Ինչ է սպասվում բնապահպանության նախարարին

Ինչ է սպասվում բնապահպանության նախարարին
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետագա պաշտոնավարման մասին առայժմ որեւէ բան հստակ չէ: Նա այժմ արձակուրդում է եւ կվերադառնա օգոստոսի 19-ին: Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը, մեկնաբանելով  մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց՝ Արամ Հարությունյանին հանրապետության նախագահը պետք է շուտով պաշտոնանկ անի, ասաց. «Մենք այսօր՝ օգոստոսի 9-ին, գործակարգավարական խորհրդակցություն ենք անցկացրել առաջին փոխնախարարի ղեկավարությամբ եւ նախարարության բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ, եւ ես չլսեցի որեւէ մեկից շշուկ կամ ակնարկ այն մասին, որ նման պրոբլեմ կա: Նախարարության միջանցքներում նման խոսակցություններ չկան»:



Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, նախագահ Սերժ Սարգսյանը դեռ տարեսկզբին ՀՀԿ-ում մի քննարկման ժամանակ հայտարարել էր, թե կաշառակերության մեջ մեղադրվող բնապահպանության նախարարության աշխատակիցների դատավճռից հետո պետք է պաշտոնանկ անի Արամ Հարությունյանին:



Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավության դատարանը կաշառառության մեջ մեղադրվող Բնապահպանության տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանին դատապարտվել է 7, իսկ նրա նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանին` 10 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունից կաշառք վերցնելու մեջ, որպեսզի պակասեցնեն այդ ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարները:



news.am