Մարդուն նվիրվողը միշտ էլ մարդասպան է

Մարդուն նվիրվողը միշտ էլ մարդասպան է
Դրամատիկական թատրոնի դերասան, Արմեն Խանդիկյանի օգնական Հովհաննես Թեքգյոզյանի հետ սկզբում խոսեցինք դերասանի խնդիրների մասին, հետո մեր զրույցն աստիճանաբար ավելի փիլիսոփայական բնույթ սկսեց ստանալ. հավանաբար դրան նպաստողը մեր քաղաքի հայտնի արվեստագետների սրճարանն էր՝ "Կետիկնոցը", որտեղ ամեն սեղանից կարելի է խելացի, տարօրինակ, երբեմն օղու "բույրով" ողողված մտքեր լսել:

- Հովիկ, այսօր որքա՞ն է կազմում դրամատիկական թատրոնի դերասանի միջին աշխատավարձը:

- 33 հազարից սկսած, ժողովրդական արտիստները ստանում են 72 հազար դրամ, որը, բնականաբար, դերասանի համար շատ քիչ գումար է, մեր հասարակության մեջ երեւի լրջորեն չեն ընկալում դերասանի մասնագիտությունը: Դա հոգեւոր, ֆիզիկական եւ մտավոր բարդագույն աշխատանք է: Դերասանի մասնագիտությունը մեր հասարակության մեջ անտեսվել է, իսկ վերջին շրջանում՝ առհասարակ վարկաբեկվել:

- Կողքից արվող գործերը չե՞ն խանգարում դերասանի թատրոնի աշխատանքին:

- Բնականաբար, սերիալների բուռն պոռթկումները հնարավորություն տվեցին դերասաններին թատրոնից դուրս աշխատելու: Որքանով է դա փչացնում, որքանով չի փչացնում դերասանին, դա արդեն իր խնդիրն է: Բայց քանի որ սերիալի նկարահանումները տեւում են շատ արագ, որքան ես գիտեմ՝ տեքստը մեկ օր առաջ են տալիս, եւ դերասանն աշխատելու ժամանակ չի ունենում: Հապշտապությունը եւ մշտական շարունակականությունը բերում են նրան, որ որոշ զգայարաններ ուղղակի բթանում են: Կերպարների 90 տոկոսը մեր սերիալներում չեն աճում: Որոշ թատերագիրներ սերիալները համարում են կենցաղային դրամա, բայց ես այդքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ՝ էն պարզ պատճառով, որ պատմությունները չեն զարգանում, դրանք հետաքրքիր չեն: Սերիալը դարձել է սովորական ժամանցի միջոց:

- Քեզ առաջարկներ եղե՞լ են:

- Մերժել եմ: Նախ, ես ինձ դերասան չեմ համարում: Այն պահից, երբ ես սկսեցի գրել իմ մասնագիտության մասին, իմ անձը սկսեց իջնել եւ մասնագիտությունը արժեւորվել. որքան գրելով ճանաչում ես քո մասնագիտությունը, այնքան արվեստում ճշտում ես քո տեղը: Ինձ համար իմ գրական ստեղծագործությունները շատ կարեւոր են, ոչ նրա համար, որ մարդիկ կարդան... այլ հենց ինձ համար:

- Ի՞նչն է ստիպում քեզ գրել մեր օրերում:

- Մեր քաղաքում ինձ ստիպում է գրել անհեռանկարությունը՝ իմ աշխատանքի անհեռանկար լինելը: Էդ իմաստով կարեւոր բան կա ստեղծագործողի համար, դա հոգեւոր վթարն է, որն ինձ վախեցնում է: Դա նշանակում է, որ վաղ թե ուշ շնորհքը լքում է մարդուն, որովհետեւ հնարավոր չէ երկար ստեղծագործելու դեպքում մարդ իրեն չկրկնի: Նախ, շնորհքը շատ դանդաղ է զարգանում, հետո շատ արագ հեռանում է, հեռացման առաջին պայմանը էդ հոգեւոր վթարն է, երբ դու տրվում ես փառքին, փողին:

- Իսկ մեր քաղաքում որեւէ շարժիչ ուժ չկա՞:

- Չէ, մեր քաղաքը ինքնասպան եղած քաղաք է... ինձ համար Երեւանը մի քանի դրսեւորումներ ունի՝ մեկը փախչող քաղաքն է:

- Ումի՞ց է փախչում մեր քաղաքը:

- Առաջին հերթին ինքն իրենից, հետո՝ մարդկանցից: Բայց էսպիսի բան էլ կա, անհեռանկար լինելը քո քաղաքում քեզ ստիպում է բաներ անել, որ դու հեռանկար ունենալու դեպքում չէիր անի: Օրինակ, ստիպում է ավելի անկեղծ լինել:

- Այսինքն անկեղծությունը դեռեւս ապրում է մեր քաղաքում...

- Ցանկացած ինքնասպանություն եղած օրգանիզմում էլ ապրող բջիջներ կան: Ասում են՝ մարդու մեռնելուց հետո ամենաերկարը նրա մազերն են ապրում, դրա համար էլ քաչալացել եմ (ծիծաղում է):

- Իսկ հույսը որտե՞ղ է:

- Ես աշխատում եմ հույսեր չունենալ, որ կարողանամ ապրել այնպես, ինչպես ես եմ ուզում:

- Դժվար չի՞:

- Չէ, ավելի հեշտ է: Դա բնավ կապ չունի վատատեսության հետ, ես բոլորովին վատատես չեմ:

- Հույսը դեպի առաջ նայելու հնարավորությունն է...

- Ինձ համար կարեւոր է այս պահը, թե ինչ կա էս պահին: Դա չի նշանակում, որ ես խորը մարդ չեմ կամ արհամարհում եմ ապագան... ինձ համար երջանկությունը այսօրն է:

- Լինո՞ւմ է այնպես, երբ արթնանում ես ու հասկանում, որ այդ օրը փոխել է քո ամբողջ կյանքը կամ այն մարդուն, որն ամենակարեւորն էր քեզ համար... դրան ո՞նց դիմանալ:

-  Ես գրել եմ իմ նոր վեպում՝ "Մարդուն նվիրվողը միշտ էլ մարդասպան է դառնում... ի՞նչ տարբերություն ում է սպանում՝ ինքն իրե՞ն, թե՞ նրան": Նվիրվելը չափ ունի...

- Ի՞նչ վեպի մասին ես խոսում:

- Իմ "Մաշկացավ" վեպը, որը ես չեմ տպագրելու, որովհետեւ այն մարդու մասին որ գրում եմ, նա չի ուզում, որ տպագրեմ:

- Գրականությունն այն տարածքը չի՞, որտեղ մենք պետք է ազատվենք մարդկանց կարծիքից:

- Մարդկանց կարծիքից կարող ես հրաժարվել, բայց կան մարդիկ, որոնց հետ կապից չես կարող հրաժարվել:

- Բայց դու գրող ես, չէ՞:

- Ես գող եմ: Զգացողություններ եմ գողանում, հետո գողացած զգացողություններս օգտագործում եմ իմ գրականության մեջ: Ինձ համար վախենալու է իմ զգացողությունների մասին գրելը:

- Արփի Ոսկանյանն ասում է` գրելը թուղթուգիր է:

- Էդ հաստատ: Էն, ինչ ես գրել եմ, կամ եղել են, կամ հետո են լինում:

- Սնահավա՞տ ես:

- Ջրի հետ խոսում եմ, ու ջուրն իմ ցանկությունները կատարում է: