Արշիլը մասնակցում է եկեղեցու կառուցմանը

Արշիլը մասնակցում է եկեղեցու կառուցմանը
Անվանի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի տղան` Արշիլը, մինչեւ հուլիսի 27-ը մնալու է Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում: Նա ու եւս 10 կամավոր աջակցում են գյուղի 18-րդ դարի Սբ Աստվածածին եկեղեցու նորոգման աշխատանքներին: Արշիլը նախ զարմացավ, որ լրագրողներս բացահայտեցինք գաղտնիքը, քանի որ նա փորձում էր աննկատ մնալ:  Տորոնտոյի ֆրանսիական դպրոցի 16-ամյա սան Արշիլը արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Իհարկե, հասկանում է հայերեն, բայց դժվար է արտահայտվում, ուստիեւ անգլերեն հաղորդակցվեց: Տղայի պատմելով, այս անգամ  կամավոր Հայաստան եկել է մոր` դերասանուհի Արսինե Խանջյանի խորհրդով: "Ու առաջին անգամ Հայաստանը տեսա Երեւանից դուրս: Մեզ՝ սփյուռքահայերիս շատ պետք է, որ լինենք մեր հայրենիքում, մոտ կանգնենք մեր արմատներին, դրա համար լսեցի մորս խորհուրդը, մասնակից լինելով եկեղեցաշինական սուրբ գործին",-ասում է Արշիլը:  Ֆրանսիական "Երկիր-մշակույթ" կազմակերպության կողմից է նորոգվում գյուղի եկեղեցին:  Աշխատանքները սկսվել էին դեռեւս 2007-ին իրականացված պեղումներից հետո, երբ հայտնաբերվեցին բազմաթիվ խաչքարեր: Այս ամսից է վերսկսվել նորոգումը: Այս տարի Եղվարդում կնորոգվի եկեղեցու բեմը, կկատարվեն  ներքին հարդարման աշխատանքներ, կտեղադրվի  եկեղեցու դուռը: Ընդհանուր առմամբ այս տարի  10 մլն. դրամ է ներդրվելու: Շինարարությունն իրականացնում է "Հրակարսին" ՍՊԸ-ն: Ամերիկահայ  Ուրֆա Վարդանյանը Կալիֆոռնիայի համալսարանում է սովորում: Հատուկ կարիքավոր է,  զրկվել է երկու ձեռքերից, սակայն, իր խոսքով, Եղվարդ եկել է սեփական ցանկությամբ, ուժերի ներածի չափով օգնելու հայրենիքին: Կամավորների կացարանի, սննդի խնդիրները լուծել է գյուղապետարանը: Վերջինս իր վրա է վերցրել նաեւ երեկոյան ազատ ժամանցի կազմակերպումը, որը հիմնականում լինում է գյուղի փոքրիկ սրճարանում: Դիսկոտեկներ են կազմակերպվում: Շաբաթ-կիրակի օրերին էլ այցեր են կազմակերպվում մարզի տեսարժան վայրեր: Հիմնականում երիտասարդները զբաղվում են բարեկարգման աշխատանքներով, հեռացնում են շինարարական աղբը,  մաքրում եկեղեցու հարեւանությամբ գտնվող Թորոս իշխանի գերեզմանաքարի շրջակայքը, ինչպես նաեւ գյուղից 1 կմ հյուսիս Սպիտակ խաչի աղբյուր կոչվող 12-13դդ. գերեզմանատեղին: Սյունյաց թեմի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը պահպանիչ աղոթք ասաց եկեղեցում, որով Աստծո օրհնությունը խնդրեց կամավորների կողմից իրականացվող եկեղեցաշինական գործում: Ամերիկահայ կամավորներին օգոստոսին կփոխարինեն եւրոպական երկրներից ժամանած հայ երիտասարդները:



Արմեն

ԴԱՎԹՅԱՆ