Ականջաբռնո՜ւկ, Մինսկի խումբը էլի եկալ ա

Ականջաբռնո՜ւկ, Մինսկի խումբը էլի եկալ ա
Նախօրեին ԵԱՀԿ Մինսկի համանախագահները սկսեցին իրենց հերթական այցը Հարավային Կովկաս: Այս անգամ էլ առաջինն այցելեցին Ադրբեջան: Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդիպել են Ադրբեջանի ղեկավարության հետ: Բաքվից նրանք մեկնելու են  Լեռնային Ղարաբաղ, իսկ Երեւան կգան սեպտեմբերի 9-ին: Հիշեցնենք, որ մինչ այս համանախագահները խուսափում էին այցելել Լեռնային Ղարաբաղ, պատճառաբանելով, թե "եղանակային պայմանները բարենպաստ չեն":



Այս անգամ, ինչպես տեսնում ենք, նրանք Ղարաբաղ են գնում հատկապես Բաքվից, ու արդեն հասկանալի է, որ քաղաքական դաշտում ձեւավորվել է այն "բարենպաստ եղանակային պայմանը", որ քամին փչում է Ադրբեջանի առագաստներին: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մինչ այդ քամիների քաղաքում էր ՌԴ նախագահ Մեդվեդեւը, որը Ղարաբաղում զոհված ազերի շահիդների գերեզմանին խոնարհվելուց բացի լրջագույնս քննարկել է Ղարաբաղի հարցը ու նաեւ ստորագրել պայմանագիր պետական սահմանի մասին, պետք է ենթադրել, որ համանախագահների առաքելությունը կարող է ածանցվել Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունից: Նախօրեին համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ եւ հույս հայտնել, որ առաջիկա ամիսներին, մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողովը, առավել ակտիվ լինելու պարագայում  կհասնեն որոշակի արդյունքների:



Իսկ այդ ակտիվացումը ենթադրում է շփման գծերում հրադադարի ռեժիմի ամրապնդման համար անհրաժեշտ հավելյալ միջոցների ձեռնարկում եւ, որ ամենակարեւորն է՝  աջակցություն փոխզիջումներ ենթադրող բանակցություններին: Բացի այդ, պետք է մշակեն ու ներկայացնեն "հետագա գործողությունների համար" անհրաժեշտ պայմանները: Գաղտնիք ասած չենք լինի, եթե ավելորդ անգամ նշենք, որ հայկական կողմին, մասնավորապես հասարակությանը մինչ օրս հայտնի չէ, թե ինչ ասել է փոխզիջում: Հայտնի է միայն, որ Ադրբեջանը պահանջում է ազատագրված տարածքները, պաշտոնական Երեւանն էլ խոստովանել է, որ այդ տարածքները  "գրավյալ" են հերիք չէ, Աղդամն էլ Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ: Հետեւաբար պետք է զիջեն:



Իսկ թե ինչ պիտի զիջի Ադրբեջանը, որ ստացվի փոխզիջում, նույնպես հայտնի չէ: Հայտնի է միայն, որ  սեպտեմբերի առաջին երեք շաբաթների ընթացքում համանախագահները պետք է գնան Վաշինգտոն, հետո Նյու Յորք՝  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում "կողմերի հետ աշխատելու համար":  Կողմերին, հանդգնենք ասել՝ հիմնականում հայկական, մշակելուց հետո  համանախագահները վերադառնալու են տարածաշրջան եւ արդեն սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի առաջին կեսը գնահատելու են "ԼՂ հարակից տարածքներում" առկա  իրավիճակը՝  հումանիտար առաքելություն իրականացնելու նպատակով: Ավելի պարզ՝ քննարկելու են կողմերի հետ նախապես համաձայնեցված սկզբունքները:



Այսպիսով՝ ուրվագծելով Ղարաբաղի ճակատագիրը, համանախագահներն իրենց հետ բերելու են նաեւ խորհրդականներից եւ փորձագետներից, այդ թվում` ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներից կազմված "բարձր մակարդակի" մի խումբ, որ հետո գրանցած արդյունքները ներկայացնեն Վիեննայում: Այնուհետեւ համանախագահները կպատրաստեն ամենամյա զեկույց ԵԱՀԿ մշտական խորհրդի գործունեության մասին եւ "կողմերին ակտիվորեն կպատրաստեն" Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին: Նախօրեին արդեն նրանք կողմերին կոչ են արել "ակտիվ գործունեության փուլում" խստորեն հետեւել հրադադարի մասին պայմանագրին, "տեղերում ցուցաբերել զսպվածություն, ջանք չխնայել փոխզիջման ոգու ամրապնդման համար", եթե ուզում են հասնել առաջընթացի:



Համանախագահները նաեւ պահանջել են զերծ մնալ "բացասական բնույթի հրապարակային հայտարարություններից" եւ լուրջ երկխոսություն սկսելու համար ցուցադրել համոզիչ քաղաքական կամք: Այդ իմաստով մերոնք շատ ուշիմ են: Առանց այդ էլ պաշտոնական Երեւանի "մեկնաբանությունները" սահմանափակվում էին "քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերով", հիմա արդեն վստահ կարելի է ասել, որ ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ արտգործնախարար Նալբանդյանը փրկվեցին, որովհետեւ հրահանգ են ստացել չխոսել:



Ինչ վերաբերում է արդեն իսկ "տեղերում" ցուցաբերված անզուսպ գործողություններին, այսինքն՝ հրադադարի խախտման դեպքերին, որոնց ընթացքում ինչպես մենք, այնպես էլ ադրբեջանցիները ունեցել ենք մարդկային զոհեր, ապա համանախագահները նշել են, որ  "վճռականորեն դատապարտում են հրադադարի պայմանագրի յուրաքանչյուր խախտում, մասնավորապես շփման գծի հատմամբ յուրաքանչյուր ներխուժում", եւ ափսոսանք են հայտնել "մարդկանց անիմաստ մահվան համար": Այստեղ արդեն կարելի է վիճել, որովհետեւ եթե մեզ համար իրոք անիմաստ են ինչպես այդ, այնպես էլ վերջին շրջանում այլ միջադեպերի հետեւանքով տեղի ունեցած զոհերը, ապա Ադրբեջանն իր զոհերին ոչ միայն իմաստ է հաղորդում, այլեւ նպատակային է օգտագործում:



Ի վերջո, անկախ ամեն ինչից, հայկական կողմին երբեք ձեռնտու չի եղել խախտել հրադադարն ու միջազգային հանրության աչքում ամրացնել առանց այդ էլ ագրեսոր հռչակված երկրի "համբավը": Համանախագահների հայտարարության մեջ, սակայն, կա նաեւ "քողարկված սարսափի" պահ, թեպետ դիվանագիտական տեքստի տեսակետից հնարավորինս կոռեկտ ձեւակերպված: Իբր հիշեցնում են, որ Ալմաթիում երկու երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ "ուժի կիրառումը բարդացնում է իրավիճակը", բայց նաեւ շեշտում են, որ եթե բարդացնեն, ապա դա կարող է հանգեցնել "ընդամենը տառապանքների եւ ավերածությունների, իսկ հակամարտության եւ թշնամանքի հետեւանքները կզգան հաջորդ սերունդները": Պարզ է չէ՞: Թարգմանաբար՝ ձեզ խելոք պահեք, թե չէ կտառապեք ոչ միայն դուք, այլեւ ձեր երեխաները: Սա վերաբերում է հատկապես մեզ` այն պարզ պատճառով, որ մեր հասարակության նկատմամբ ռեժիմը վաղուց է կիրառում "լավ է զիջենք տարածքները, քան էլի պատերազմ լինի" հոգեբանական հնարքը: