Ինչ է լինում, երբ պաշտոնյայի տղան բանակ չի գնում․․․

Ինչ է լինում, երբ պաշտոնյայի տղան բանակ չի գնում․․․

Տեսանելի է, որ այսօր ընդհանրական բարձրաձայնելով չի ավարտվում պաշտոնյաների տղաների բանակում չծառայելու փաստը։ Մամուլում արդեն շրջանառվում են պաշտոնյաների կոնկրետ անուններ, ովքեր հայրենասիրական ճառեր ասելով, «փեշերի տակ են պահում իրենց տղաներին»։



Կան կոնկրե՛տ անուններ։
Սա, իհարկե, դրական քայլ է։



Ինքնին հարց է առաջանում՝ ի՞ նչ է լինում, երբ պաշտոնյայի տղան Բանակ չի գնում․․․



Բոլորը գիտեն․ Բանակում չծառայած պաշտոնյաների տղաները զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։



Եթե արդեն շրջանառվում են պաշտոնյաների անուններ, որոնց տղաները ինչ- ինչ պատճառներով չեն ծառայել Բանակում ու դրա կողքին նշվում է, որ այդ նույն չծառայածը զբաղեցնում է պետական կարևորագույն պաշտոն, մտածում ես, որ հարցին չի տրվում պետական լուրջ մոտեցում։



Ռազմական դրության մեջ գտնվող երկիրը ռազմական ռելսերի վրա պիտի դրվի։ Պաշտոնյայի որդին՝ հայրենիքին չծառայելով, պարգևատրվում է պաշտոնո՞վ․․․ Սա՞ է պետական քաղաքականությունը։



Այս երևույթը հանրության մեջ առաջացնում է օտարվածի զգացում՝ նրանք կարող են և՛ Բանակ չգնալ, և՛ ղեկավար պոստ զբաղեցնել, և՛ բարձր- բարձր խոսել․․․



Պետական մակարդակով չպետք է նման մարդկանց «հովանավորելու, տաք տանիքի տակ ձվադրելու» քաղաքականություն իրականացնել։



Պաշտպանության նախարարը հավանաբար տեղյակ է, որ պաշտոնյաների տղաները Բանակում ինչ կերպ են ծառայում, եթե դա կարելի է ծառայություն համարել։ Նույնիսկ այդ արտոնյալ պայմաններում չեն ուզում ծառայել։ Փոխարե՜նը բարձր պաշտոն են ուզում՝ իրենց պապաների թևերի հովանու ներքո։



Եթե պետականորեն կարգավորվի այս հարցը, Բանակում մկրտություն չստացածին, ինչպես դիպլոմ չունեցողին չտրվի բարձր պաշտոն, ամեն ինչ տեղը կընկնի։ Անուններ չտամ, դրա ժամանակն էլ կգա, բայց այսօր պետական բարձրագույն պաշտոններում Բանակում չծառայածներն են ձվադրել։ Նրանց մտածողության մեջ ինչ որ բան թերի է՝ բացակայում է երկիրը սիրողի մարդկային ամենավեհ արժանիքը։ Նրանք երկիրը սիրում են՝ իրենց լավագույն ձևով «կերակրելու համար»։ Երկիրը սիրում են իրենց շառավղի շուրջը։ Նրանց հայրենիքը այն կաթի շիշն է, որ նրանց կերակրում է «ստերիլ պայմաններում»։ Ու, հավատացնում եմ, «նրանք չեն մեծացել»․․․ Ինչ որ բան թերի է։



Հասմիկ Բաբաջանյան