ՕԵԿ-ում ներդրում "չունի անելու"

ՕԵԿ-ում ներդրում "չունի անելու"
ՀՀ նախկին փոխոստիկանապետ Արմեն Երիցյանը, որը մեկ օրում դարձավ ՕԵԿ-ական ու նշանակվեց արտակարգ իրավիճակների նախարար, պնդում է, որ որեւէ ֆինանսական ներդրում չի արել կուսակցությունում ու ոչ էլ պատրաստվում է անել:



- Պարոն Երիցյան, ո՞ր պաշտոնն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ փոխոստիկանապետի՞, թե՞ նախարարի:



- Գիտեք, դրանք տարբեր ուղղություններ են: Ես 31 տարի ոստիկան եմ եղել: Հիմա արդեն, որպես արտակարգ իրավիճակների նախարար, գտնում եմ ինձ համար ավելի հոգեհարազատ էս ծառայությունը, որովհետեւ անելիքներ շատ ունեմ բոլոր ուղղություններով տվյալ ծառայությունում:



- Օրինակ ի՞նչ անելիք ունեք, որը չէիք կարողանում իրացնել ոստիկանությունում, թե՞ պարզապես Ձեզ դուր է գալիս նախարարի պաշտոնը, նախարար լինելը:



- Չէ, գիտեք, նախարարի պաշտոնը դա հաճելի ա ընկերների համար, բարեկամների համար, բայց ինքդ որ նախարար ես, դա լուրջ պարտականություններ ա, ու չեմ կարծում, որ մեկը նախարար լինելով, պետք է ուրախանա,  որովհետեւ պարտականություններն էնքան շատ են: Ես անձամբ գտնում եմ, որ դժվար է նախարար լինելը, բայց քանի որ արդեն նշանակվել եմ, պետք է իմ առջեւ դրված խնդիրները կատարեմ:



- Իսկ Դուք ի՞նչ երաշխիքներ եք տվել ՕԵԿ-ին, որ նախարարի պաշտոնում ընտրությունը Ձեզ վրա կանգնեց: Օրինակ վերջերս ՕԵԿ շարքերը համալրած Էդուարդ Մադաթյանի պարագայում ասվում էր, որ նա 20 հազար մարդ պետք է բերի կուսակցություն, 400 հազար դոլարի ներդրում պետք է անի: Դուք որքա՞ն ներդրում պետք է անեք կուսակցությունում:



- Ոչ մի երաշխիք չի եղել: Իմ ներդրումը կլինի իմ լավ աշխատանքը տվյալ նախարարությունում:



- ՕԵԿ-ը Ձեզանից ի՞նչ ակնկալիքներ ունի, որ Ձեզ ընտրեց նախարար:



- Ակնկալիք ունի, որ ունենա լավ, հզոր նախարար, ինչպիսին ես պետք է լինեմ:



- Իսկ ֆինանսական ներդրում չե՞ք արել Դուք ՕԵԿ-ում:



- Չէ: Բացարձակ չեմ արել, չեմ անելու, ոչ էլ ունեմ անելու: Ես հպարտ եմ, որ ՕԵԿ անդամ եմ:



- Բայց ՕԵԿ-ը հիմա շատ վարկաբեկված կուսակցություն է:



- Մի վիրավորեք: Իմ կուսակցությունը վարկաբեկված չի: Չի կարող կուսակցությունը վարկաբեկված լինել: Կարող են մարդիկ լինել վարկաբեկված, որոշ մարդիկ, բայց ամբողջ կուսակցության մասին չի կարելի նման բան ասել:



- Խոսքը հենց կուսակցության ղեկավարի մասին է:



- Չէ: Կուսակցության ղեկավարն իմ ընկերն է, ես դա որպես վիրավորանք եմ համարում:



- Հնարավո՞ր է վարչական լծակներն օգտագործեք հօգուտ ՕԵԿ-ի:



- Ոչ: Բոլորը գիտեն, որ ես հայտարարել եմ, որ առավոտվա 9-6-ը ես արգելել եմ կուսակցության մասին նախարարությունում խոսել, որեւիցե կուսակցության աշխատանքի մասին: Այսինքն՝ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր առջեւ դրված խնդիրներով: Ես շատ եմ կարեւորում տվյալ նախարարության աշխատանքը: Դուք տեսնում եք հիմա Ռուսաստանի Դաշնությունում ինչ է կատարվում: Աստված մի արասցե, էստեղ մի բան եղավ, մենք պետք է դրան պատրաստ լինենք: Օրինակ՝ 88-ին ինչքան զոհ ունեցանք զուտ նրա համար, որ չունեինք մասնագետներ, հրշեջ փրկարարներ չունեինք: Հիմա ես աշխատում եմ, որ մենք կարողանանք ունենանք պրոֆեսիոնալ մասնագետներ:



- Այսօրվա դրությամբ էլ Հայաստանում դժբախտ պատահարները քիչ չեն, հատկապես ջրահեղձումները, եւ խոսք է գնում այն մասին, որ փրկարար ծառայությունը ժամանակին չի հասնում, եթե ժամանակին հասնի, միգուցե այդքան մահեր չարձանագրվեն:



- Ի՞նչ է նշանակում ժամանակին չի հասնում:



- Բավական ուշացած է հասնում դեպքի վայր:



- Ոչ: Դա սուտ է: Լինում են պահեր, օրինակ Աշտարակի դեպքը, երբ ասում են, 20 րոպե ուշ եկան: Ծանր տեխնիկա է, մինչեւ հասնում է դեպքի վայր, արդեն 10-15 րոպե անցնում է: Նայած դեպքի վայրը որտեղ է լինում: ...Իհարկե մենք անելիքներ ունենք: Ինչքան շուտ հասնենք դեպքի վայր, ավելի լավ է եւ ավելի ճիշտ: Ես գտնում եմ, որ անելիքներ շատ ունենք, բայց ասել, որ մշտապես ուշանում է, դա ճիշտ չի: Մենք էլ ունենք պրոբլեմներ: Եվ տրանսպորտի պրոբլեմ ունենք, եւ տեխնիկայի պրոբլեմ ունենք: Էս բոլոր ուղղություններով հիմա մենք աշխատանք ենք տանում, որ փրկարարին հարգեն, սիրեն, վստահեն:



- Մամուլում տեղեկություն եղավ, որ Դուք պաշտոնը ստանձնելուն պես կադրային ջարդ եք սկսել նախարարությունում, նախկին ղեկավարության կադրերին հանել եք աշխատանքից:



- Հայաստանի Հանրապետությունում կադրերն այնքան քիչ են, որ ջարդ անել, դա մինիմում սխալ է: Այսինքն՝ եթե մարդը մասնագետ է, կողքինը, ով զգում է, որ չի կարող աշխատել, իրենք դիմում գրում-գնում են: Ես դա գտնում եմ նորմալ երեւույթ: Կադրային ջարդ ես ոչ մի տեղ չեմ արել եւ չեմ էլ անելու: Ես չունեմ իմ թիմը: Որտեղ գնում եմ, էնտեղ եմ ձեւավորում թիմ:



- Իսկ որպես ոստիկան՝ Ձեզ սիրո՞ւմ են նախարարությունում:



- Սիրո՞ւմ... չեմ կարող ասել, դա իրենց պետք է հարցնեք: ...Քանի որ ոստիկանական համակարգը մեծ է, էնտեղ ավելի հաճախ են հանդիպում մարդիկ, ում չեն սիրում: Մեր ազգն է, մենք մեր ազգից ենք ոստիկան ընտրել: Ազգի լավագույններից ընտրել ենք ոստիկաններ: Հիմա իրանց չենք սիրում: Դա արդեն այլ խնդիր է, բայց ոստիկաններին էլ պետք է սիրել: