Արդյոք հնարավո՞ր է պատերազմ Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ

Արդյոք հնարավո՞ր է պատերազմ Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ

Մաս երկրորդ (սկիզբը՝ այստեղ)



Իրականում, այն ինչ տեղի է ունենում Կորեական թերակղզում եւ դրա շուրջ, բավական նման է ֆորսաժի, երբ երկու իրար դեմ մեծ արագությամբ ընթացող վարորդներից միայն մեկն է կարողանում վերջին պահին փախցնել մեքենայի ղեկն ու կանխել աղետը, թեեւ երկուսն էլ այն վճռականությունն ունեն, որ իրենք չէ, որ պետք է թուլություն ցույց տան ու զիջեն: Սակայն թեեւ աղետը կարծես թե կանխվում է, ինչպես լինում է ֆիլմերում, սակայն գոնե տեսականորեն պահպանվում է հավանականությունը, որ երկուսի նյարդերն էլ այնքան կայուն կլինեն, որ բախումն ու աղետը կլինի անխուսափելի: Եվ այսպես, ինչ կլինի, եթե եւ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը հետընթաց քայլ չանեն եւ շարունակեն իրենց գիծը, ինչ կլինի եթե այնուհանդերձ պատերազմը լինի: Այս դեպքում պարզ է մի բան, որ այն կլինի բավական ձգձգվող եւ արյունալի երկու կողմերի համար էլ: Բացի այդ, կտուժի առաջին հերթին Հարավային Կորեան, քանի որ հենց Հարավային Կորեան է, որ ամենայն հավանականությամբ կդառնա հավանական մարտական գործողությունների թատերաբեմ: Պետք է հիշել այստեղ այն, որ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլը գտնվում է դեմարկացիոն գծից ընդամենը հիսուն կիլոմետր հեռավորության վրա եւ Փհենյանն իր ունեցած ռազմական հնարավորություններով, հաշված ժամերի ընթացքում կարող է մոխրի վերածել Սեուլը: Բացի այդ, Միացյալ Նահանգները այստեղ չեն կարողանա կիրառել Սիրիայի նախադեպը եւ հարցը լուծել ավիահարվածներով, քանի որ հյուսիսցիները արդեն պատերազմի փորձ ունենալով, ամենայն հավանականությամբ կընտրեն պարտիզանական պատերազմի ուղին, իսկ դա նշանակում է, որ ամերիկյան կողմը ցամաքային գործողություններում է ներքաշվելու իսկ դա կարող է լինել կտաստրոֆիկ` լեռնային բարդ ռելիեֆ ունեցող երկրում: Նշենք, որ Վիետնամական պատերազմում արդեն պատրիզանական պատերազմի դառը ապտակները Սպիտակ տունը մեկ անգամ ճաշակել է, եւ դժվար թե ուզենա երկրորդ անգամ ճաշակելու նույն դառնությունները: Եվ բացի այդ Հյուսիսային Կորեան ունի բավական լավ զարգացած ՀՕՊ համակարգ եւ կարող է պարզապես խոցել ամերիկյան ավիացիան: Բոլորն են հասկանում, որ Հյուսիսային Կորեան ռուսների օրինակով զարգացրել է իր սեփական ՀՕՊ համակարգերը, իսկ ռուսական ՀՕՊ լավագույնն է աշխարհում, հետեւաբար Սպիտակ տանը ամենաթունդ պատերազմասերներն էլ միանշանակ համակարծիք են մի հարցում, որ ավիացիոն պատերազմը անօգուտ ձեռնարկ է: Սրան ի հակառակ հյուսիսցիները կարող են հարվածել հարավցիների տարածքում գտնվող ամերիկյան զորակազմը, հարվածել ծովում գտնվող ամերիկյան ավիակիր ռազմանավերը եւ այսպես շարունակ: Իհարկե արդյունքում հնարավոր է, որ Միացյալ Նահանգները հաղթի, սակայն նաեւ չպետք է մոռանալ, որ հուսահատության մեջ հայտնված Փհենյանը վարչակազմը կարող է գործի դնել միջուկային ոչնչացման կամ նույնիսկ միջուկային ինքնաոչնչացման իր լծակները, իսկ սա կարող է ողջ մոլորակի համար դառնալ կատաստրոֆիկ վերջաբան, ուր մնաց թե միայն Կորեական թերակղզու կամ ռեգիոնի: Այնպես որ պատերազմը օգուտ չի բերի ոչ մի կողմին էլ, սակայն նյութական մարդկային եւ ենթակառուցվածքային ամենալուրջ ու անդառնալի կորուստներ կպատճառի բոլորին: Այնպես որ անկախ ռազմատենչ հռետորաբանությունից, բոլորն էլ հասկանում են, որ ամեն քայլ անելու են որպեսզի հեռու պահեն իրադրությունը պատերազմականից կամ մերձ-պատերազմականից:



Արման Գրիգորյան