Ինձ չթվաց, թե օտար վայրում եմ

Ինձ չթվաց, թե օտար վայրում եմ
Անցյալ շաբաթ Հայաստանը եւ Վրաստանը Եգիպտոսից հյուր ունեին: Եգիպտոսի ԱԳՆ հիմնադրամի գլխավոր քարտուղարը, որն առավելապես հայտնի է Հայաստանի, Վրաստանի, այլ երկրների մասնագետների Եգիպտոս այցերի կազմակերպմամբ, միայն Հայաստանից մոտ 2.200 մարդ է  հյուրընկալել Եգիպտոսում: Կառույցը կոչվում է «Համագործակցության տեխնիկական աջակցության հիմնադրամ», եւ դեսպան Սոմայա Սաադը այդ հիմնադրամի վերջերս նշանակված գլխավոր քարտուղարն է:



- Տիկին դեսպան, Ձեր հիմնադրամի ծրագրերին մասնակցածները փորձում են կռահել Ձեր հիմնադրամի, դրա նպատակների, ծրագրերի մասին:



- Այս հիմնադրամը ստեղծվել է 1992-ին` ԱՊՀ կազմավորումից հետո, նախագահական հրամանագրով, եւ հիմնադրամի բյուջեն հաստատվում է ամեն տարի` Եգիպտոսի պետական բյուջեի հոդվածների թվում: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրում ԱՊՀ երկրներին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար` ելնելով տվյալ երկրի կարիքներից եւ առաջնահերթություններից: Ինչու ենք մենք դա անո՞ւմ: Պարզապես մենք միշտ հետաքրքրված ենք տարբեր ֆորումներում ներկա լինելու, առավել եւս հարաբերություններ կառուցելու անցյալից ձեւավորված հիմքերի վրա:



- Որքան ես գիտեմ, Դուք այժմ գործունեություն եք ծավալում Ալբանիայում, Աֆղանստանում:



- Այո, մեր գործունեությունը աշխարհագրական առումով ընդլայնվել է, բայց նորանկախ երկրները մնում են գործունեության առանցքում: Այժմ ես Հայաստանում եմ ձեր պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու համար: Ես ցանկանում եմ քննարկել մինչ այժմ մեր իրականացրած գործունեության արդյունքները, նաեւ նոր գաղափարներ քաղել ապագայի համար: Ինձ շատ հաճելի էր լսել, որ մեր ծրագրերը, դասընթացները Հայաստանի համար օգտակար են եղել, եւ դուք ցանկանում եք, որ դրանք շարունակվեն: Մեր ներկա դեսպանը Հայաստանում նախկինում ինքն է այս ֆոնդի գլխավոր քարտուղարը եղել, հետեւաբար նա կատարելապես իրազեկ է ֆոնդի գործունեությանը եւ նախանձախնդիր է հայ-եգիպտական համագործակցությունը զարգացնելու գործում: Եգիպտոսում ձեր դեսպանը նույնպես շատ է նպաստում երկկողմ համագործակցությանը:



- Սովորաբար Ձեր հիմնադրամի նման կառույցները ոչ միայն արտերկրից են մարդկանց հյուրընկալում դասընթացների, այլեւ սեփական մասնագետների են գործուղում արտերկիր: Այդ ուղղության մասին ի՞նչ կասեք:



- Մինչ այժմ մենք արաբերեն լեզվի մասնագետների ենք գործուղել, որոնք աշխատում են Հայաստանի համալսարաններում, այլ կրթական կենտրոններում, բայց այժմ մտադիր ենք այլ ոլորտների փորձագետներ էլ գործուղել` օրինակ, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտի՝ կախված երկրի ցանկությունից:



- Ներեցեք, էներգետիկայի ոլորտի հիշատակումը լոկ օրինակ է, թե այդ սեկտորում շփումներ եք ունեցել Ձեր այցի ընթացքում:



- Ես հանդիպել եմ ձեր էներգետիկայի փոխնախարարին:



- Եգիպտոսը մտադիր է ընդգրկվել Հայաստանի էներգետիկայի ոլորտո՞ւմ:  Ինձ թվում է՝ այդտեղ առանց այն էլ շատերը կան, երեւի երկրագնդի կեսը` Եվրամիություն, Չինաստան, Իրան, Ռուսաստան...



- Ես փոխնախարարի հետ հանդիպեցի, եւ մենք արդյունավետ խոսակցություն ունեցանք էներգետիկայի ոլորտում Հայաստանի կարիքների մասին:



- Այդ դեպքում վերջին հարցը` Երեւանից Ձեր տպավորությունը: Երեւանը շա՞տ է հեռու Արեւելքից: Մենք սովորություն ունենք ասելու, որ Հայաստանը Արեւելք է եւ Արեւմուտք միաժամանակ:



- Ինձ թվում է՝ դուք շատ ճիշտ եք: Ես առաջին անգամ եմ  Երեւանում եւ շատ սիրեցի ձեր քաղաքը: Մարդիկ շատ ջերմ են այստեղ, ինձ չթվաց, թե օտար վայրում եմ: