"Եւրատեսիլ" կանխատեսում

"Եւրատեսիլ" կանխատեսում
Այս տարի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի կունենա "Եւրատեսիլ" երգի մրցույթի 55-րդ` հոբելյանական "Եւրատեսիլ 2010" մրցույթը: 2009 թվականին նորվեգացի Ալեքսանդր Ռիբակը սահմանեց միանգամից երեք ռեկորդ: Նա հավաքեց ամենաբարձր` 387 բալը (մինչ այդ եղել էր "Լորդի" թիմի՝ 292-ը) հավաքեց ամենից շատ 12 միավորները եւ ունեցավ ամենամեծ բալային տարբերությունը: Եւ "Եւրատեսիլը" տարավ Նորվեգիա: Նորվեգիայի Հանրապետությունը "Եւրատեսիլի" անցկացման համար հատկացրել է 17 միլիոն եւրո: Չնայած թվում է, թե ռուսների կազմակերպած եւրատեսիլյան շոուից հետո ավելի խենթ ու հետաքրքիր բան լինել չի կարող, բայց արի ու տես, որ հայերի կյանքում "Եւրատեսիլը" շատ կարեւոր իրադարձություն է: Ամբողջ քաղաքը խոսում եւ խաղադրույքներ է կատարում: Ակտիվ վաճառվում են "Եւրատեսիլի" երգերով CD-ները (իմիջիայլոց Հայաստանում տպագրված տարբերակում չէին ներառել Ադրբեջանի երգը: Ամոթ է):  

Մեր երկիրն այս տարի ներկայացնելու է նոր անուն՝ Եւա Ռիվաս: Այս աղջկա մասին մենք շատ քիչ բան գիտենք: Գիտենք, որ եկել է Ռոստով քաղաքից, գիտենք, որ շատ բարձրահասակ է, նաեւ՝ որ իրեն նմանեցնում է վարար գետի (Ռիվաս), ասում են՝ ժամանակին եղել է Արամեի ընկերուհին, հետո՝ թե Տաշիրի Սամոյի ընկերուհին է, հիմա մի նոր վարկած կա. ասում են, թե Վրաստանի նավթային մագնատներից մեկի հարսնացուն է: Իրականում այս ամենը կարեւոր չէ, կարեւորն այն է, որ շքեղ աղջիկ է, բավականին լավ ձայն ունի, քչից-շատից՝ լավ երգ, լավ բեք վոկալ՝ Տիգրան Պետրոսյան, Գոռ Սուջյան եւ, որ ամենակարեւորն է, նրան նվագակցելու է մետր Ջիվան Գասպարյանը: Երգը կոչվում է "Ծիրանի կորիզ": Բեմում լինելու է ծիրանի մեծ կորիզ, որը ելույթի վերջում աճելու է եւ դառնալու ծիրանի ծառ: Այս տարի Հայաստանը ֆավորիտներից մեկն է, եւ իսկապես՝ մեր շոուն լինելու է լավագույններից մեկը: Սակայն անձամբ ես կանխատեսում եմ 3-րդ կամ 4-րդ տեղը: Այս տարվա ֆավորիտների մեջ են նաեւ Ադրբեջանը, Գերմանիան եւ Իսրայելը: Ասում են, թե Ադրբեջանի ներկայացուցչուհի Սաֆուրայի մեջքին կանգնած են շատ հարուստ եւ ազդեցիկ մարդիկ: Գերմանիան ներկայացնում է քսանամյա հմայիչ Լենա Մայերը: Լենան հայտնի դարձավ նաեւ աղմկոտ սկանդալով, նրան եւ զուգընկերոջը լողավազանում սեքսով զբաղվելիս նկարահանել եւ տարածել էին, եւ մինչեւ հիմա պարզ չէ՝ դա PR էր, թե պատահականություն: Ես ամենից շատ հավատում եմ Իսրայելի ներկայացուցչի՝ Հարել Սկաաթի հաղթանակին: Հարելն Իսրայելի "Ֆաբրիկա զվյոզդ" պրոյեկտի հաղթողն է: Շատ հաճելի երիտասարդ է եւ շատ հուզիչ երգով: Շատ լավն է նաեւ Ուկրաինայի ներկայացուցչուհու՝ Ալյոշայի երգը. ես իմ ձայնը պատրաստվում եմ տալ նրան: Ի զարմանս մեզ բոլորիս՝ աննախադեպ վատն է Ռուսաստանի "Պյոտր Նալիչ" խմբի ներկայացրած երգը: Ես կոչ եմ անում հայաստանյան հանդիսատեսին, ժյուրիին եւ հատկապես Հ1-ին՝ այս տարի գոնե 8 բալից բարձր Ռուսաստանին չտալ:

Այս տարի հայաստանյան բուքմեյքերները կանխատեսում են 1-ին տեղը՝ Ադրբեջանին, 2-րդ տեղը՝ Գերմանիային, 3-րդը՝ Իսրայելին, 4-րդը՝ Դանիային եւ վերջապես 5-րդը՝  Հայաստանին: Մայիսի 30-ին, ժամը 00-ին տեղի կունենա "Եւրատեսիլ 2010" մրցույթի եզրափակիչ փուլը: Հաջողությո՛ւն, Եւա Ռիվաս: