«Հրապարակ». Ովքեր են խոսքի համար մարդկանց կալանավորող դատավորները

«Հրապարակ». Ովքեր են խոսքի համար մարդկանց կալանավորող դատավորները

Հայաստանում օրեցօր աճում է քաղբանտարկյալների թիվը, մարդիկ ճաղերի հետեւում են հայտնվում ո՛չ գողության, ո՛չ մարդասպանության, ո՛չ բռնաբարության, ո՛չ էլ պետական դավաճանության համար, այլ պարզապես Ֆեյսբուքում ինչ-որ բան գրելու պատճառով։ Քննչական մարմինները դրանց կպցնում են «բռնության կոչ» պիտակը, ձերբակալում ակտիվիստների, հասարակական-քաղաքական գործիչների, ապա իշխանության կամակատար դատավորները կալանքի սանկցիաներ են տալիս։ Եթե քննչական մարմինների պարագայում ամեն ինչ պարզ է` ենթադրենք, նրանք հրաման են կատարում, ապա հարց է առաջանում, թե ովքեր են այս դատավորները, որ բավարարում են ապօրինի միջնորդությունները եւ անձանց հանիրավի ուղարկում կալանավայր` միայն այն բանի համար, որ իշխանություններին թթու խոսք են ասել։ Մենք որոշել ենք ներկայացնել այս դատավորներին` անուն առ անուն:

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը կալանավորված է ՔՊ-ականներին վիրավորելու ու «բռնության կոչեր անելու, ատելություն հրահրելու» մեղադրանքով։

Նա կալանավորվել է սեպտեմբերի 22-ին, կալանքի որոշումը կայացրել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Դատավոր Մելքոնյանը 1999-2014 թթ․ ՆԳՆ, ապա ոստիկանության կազմում աշխատել է որպես քննիչ, 2014-ին ուղարկվել կենսաթոշակի՝ ստանալով մայորի զինվորական կոչում։ 2010-2019 թթ․ զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ, 2019-2023 թթ․ եղել է փաստաբան, իսկ 2023 թվականին իրավունքի ուժով դարձել է դատավոր: Այսինքն՝ նրա հրամանագիրը ՀՀ նախագահը չի ստորագրել, այլ ԲԴԽ որոշմամբ է դարձել դատավոր։ Մասիս Մելքոնյանը քաղաքական գործունեություն էլ է ծավալել․ նա եղել է Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, իսկ 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել՝ ցուցակի 14-րդ համարը։ Դատավոր Մասիս Մելքոնյանի հետ կապված մի աղմկահարույց պատմություն էլ կա․ դերասանուհի Մարջան Ավետիսյանը հրապարակավ հայտարարել է, որ փաստաբան Մասիս Մելքոնյանը յուրացրել է դերասանուհու գումարները։ Մարջան Ավետիսյանը մեկի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, քանի որ վերջինս իրեն գումար է պարտք եղել, որը չի վերադարձրել, Ավետիսյանը երկրից բացակայելու պատճառով դիմել է փաստաբան Մասիս Մելքոնյանին, վերջինս էլ, ըստ դերասանուհու, այդ անձից` քրեական վարույթի արդյունքներով, ստացել է գումարների մի մասը եւ դրա տիրոջը` Ավետիսյանին, չի փոխանցել։ Ըստ տեղեկությունների՝ Վահագն Խաչատուրյանը հենց դրա համար էլ Մելքոնյանի՝ դատավոր նշանակվելու հրամանագիրը չի ստորագրել՝ ասելով, որ քրեական գործով անցնող մարդը չի կարող քրեական գործերով դատավոր դառնալ։    

Նարեկ Մալյանին կալանավորելու` Մասիս Մելքոնյանի որոշումն անփոփոխ է թողել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը դատավոր է դարձել 2021-ին՝ միանգամից նշանակվելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, այն դեպքում, երբ առաջին ատյանից վերաքննիչ գնալը դատավորի համար առաջխաղացում է համարվում, այսինքն՝ առաջին ատյանի բազմաթիվ դատավորներ տարիներով սպասում են իրենց առաջխաղացման հերթին, Հովհաննիսյանը միանգամից բոլորին «աբգոն» է արել։ Ի դեպ, Լուսինե Հովհաննիսյանն այն դատավորն է, ով մերժել էր նաեւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքի դեմ բերված բողոքը, ինչի հետեւանքով Գրիգորյանը, գտնվելով անազատության մեջ, մահացավ դատարանի դահլիճում։ Հովհաննիսյանի՝ դատավոր դառնալն էլ հարթ չի անցել․ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը 2018 թվականին նրա մասին գրել էր, որ նա, որպես քրեական դատավորի թեկնածու, 2016-2017 թթ. երկու անգամ կտրվել է քննությունից եւ չի անցել հարցազրույցի փուլ: Հովհաննիսյանը հետագայում առարկել էր, թե ինքը ոչ թե կտրվել է, այլ հավաքել է ձայների մեծամասնություն, իսկ մյուս թեկնածուները հավաքել են բացարձակ մեծամասնություն։ Հովհաննիսյանին նաեւ հարցրել էին, թե ինչ կարող է ասել այն մասին, որ ինքն ազդեցիկ հովանավորներ ունի եւ նրանց շնորհիվ է դարձել դատավոր, նա պատասխանել է․ «Հովանավորի մասով ես, որպես քրեագետ, պետք է ասեմ, որ դա անմեղության կանխավարկածի խախտում է... նման արտահայտություններ հնչեցնելը, կարծում եմ, ճիշտ չէ, եթե ես ունենայի հովանավորներ, արդեն իսկ կաշխատեի որպես դատավոր»։ Հետագայում Հովհաննիսյանը Վարչական դատարան է դիմել` ընդդեմ ԲԴԽ-ի որոշման, որով պահանջել է 23.05.2019 թ. քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը հայցվորի կողմից անցած համարելու իրավահարաբերության առկայությունը ճանաչել եւ պարտավորեցնել, որ իր անունը ներառեն ՀՀ արդարադատության ակադեմիա ուղարկվող քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների ցուցակում, սակայն դատարանը մերժել է հայցը։

Ակտիվիստ Տաթեւիկ Վիրաբյանը՝ Տաթեւ Արցախը, ում եւս մեղադրում են բռնության կոչ անելու մեջ, կալանավորվել է սեպտեմբերի 24-ին` դատավոր Մանվել Շահվերդյանի որոշմամբ։ Նա եւս դատավոր է դարձել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 2019 թվականին, նախ նշանակվելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ապա մեկ տարի անց տեղափոխվելով Երեւան, մինչ այդ էլ՝ 2014-19 թթ., աշխատել է դատական դեպարտամենտում։ Շահվերդյանն առաջին անգամ չէ, որ նախաքննության ընթացքում կին է կալանավորում, նա «բեկանել» էր Աշոտ Փաշինյանի «առեւանգման գործով» Գայանե Հակոբյանին ազատ արձակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ կրկին 1 ամսով կալանավորել նրան: Շահվերդյանը հետագայում 4 տարվա ազատազրկման դատապարտեց զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանին եւ Հակոբյանի զղջումից հետո պայմանական կիրառեց։ Մանվել Շահվերդյանի հետ կապված մի ուշագրավ պատմություն էլ կա մամուլում․ 2021թ. հունիսի 20-ին, ժամը 20.00-ին պետք է հրապարակվեր բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ դատարանի որոշումը, որով պաշտպանական կողմը վիճարկում էր նրա ձերբակալության իրավաչափությունը։ Այդ ժամանակ վերջինիս պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդեւանյանը գրել էին, որ իրենց ժամ չի ասվել` երբ կկայանա որոշման հրապարակումը։ Այդ օրը՝ կեսգիշերն անց, մամուլը գրեց, որ որոշման հրապարակման հայտարարված ժամից շուրջ կես ժամ առաջ դատավոր Մանվել Շահվերդյանին առեւանգում են խորհրդակցական սենյակից ու տանում ԱԱԾ տնօրենի տեղակալի մոտ։ Նրանից պահանջում են իրավաչափ ճանաչել բժշկի ձերբակալության որոշումը, ինչը դատավորը կտրուկ մերժում է` ասելով, որ նման հիմքեր չկան։ Տեսնելով, որ չեն կարողանում ազդել դատավորի վրա, նրան, փաստորեն, պահել էին պատանդի կարգավիճակում եւ թողել առավոտյան, երբ արդեն քննվում էր բժշկին կալանավորելու հարցը, որպեսզի վերջինս ազատության մեջ չլինի եւ ոչ իրավաչափ չճանաչի ձերբակալությունը։ Գուցե հենց նման քայլերով էլ կարողացել են հնազանդեցնել այս դատավորին։

ՀԳ․ Երբ Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանն անհիմն վարույթներ էին հարուցում դատավորների դեմ եւ դադարեցնում նրանց լիազորությունները, շատերը չէին հասկանում, թե դա ինչու է արվում: Հիմա պարզ է` հենց սրա համար, որ Նիկոլ Փաշինյանի կամքը դառնա նրա իսկ նշանակած դատավորների համար միակ «օրենսգիրքը»:

Շարունակելի