Բերդի վարժարանում քիչ աշակերտներ են մնացել, Արթիկում մեկ ավագ դպրոցն էլ բավարար է․ Աշոտ Արշակյան

Բերդի վարժարանում քիչ աշակերտներ են մնացել, Արթիկում մեկ ավագ դպրոցն էլ բավարար է․ Աշոտ Արշակյան

Ուսումնական տարվա նախաշեմին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մամուլի ասուլիսի ժամանակ «ավետեց», որ հանրապետությունում 13 դպրոց կմիավորվի այլ՝ 13 դպրոցի հետ։
«Ուզում եմ նշել, որ այդ խոշորացումը կապված է կրթության որակի հետ, մասնավորապես՝ մեր աշակերտների՝ որակյալ կրթություն ստանալու իրավունքի հետ։ Նշված դպրոցներում աշակերտական համակազմը փոքրաթիվ էր, նաեւ համաշխարհային փորձը, վերլուծությունները ցույց են տվել, որ դա անհրաժեշտ է նորմալ պայմաններում կրթություն կազմակերպելու համար։ Այն դպրոցները, որտեղ տեղափոխվելու են մեր աշակերտները, ունեն լավ շենքային պայմաններ, նյութատեխնիկական բազա, մանկավարժական համակազմ»,- ասաց Աշոտ Արշակյանը։



Նա հավաստիացրեց, որ միավորման արդյունքում աշխատելու են շատ ուսուցիչների ապահովել ժամաքանակով։ Նրա ասելով՝ միայն շատ քիչ ուսուցիչներ կլինեն, որոնց իրենք չեն կարող ապահովել աշխատանքով, նրանք էլ կլինեն կենսաթոշակի տարիքի մարդիկ կամ համատեղությամբ աշխատողներ։



Մտահոգություն հնչեց, որ Բերդի վարժարանում ողջ կոլեկտիվը մտահոգված է դուրս մնալու հեռանկարով։«Բերդի վարժարանում շատ փոքրաթիվ աշակերտներ են մնացել։ Ինչ վերաբերում է ուսուցիչներին, ապա նրանց մի մասը կաշխատի ավագ դպրոցում։ Խոսել եմ նաեւ Տավուշի կրթության վարչության պետի հետ, նրանք ամեն ինչ անում են, որ ուսուցիչներին ապահովեն աշխատանքով։ Նշեմ, որ այդ վարժարանում ուսուցիչների մի մասն աշխատում էր համատեղության կարգով։ Նրանք արդեն հիմնական դպրոցներում ունեն աշխատանք»,- ասաց ԿԳՆ պաշտոնյան։ Նա հավելեց, որ մինչեւ երեխաների տեղափոխությունը չկատարվի, կոմպլեկտավորում չլինի, ինքը չի կարող ասել, թե որքան թափուր հաստիք կլինի։



Հարց հնչեց այն մասին, թե ինչ է լինելու միավորման արդյունքում դպրոցական շենքերի ճակատագիրը։ Աշոտ Արշակյանն ասաց, որ ունենք գերբեռնված դպրոցներ, որոնք աշխատում են հերթափոխով եւ ունենք թերբեռնված դպրոցներ, իրենք էլ միջոցներ են ձեռնարկում դպրոցները բեռնաթափելու համար։ Արթիկի դպրոցներով էլ հետաքրքրվեցին լրագրողները։ ԿԳՆ պաշտոնյան ասաց, որ Արթիկում մեկ ավագ դպրոցն իր շենքային պայմաններով բավարար է։