Շները հանգիստ ճեմում են...

Շները հանգիստ ճեմում են...
Այս շները ազատ երթեւեկում են Սյունիքի մարզկենտրոնի կենտրոնական փողոցներով: Ամռան տապից նրանք հանգստանում են  Կապանի Դավիթբեկի հրապարակում, Ողջի գետի մատույցներում: Անցորդները, տեսնելով, որ զարմացած լուսանկարում եմ, ասացին, որ դա նորություն չէ: "Խմբում 12 շուն է, անընդհատ քայլում են փողոցներով ցերեկ թե գիշեր: Չեն կծում, պարզապես գիշերն է մի քիչ վտանգավոր, նաեւ գզվռտվում են, հաչում ու անհանգստացնում մարդկանց",-ասացին ավելի իրազեկները: Կապանի քաղաքապետարանն է զբաղվում թափառական շների ոչնչացման խնդրով,  ու որսորդմիության հետ կնքած պայմանագրով պարբերաբար սպանվում են  թափառական շները: Դա արվում է ոչ ժամանակակից մեթոդներով` կրակելով:



"Շուտվանից կրակոցի ձայն չի լսվում, կամ սեզոնը չի,  կամ էլ փող չկա գործն անելու համար",-մեր լուսանկարմանը զուգընթաց պատմում էր անցորդներից մեկը: "Այ բալա, անունս ինչի՞դ ա պետք,-իմ հարցին ի պատասխան՝ ասաց անցորդը,-շառից հեռու պահեք ինձ, մարդ եմ էլի, խոսում եմ, չնայած ճիշտ բաներ եմ ասում, բայց ճիշտը չի անցնում",-իր վերջին տեսակետն արտահայտելով՝ հեռացավ 45-ին մոտ տղամարդը:   Իսկ շների ոհմակը` լեզուները հանած, վայելում էր ամռան հովը` Ողջի գետի ափամերձ տարածքում, ուշադրություն չդարձնելով անցուդարձին: Ասենք, անցորդների համար էլ կարծես սովորական է դարձել, չէ որ շունը մարդու բարեկամն է: