Արդյոք հնարավո՞ր է պատերազմ Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ

Արդյոք հնարավո՞ր է պատերազմ Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ

Վերջին շաբաթները կրկին արդիականացրեցին խոսակցություններն այն մասին, որ Կորեական թերակղզում հնարավոր է լայնածավալ պատերազմ սկսվի Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ: Առհասարակ, եթե մի փոքր ավելի ուշադիր հետեւենք օրվա միջազգային անցուդարձի քրոնիկոնին, պարզ կդառնա, որ Կորեական հիմնախնդիրը երբեք էլ չի կորցնում իր արդիականությունը եւ գոնե Փհենյանը երբեք էլ թույլ չի տալիս աշխարհի Մեծ քաղաքականության հիմնական խաղացողներին եւ միջազգային հանրությանը թուլանալու եւ մոռանալու այն մասին, որ Կորեական թերակղզում ամեն գնով փորձում է միջուկային պետության կարգավիճակ ստանալ աշխարհի թերեւս ամենից փակ եւ միստիկ-առասպելականության հասցված անծանոթ մի երկիր, որը կոչվում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ պետության ղեկավարները գրեթե “աստվածներ” են եւ ժողովուրդն ապրում է այդ “աստվածների” գրած ուսմունքով եւ նույնիսկ իր տարեգրությունն էլ կապում է այդ “աստվածների” հետ: 



Հատկապես այն բանից հետո, երբ օրեր առաջ, այս ամսվա մեջ արդեն երրորդ անգամ Փհենյանը հրթիռային փորձարկում իրականացրեց, իսկ փորձարկումից հետո էլ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարեց, թե “նվերներ ունի պատրաստած Միացյալ Նահանգների համար” կրքերը մոլորակի այս տարածաշրջանում հատկապես սրվեցին:



Խաղաղարարական իր կոչով հանդես եկավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը կոչ անելով հետընթաց քայլ անել եւ մոլորակը չկանգնեցնել կատաստրոֆիկ պատերազմի առաջ: Աշխարհի կարեւոր մայրաքաղաքներից եւ միջազգային կառույցներից հնչեցին հերթական դատապարտողական հայտարարությունները, Մոսկվան էլ իր հերթին խորհրդավորաբար ակնարկեց, որ կարիք չկա շտապողականություն ցուցաբերելու եւ կտրուկ գործողություններից առաջ ընդդեմ Փհենյանի, հարկ է ամեն բան լավ ծանրութեթեւ անել: Վերլուծաբանները եւս հստակ մեսիջներով հասկացնել են փորձում քաղաքական գործիչներին եւ պետությունների ղեկավարներին, որ իրական պատերազմ սկսելու դեպքում ռիսկերը չափազանց մեծ են եւ կորուստները կարող են լինել անշրջելիորեն աղետալի: Զարմանալի է, սակայն մինչ աշխարհը քննարկում է Փհենյանի գործողություններն ու դրանց դեմ աշխարհի հնարավոր պատասխանն ու դրա հետեւանքները, Կորեական թերակղզու բնակիչները, գոնե նրանց, ովքեր բնակվում են դեմարկացիոն գծից դեպի հարավ, առանձնապես անհանգստացած չեն իրենց ազգակից հյուսիսային հարեւանների գործողություններում: Թերեւս տասնամյակներ շարունակ նույն սպառնալիքներին դիմադարձված ապրելը արդեն սովորական է դարձրել, չնայած այն բանին, որ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը, որը նաեւ ամենայն իրավամբ ասած երկրի սիրտն ու բաբախող զարկերակն է, ընդամենը հիսուն կիլոմետր է հեռու դեմարկացիոն գծից: Հարավցիների համար սովորական է նաեւ արտասահմանյան եւ հատկապես արեւմտյան լրատվամիջոցներում բարձրացված աղմուկը: Իհարկե այդ ամենը սովորական կլիներ նույնիսկ լրատվական մակարդակում, քանի որ նման աղմուկ եւ խուճապ միշտ կա արտասահմանյան լրատվամիջոցներում, երբ հարցը վերաբերում է Հյուսիսային Կորեային: Սակայն եւ իր ծավալով եւ ռեզոնանսով այս անգամվա աղմուկն ու խուճապը որոշակիորեն ավելի ընդգրկուն են եւ մի յուրահատկություն ունեն: Մասնավորապես, եթե մինչ այս, իր հարավային հարեւանին եւ համաշխարհային հանրությանը փորձարկումների տեսանյութեր հրապարակելով վախեցնում եւ աղմուկ էր բարձրացնում Փհենյանը, ապա այս անգամ այդ աղմուկն ու խուճապը բարձրացվում է լրիվ այլ աղբյուրից, ի մասնավորի` Միացյալ Նահանգներից: Վերցնենք թեկուզ եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ պատերազմը Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ լիովին հնարավոր է եւ ապա այդ հայտարարություններին հետեւած գործողությունները ի դեմս Կորեական թերակղզու ափերի մոտ ավիակիր ռազմանավերի խմբերի ուղարկումը “Կառլ Վիլսոն” ռազմանավի գլխավորությամբ:



Այս ամենն ի մտի ունենալով, սակայն փորձենք հասկանալ, թե որքանով է իրատեսական պատերազմի հավանականությունը Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ, եւ ով ինչ կշահի եւ ինչ կկորցնի: Նախ հիշեցնենք, որ ցայսօր ֆորմալ իմաստով պատերազմական դրության մեջ են գտնվում Հյուսիսային եւ Հարավային Կորեաները: Անցյալ դարի հիսունական թվականներից ի վեր գործում է զինադադարը եւ թե վերջնական հաշտության համաձայնագիրը: Հրադադարը կնքվել է Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների կողմից: Այս հրադադարից հետո մինչեւ այսօր Միացյալ Նահանգները երեսուն հազարանոց զորակազմ է պահում Հարավային Կորեայում ՄԱԿ դրոշի ներքո եւ առանձնապես հետաքրքրված չէ վերջնական հաշտության համաձայնագրի ստորագրմամբ: Իր հերթին Հյուսիսային Կորեան ի դեմս արդեն նշված երեսուն հազարանոց զորակազմի, տեսնում է սպառնալիք իր պետականության հանդեպ եւ սրանով պայմանավորված էլ անցել է լիակատար միլիտարիզացիայի: Նույն արդեն նշված հրթիռային փորձարկումներն էլ ըստ ամենայնի Փհենյանի կողմից դմենստացիան են հանդիսանում այն բանի, որ կարող են դիմակայել հարավցիներին եւ նրանց դաշնակից Միացյալ Նահանգներին, եթե հանկարծ պատերազմը վերսկսվի: Պետք է սակայն ասել, որ Փհենյանը բավական հեռուն է գնացել եւ ցանկանում է ստեղծել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որով կկարողանա միջուկային հարված հասցնել ուղիղ Վաշինգտոնին եւ այդպիսով Ռուսաստանի ու Չինաստանից հետո դառնալ երրորդ պետությունն աշխարհում ով ունի նման հնարավորություն: Իրերի նման դրվածքը բնականաբար Միացյալ Նահանգների սրտով չէ: Առանց այն էլ Միացյալ Նահանգների խնդիրները այս մասով Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հերիք են, էլ ուր մնաց էլ նոր գլխացավանքի ստեղծումը Հյուսիսային Կորեայի հետ: Այս պատճառով է, որ Սպիտակ տունը բոլոր հնարավոր միջոցներն ի գործ է դնում Սեուլի, իսկ այժմ էլ նաեւ Պեկինի միջոցով Փհենյանի վրա ներազդելու եւ նման զարգացումները թույլ չտալու համար: Թեեւ չենք պնդում սակայն նաեւ չենք բացառում նաեւ այն, որ հնարավոր է, որ Սպիտակ տունը Սիրիայում իր հայտնի ավիահարվածը նաեւ այս համատեքստում որպես Պեկինին շանտաժելու միջոց օգտագործելով է իրականացրել, հասկացնելու համար այդ օրերին պաշտոնապես Միացյալ Նահանգներում գտնվող Չինաստանի նախագահ Սեի Ցզինպինին, որ նման զարգացումները լիովին հավանական են նաեւ Կորեական թերակղզում: Թե ինչպես է այս մեսիջն հասկացել եւ արձագանքել Չինաստանի նախագահը, դժվար է ասել, սակայն այն որ Պեկինը մտահոգված է խնդրով, ինքնին հասկանալի է եւ իզուր չէ, որ համաշխարհային լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներն այն մասին, որ Ցզինպինը հարյուր օր ժամանակ է խնդրել Թրամփից, Փհենյանի վրա ներազդելու համար: Իհարկե բոլորն են հասկանում, որ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումը Կորեական թերակղզում ձեռնտու չէ Կորեական պետությունների անմիջական հարեւանների, ներառյալ նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի համար, սակայն առայժմ Մոսկվայի մասով դերակատարությունը դնենք մի կողմ եւ կենտրոնանանք այն բանի վրա, որ առավել կորուստներ ունեցողներից մեկն այս դեպքում կլինի հենց Չինաստանը:



Պետք է նկատել, որ Փհենյանն էլ, ձեռքերը ծալած չի նստում եւ որքան էլ այս ամենը Փհենյանի կողմից անպատասխանատու ռազմաքաղաքական արկածախնդրության է նմանվում, սակայն Կիմ Չեն Ընը իր պապի` Հյուսիսային Կորեայի ներկայիս վարչակարգի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան հարյուր հինգ ամյակի եւ հյուսիս-կորեական բանակի կազմավորման ութսունհինգամյակի տոնական միջոցառումների ժամանակ “հրետանային հրավառություն” է կազմակերպում, հասկացնելով, որ ամեն դեպքում իր հետ նման տոնայնությամբ խոսելն այնքան էլ ձեռնտու չէ ռեգիոնալ խաղացողների եւ ԱՄՆ համար, քանի որ նույն ռեգիոնալ խաղացողները նաեւ ԱՄՆ դաշնակիցներն են: Պարզ ասած Փհենյանը բաց տեքտսով հայտարարեց, որ պատրաստ է ռազմական գործողություններ ծավալելու եւ չի խորշի նույնիսկ միջուկային հարվածից, իսկ ամերիկյան ավիակիր ռազմանավերի խմբի մասով, ըստ Փհենյանից հնչած հայտարարությունների, երաշխավորված է հարվածն ու խորտակումը: Հենց այս օրերին էր, որ հարավ-կորեական “Ռյոնհապ” լրատվական գործակալությունը հաղորդեց, որ նոր միջուկային փորձարկման համար ամեն բան պատրաստ է եւ միայն սպասում են Փհենյանում Կիմ Չեն Ընի հրահանգին:



Արման Գրիգորյան