Կեղծ ու անօրեն

Կեղծ ու անօրեն

Վերջին շրջանում բոլոր հետապնդվողներն ու կալանավորվողները խիստ «պատահաբար» ընդդիմադիր հայացքներ ունեն եւ հայտնի են իրենց հակաիշխանական գործունեությամբ: Ոչ մի իշխանական ու իշխանամերձ կալանավորվողների թվում չկա: Պարզվում է` իշխանամետ լինելը լուրջ պաշտպանական զրահ է մարդու համար` ինդուլգենցիա: Իշխանամետ լինելով կարելի է մարդու վրա կրակել, մարդ ծեծել եւ մնալ ազատության մեջ, իսկ եթե ընդդիմադիր ես, ապա քո մի անմեղ արտահայտությունը կարող են մեկնաբանել որպես բռնության կոչ եւ քեզ կալանավորել: Եթե անգամ նման հայտարարություն էլ չես արել, մի կիսագրագետ եւ անբարոյական քննիչ մեղադրականում կարող է գրել, որ քո խոսքը մարդիկ կարող էին որպես բռնի գործողություններ անելու կոչ ընկալել, եւ դա հիմք կլինի, որ քեզ կալանավորեն: Եվ հակառակը` մարդաչնման մի ողջ զանգված կարող է գիշեր-ցերեկ վայրահաչել արցախցիների հասցեին, վիրավորել ու հայհոյել, ատելություն տարածել եւ բռնության կոչեր անել ու մնալ անպատիժ:

Իրենք` բարձր իշխանության ներկայացուցիչները, կարող են աքացի տալ` կամերաների առաջ, եւ նույն՝ այդ կիսագրագետ ու ստրկամիտ քննիչը կարող է որոշել, որ «մեկ հարվածը ծեծ չէ», ու գործ չհարուցել: Կարող են թքել մարդկանց վրա ու անպատիժ մնալ: Կարող են ասֆալտ կերցնելու, քաղաքական հակառակորդներին «շինելու» սպառնալիքներ հնչեցնել, եւ դա բռնության կոչ չդիտարկվի: Պարզ է, որ իշխանության մեջ եւ մոտ գտնվողները միշտ ավելի պաշտպանված են, քան շարքային քաղաքացիները, առավել եւս` ընդդիմադիրները: Բայց գոնե նախկինում իշխանությունները դեմոկրատ եւ օրինապահ չէին ներկայանում, ժողովրդի ծոցից ելած ու հասարակ մարդու կերպարի մեջ չէին ծպտվում, օրինականությունից եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունից այսքան չէին ճամարտակում: