Մամեդյարովի «լեզվից չբռնեցին»

Մամեդյարովի «լեզվից չբռնեցին»

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Հոգլանդի «հիմնական կետերի» շուրջ արտգործնախարար Նալբանդյանի անդրադարձի առթիվ նրա ադրբեջանցի պաշտոնակիցն արտահայտվել էր այն իմաստով, որ եթե այդ հայեցակարգը Հայաստանի համար ընդունելի է, ապա կարելի է առարկայական բանակցություններ սկսել:



Հայրենական մամուլում հրապարակումներ եղան, որ Մամեդյարովը Նալբանդյանին «վրիպման վրա բռնացրել է»: Այդ ոգով նույնիսկ «լուրջ» մեկնաբանություններ արվեցին, հնչեցին եւ դեռ հնչում են հարցադրումներ:



Սովորաբար արտաքին քաղաքականությանը «ոչ ճկունության» մեջ մեղադրող վերլուծաբանները, մեկնաբանները եւ լրագրողները, սակայն, պահը բաց թողեցին եւ Մամեդյարովի «լեզվից չբռնեցին»: Մինչդեռ տրամաբանական կլիներ նույն «մանրադրամով վճարել» նրան եւ շրջանառել փորձագիտական մոտեցում, որ եթե Ադրբեջանը համաձայն է, որ ԼՂ կարգավիճակը պետք է որոշվի բոլոր կողմերի համար պարտադիր ուժ ունեցող հանրաքվեով, ապա առարկայան բանակցություններ սկսելու հարկ այս պահին չկա, կողմերը պետք է հայտարարեն, որ կարգավորման հայեցակարգն ընդունելի է, վերջ տան հակամարտության զինված փուլին, որից հետո միայն հնարավոր կդառնա մյուս հարցերի քննարկումը:



Գործնականում Հոգլանդի «բացահայտումները» չեն կարող Ադրբեջանի համար ընդունելի լինել այն պատճառով, որ դրանք չեն ներառում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «տարածքային ամբողջականությունը» եւ «լիակատար ինքնիշխանությունը»: Այդ հայեցակարով Լեռնային Ղարաբաղը դիտարկվում է որպես Ադրբեջանից անջատ կազմավորում, որի համար նախատեսվում է միջանկյալ, ապա եւ հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի որոշարկման իրավունք: Այս իմաստով սեփական հանրությանը բացատրություններ տալու ավելի մեծ խնդիր ունի Ալիեւը:
Պաշտոնավարման ողջ ընթացքում նա հասարակությանը նախապատրաստել է բանակցություններով կամ պատերազմով «Շուշիում ադրբեջանական դրոշը ծածանելու» հեռանկարին: 2016թ. ապրիլին դրան հասնելու ռազմական փորձը ձախողվել է:



Հոգլանդի «հիմնական կետերը» վկայում են, որ Ադրբեջանի համար փակված է նաեւ բանակցություններով ԼՂ նկատմամաբ իրավազորություն հաստատելու հնարավորությունը:



Իսկ քանի որ դա այդպես է, Ադրբեջանը երբեք առարկայական բանակցությունների չի գնա գոնե Ալիեւի իշխանության օրոք: Նա է 2011-ին մերժել Կազանի փաստաթուղթը: Միջնորդներն այսօր «նոր հեծանիվ հայտնագործելու» քայլ չեն անում: Չեն անելու նաեւ ապագայում: Եւ պատասխանատու որոշում կայացնելու առջեւ կանգնած է Ադրբեջանը: Մամեդյարովը փորձել է օգտվել իրավիճակից, խնդիրը ներկայացնել այնպես, որ Հոգլանդի «հիմնական կետերը գրված են Ադրբեջանի համար»: Հարկ է նրան զրկել այդ հնարավորությունից:



Խնդրի կարգավորման համար էական է ոչ միայն հայեցակարգը, կարեւոր են ոչ այնքան արտաքին հանգամանքները, որքան` հասարակական ընկալումը: Այս առումով ինչ որ ներկայացված է, դա Ադրբեջանի համար ծանրագույն դիվանագիտական պարտություն է: Այդ երկրի հասարակությունը պետք է դա իմանա: Ալիեւի վարչակազմը չի գնա ինքնաոչնչացման, չի խոստովանի, որ Լեռնային Ղարաբաղը վերջնականապես կորցված է: Ադրբեջանում ընդդիմություն չկա, որպեսզի այդ ճշմարտությունը հասցնի հասարակությանը: Չկա ազատ կամ գոնե ոչ իշխանական մամուլ: Ադրբեջանի հասարակությանը լուսավորելու պարտականությունն ընկած է հայկական կողմի փորձագիտական, վերլուծաբանական հանրության, հայկական մամուլի եւ տեղեկատվական կենտրոնների վրա:



Իրավիճակն է այդպես պահանջում: Իսկ մեզանում, ցավոք, այդ ուղղությամբ գրեթե ոչինչ չի արվում: Մամեդյարովի նենգախոսության առթիվ լռությունը դրա վկայությունն է:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ