գներով միս, կաթ, ձու, պանիր, մեղր, միրգ ու բանջարեղեն է մթերում՝ այն ամենը, ինչը կարող է արտադրել գյուղացին։ Դավիթ Երեմյանի մանկությունն այս գյուղում է անցել, նրա մայրն Ավանից է, հիմա էլ որոշել է իրեն հարազատ գյուղում մթերման կայան ստեղծել՝ օժանդակելով տեղի բնակչությանը։ Գյուղացիներից հավաքում է մթերքը, հետո դրանք իրացնում իր սննդի օբյեկտներում, որոնցից են «Երևան պանդոկը», «Լավաշ» ռեստորանը, «Երևանի շաուրման», շուտով կլինի նաև «Շերեփ» անունով ռեստորանը։



Գործարարն ասաց, որ հուլիսից գործարկված ծրագրի շրջանակներում Ավան համայնքում արդեն հասցրել են 50 մլն դրամի առևտրաշրջանառություն կատարել։ Այս երեք ամսվա ընթացքում մթերվել է 8000 կգ խոզի միս, 2000 կգ տավարի միս, 1 տոննա մեղր, 2 տոննա պանիր և այլն:



«Մեր նախաձեռնության նպատակն է լինել գյուղի և գյուղացու կողքին՝ մի կողմից թեթևացնելով նրանց ֆինանսական բեռը, մյուս կողմից տալով հնարավորություն թարմ ու սննդարար մթերք մատակարարել մեր սպառողին: Մենք այսօր գյուղացից իր ապրանքը գնում ենք Երևանի գներով, ինչը հարմար է գյուղացիներին՝ այլևս գյուղմթերքն իրացնելու համար Երևան կամ մոտակա քաղաքներ հասնելու անհրաժեշտություն չի լինում: Ամեն օր մեր մեքենան մոտենում է մթերման կետ և տեղափոխում գյուղմթերքը: Ընդ որում, մինչև սպառողին հասնելը մթերքը հատուկ մշակման է անցնում մեր խոհանոցում»,-ասաց «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիրը։



Ավան համայնքի բնակիչներն ասացին, որ արա արդյունքում սկսել են արդեն ընդլայնել իրենց տնտեսությունները՝ ավելացնում են անասունների գլխաքանակը, ավելի շատ միրգ ու բանջարեղեն են մշակում, քանի որ իրացման խնդիր չունեն, պահանջարկն էլ մեծ է։ Մեզ հետ զրույցում գյուղացիներից մեկը պատմեց, որ արդեն մեծ ֆերմա է դրել, մի քանի հարյուր գլուխ խոշոր ու մանր եղջերավոր անասուն ունի, արդեն մի քանի միլիոնի էլ եկամուտ է ստացել, մտադիր է ավելացնել անասունների գլխաքանակը։ Նրանց և՛ միսն է հանձնում մթերման կայան, և՛ տված բնամթերքը։



Ներկայում Ավան համայնքն ունի 220 տնտեսություն, 860 բնակիչ: Նրանց հիմնական զբաղմունքը խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությունն է և այգեգործությունը: Ծառաշատ ու բնությամբ հարուստ այս համայնքում, սակայն, ջրի խնդիր կա, ինչից դժգոհեցին աշխատասեր ավանցիները՝ նշելով, որ տասը տարի է՝ այդ խնդիրը չի լուծվում։ Եթե ջուր լինի, ավելի շատ հող կկարողանան մշակել, ավելի շատ բերք կստանան։ Կարևորը՝ իրացման խնդիրը լուծվել է։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ