Արամ Կարապետյան. Շախմատային դիվանագետները միայն նարդի խաղալ գիտեն

Արամ Կարապետյան. Շախմատային դիվանագետները միայն նարդի խաղալ գիտեն
Արտաքին քաղաքական վերջին զարգացումների շարքում կարեւոր է ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարաձգման պայմանագիրը: Ռազմական  առումով այն մեզ շատ ձեռնտու է: Քաղաքական  առումով իշխանությունը որեւէ կերպ պետք է իրեն չվերագրի այդ ամենը: Այդ առաջարկը 2 տարի առաջ է եղել: Այդ ժամանակ մենք դեպի ՆԱՏՕ էինք գնում, Սահակաշվիլուն մեդալներ տալիս, Թուրքիայի հետ սահման բացում: Երբ պարզ դարձավ, որ ոչ մի տեղ Սերժ Սարգսյանին չեն սպասում, Ռուսաստանի գիրկն ընկավ՝ ստորագրելով այդ պայմանագիրը: Փոքր-ինչ անհասկանալի էր C-300-ի վաճառքն Ադրբեջանին:



Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում անհասկանալի ու շիլաշփոթային է: Դա նրանից է, որ վիճակը գնալով սրվում է: Մի այլ հանգամանք եւս կարեւորում եմ: Մեր հարեւան Պարսկաստանը, որը մեզ հետ սահման ունեցող միակ բարեկամական  երկիրն է, հիմա շատ թափով դառնում է ադրբեջանամետ: Մեր դիվանագիտության ամենամեծ պարտություններից մեկը հայ-թուրքականից հետո դա է լինելու, որը ապագայում շատ վատ հետեւանքներ է ունենալու: Այսպես ասած, շախմատային դիվանագիտության եւ Սերժ Սարգսյանի «հրեղեն» քաղաքականության արդյունքում բարձրագույն պարգեւ ստացած Սահակաշվիլին Ադրբեջանի հետ  կոնֆեդերացիա է ստեղծում. Բաքու-Ջեյհան նավթատարից բացի, ներդրում է արվում Կարս-Ախալքալաք-Բաքու նախագծում, որ մեզ մեկուսացնեն:



Դիվանագիտական այս թմբիրի մեջ շատ լուրջ դիվանագիտական պարտություն կրեցինք, երբ Ադրբեջանը ՄԱԿ մտցրեց ԼՂ խնդիրը, բայց ՄԽ համանախագահների հետ վաճառքի գնալուց հետո հետ քաշեց՝ փոխարենը ստանալով Դաշտային առաքելության հնարավորությունը: Սա մեր դիվանագիտության եւս մեկ շատ մեծ ու տխուր պարտությունն է, եւ այդ  պարտությունների շարքը շարունակվում է: Մի փաստ էլ եմ ուզում նշել: Հիշում ենք, թե ինչպես օգոստոսին շատ մեծ շուքով Սարգսյանն ու Մեդվեդեւն այստեղ հավաքեցին ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին եւ ներկայացրին, թե նրանք որքան մեծ ոգեւորությամբ են ընդունում ՀԱՊԿ սկզբունքները:



Իսկ երեկ իմանում ենք, որ ՀԱՊԿ անդամ Ուզբեկստանը, կարող եմ ենթադրել ԱՄՆ-ի միջամտությամբ, Բաքվի հետ համատեղ հայտարարություն է ստորագրում, որտեղ Հայաստանն անվանվում է «օկուպանտ», կոչ է արվում վերադարձնել «օկուպացված» տարածքները եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը: Եթե սա շախմատային դիվանագիտության հաղթանակն է, ինչպես ասում են ՀՀԿ ներկայացուցիչները, ուրեմն մենք միայն նարդի խաղալ գիտենք: Ցավոք, եթե պրոցեսներն այսպես շարունակվեն, Ադրբեջանը, որն ԱՄՆ-ի լուրջ աջակցությունն է ստանում, Անդրկովկասում վերածվում է բավականաչափ ծանրակշիռ կենտրոնի, որտեղ կամաց-կամաց միավորվում են ռուսական, թուրքական, իրանական եւ միջինասիական շահեր:



Դրանով մենք ոչ միայն երկրորդական ենք դառնում, այլեւ վտանգավոր կացության մեջ հայտնվում: Այս ամենի արդյունքն այն է, որ հայկական դիվանագիտությունը խելապատառ մտավ հայ-թուրքական խաղի մեջ, պարտվեց եւ հիմա կանգնած է այն վտանգի առաջ, որ մեր լսողությանը սովորեցնում են հայտարարություններում մշտապես նշվող «օկուպացված» տարածքներ արտահայտությանը:  Սերժ Սարգսյանի ստորագրությունը, եթե նա Մադրիդյան սկզբունքների հիման վրա փաստաթուղթ էլ ստորագրի, ոչինչ չի նշանակում: Հայ ազգը եւ Հայաստանը, ինչպես հայ-թուրքականի պարագայում, այդ ստորագրության ետեւից չի գնալու:



Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՆԺԿ ղեկավար