Երբ տեր ունես, քեզ ամեն ինչ կարելի է

Երբ տեր ունես, քեզ ամեն ինչ կարելի է

«Հրապարակն» ավելի քան մեկ ամիս առաջ անդրադարձել էր ԱԻՆ խոսնակ Նանա Գնդոյանի «հերոսական» պահվածքին: Հարցմանը, թե նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը քանի նոր նշանակում է արել և քանիսին ազատել աշխատանքից, պատասխանի համար Գնդոյանը 30 օր ժամանակ էր պահանջել:
30 օր անց, սակայն, ԱԻՆ խոսնակը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի պետական գերատեսչությունների խոսնակների փակ խմբում գլուխ էր գովել, թե դա արել է Հրապարակին «ընկնավորացնելու» համար:



Նկատենք՝ իր ոչ ադեկվատ պահվածքով ԱԻՆ խոսնակը ոչ միայն խախտել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, այլև կասկածի տակ դրել իր մասնագիտական որակները:



Հնարավոր է, որ խոսնակն իր տեղում լճացել է և «փախել» է օպերատիվ արձագանքի հավեսը, հնարավոր է նաև, որ այլևս չի կարևորում ԱԻՆ պաշտոնական կայքի թարմացումը՝ համարելով ոչ էական: Կայքի ամենաթարմ լուրերը մեկ ամսվա վաղեմություն ունեն:



Օրինակ, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը սեպտեմբերի 6-ից գեներալ-մայորի կոչում է ստացել, բայց նախարարության կայքում Մուշեղ Ղազարյանը դեռ գնդապետ է՝ www.mes.am/hy/rs-management/: Միջին գիտելիքներով իրավաբանն անգամ կարող է ապացուցել, որ սա ոչ թե հնացած տեղեկություն է, այլ՝ պաշտոնական կեղծիք:



Արժե հիշեցնել, որ կառավարության 6.11.2003թ. որոշմամբ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրով» պաշտոնական կեղծիքը կոռուպցիոն հանցագործություն է և համարվում է քրորեն հետապնդելի արարք:
Այս հրապարակումից հետո, ամենայն հավանականությամբ Մուշեղ Ղազարյանի նկարը կփոխեն, իսկ Նանա Գնդոյանը կշարունակի պաշտոնավարել նույնիսկ առանց բանավոր դիտողության: Դեռ չի ծնվել այն մեկը, որ գեներալ ու Սերժ Սարգսյանի մտերիմ Աշոտ Գնդոյանի աղջկան կփորձի ցույց տալ ունքի տեղը՝ աչքի վերևում:
Սերոբ Մարության