Ֆիլմը կկոտրի կարծրատիպերը

Ֆիլմը կկոտրի կարծրատիպերը
«Մեր տունը» ՀԿ-ի հարկի տակ ապրում են Գավառի մանկատան 18 տարին լրացած աղջիկները, որոնք չափահաս դառնալուց եւ մանկատնից դուրս գալուց հետո հայտնվում են անորոշության մեջ: Ամերիկահայ բարեգործ Ջուլի Աշեկյանի հովանավորությամբ 2005 թվականից նրանց աջակցում է «Մեր տունը»: Ռեժիսոր Ալեքսանդր Միրզախանյանի մտահղացմամբ վավերագրական ֆիլմ է նկարահանվել մանկատան սաներից մեկի՝ Լուսինեի մասնակցությամբ: 26 րոպե տեւողությամբ ֆիլմում ներկայացվում է աղջկա պատմությունը, թե ինչպես է նա հայտնվել Գավառի մանկատանը, այնուհետ՝ «Մեր տանը» եւ այնտեղ ստանալով օգնություն, ուսում, հետագայում ամուսնացել ու սեփական ընտանիքը կազմել:



Ֆիլմի վերջում «Մեր տունը» երգն է հնչում՝ հայ էստրադային արտիստների կատարմամբ: Ֆիլմի պրեմիերան մոտ մեկ շաբաթ առաջ է տեղի ունեցել  «Մոսկվա» կինոթատրոնում: Առաջիկայում նախատեսվում է ֆիլմի ցուցադրությունը նաեւ հայկական հեռուստաալիքներով: Երեկ ֆիլմի ռեժիսորը, երգի երաժշտության հեղինակ Մարտին Ահարոնյանը, երգչուհի Ալլա Լեւոնյանը եւ «Մեր տունը» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Տիգրանուհի Կարապետյանը խոսեցին մանկատան չափահաս երեխաների խնդիրներից եւ ֆիլմի նշանակությունից: Ամենակարեւորը, ըստ նրանց, այն է, որ ֆիլմի միջոցով կոտրվում են մանկատան երեխաների շուրջ ստեղծված  կարծրատիպերը: