Վարչապետը պայքարում է ծխելու դեմ

Վարչապետը պայքարում է ծխելու դեմ
Չինաստաններից վերադարձած վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ Հայաստանում ծխախոտը շատ էժան է, ուստի կառավարության երեկվա նիստում անհապաղ քայլեր է ձեռնարկել այն թանկացնելու ուղղությամբ: Կառավարությունը երեկ հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» եւ «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագծերին։



Սա նշանակում  է, որ Հայաստանում կթանկանան ծխախոտն ու բենզինը: «Խնդիրն այն է, որ Հայաստանում, օրինակ, ծխախոտը շատ էժան է եւ ամենքին մատչելի»,- ծխող բնակչությունից լրացուցիչ գումար պոկելու որոշումը բացատրել է վարչապետը եւ դեմքին մտահոգ արտահայտություն տալով՝ շարունակել. «Մեզանում խիստ տարածված են նաեւ ծխախոտի հետեւանքով առաջացող հիվանդությունները։ Ուստի գները պետք է աստիճանաբար բարձրացնել, ինչն արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարի իմաստով։



Երկրորդ, անհրաժեշտ է հավասար մրցակցային դաշտ ստեղծել ներմուծողների եւ արտադրողների միջեւ, եւ  երրորդ՝ օրինագիծը նախատեսում է սահուն անցում դեպի խաղի նոր կանոններ, քանի որ օրենքի այս կետը գործելու է 2014-ից»։ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տեղում բիզնես-առաջարկ է արել. ծխախոտի յուրաքանչյուր տուփի վրա 50-100 դրամ ավելի հարկ սահմանել՝ այդ գումարներն ուղղելով ծխախոտից առաջացած հիվանդությունների բուժմանը։ Բիզնես-առաջարկը միանգամից դուր է եկել վարչապետին։