Քաղաքը տժժում էր

Քաղաքը տժժում էր
Կիրակի օրը` վաղ առավոտյան, մեր քաղաքը լի էր «Երեւանը մենք ենք» խորագրով շապիկներով երիտասարդներով, որոնք ջանասիրաբար մաքրում եւ նախապատրաստում էին մեր քաղաքը ծննդյան տոնակատարությանը: Շատ էին նաեւ ջրցան մեքենաները եւ աշխատողները: Քաղաքը տոնական տրամադրության մեջ էր: Արդեն օրվա երկրորդ կեսին Երեւանի տարբեր հատվածներում 20 բեմեր էին պատրաստ մեր համաքաղաքացիներին զվարճացնելու համար: Ամենամեծ տոնակատարությունը Էրեբունի ամրոցի մոտ էր, որտեղ տեղի ունեցավ բեմադրություն Արգիշտի թագավորի եւ Էրեբունի ամրոցի հիմնադրման թեմայով: Ներկայացումից  հետո 3 հազարանոց զորախումբը Արգիշտի թագավորի գլխավորությամբ շարժվեց դեպի Ռուսաստանի հրապարակ, որտեղ նրանց ողջունեց Երեւանի քաղաքապետը:







Ողջ ցերեկվա ընթացքում Երեւանում մշակութային, սպորտային, ժամանցային միջոցառումներ էին անցկացվում: Տարբեր վայրերում թատերական բեմականացումներ, մնջախաղ էին ցուցադրում: Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր ցուցահանդես «Վարպետաց  քաղաք» խորագրով. գորգագործական եւ խեցեգործական աշխատանքներ էին ներկայացված: Պողոտայի սկզբում բեմի վրա երիտասարդները կրկեսային համարներ էին ներկայացնում, փոքր-ինչ հեռու երիտասարդների մեկ այլ խումբ ցանկացողների դեմքին կամ մարմնի տարբեր հատվածներին նկարում էր մեր եռագույնը:



Միեւնույն ժամանակ պողոտայում տեղի էր ունենում նաեւ նորաձեւության ցուցադրություն: Կարապի լճի մոտ  կազմակերպվել էր վինդ սերֆինգի ցուցադրական առաջնություն: Օպերայի բակը դարձել էր մանուկների զվարճանքի կենտրոն, որտեղ նրանք նկարում եւ խաղում էին, ինչպես նաեւ օգտվում իրենց համար նախատեսված  հյուրասիրությունից:



Փոքր կենտրոնը փակ էր ավտոմեքենաների համար, երեւանցիները ուրախ-զվարթ քայլում էին խաչմերուկների կենտրոնով: Ամբողջ քաղաքը շատ գեղեցիկ զարդարված էր, բոլոր հիմնական փողոցներում կախված էին «Երեւանը մենք ենք» լոգոներով դրոշներ եւ հայոց եռագույնը: Ամենուրեք անցորդներին բաժանում էին կրծքանշաններ, կեպիներ եւ շապիկներ՝ տոնական լոգոներով: Իսկ Ֆրանսիական հրապարակում ռետրո մեքենաների ցուցադրություն էր: Մեքենաների տերերը հպարտ կանգնած էին իրենց «գեղեցկուհիների» կողքին, իսկ մեր համաքաղաքացիները նկարվում էին, զարմացած շոշափում անցած դարի փոխադրամիջոցները: Փոքր-ինչ ավելի ուշ քաղաքն էլ ավելի գեղեցկացավ՝ զարդարվելով գեղեցիկ լուսավորությամբ: Ամեն քայլափոխի երաժշտություն էր հնչում:



Կոնսերվատորիայի դիմացի այգում դասական երաժշտության սիրահարները վայելում էին երգչախմբային կատարումներ:  Օպերայի հրապարակում արդեն մութն ընկնելուց հետո սկսվեց մեծ դիսկոտեկ, որը վարում էին հայ հայտնի Դի-Ջեյ-ները: Ջազային երաժշտության սիրահարները հավաքվել էին Կասկադում, շատ լավ նվագեցին «Crossroads» խմբի տղաները: Շրթհարմոնը միայն ինչ ասես արժեր: Հյուսիսային պողոտայում  երգել ցանկացողների համար հատուկ կազմակերպվել էր մեծ կարաոկե: «Կինոմոսկվայի» դիմաց  ռոք համերգ էր ծանր երաժշտության սիրահարների համար (մենք այնտեղ ներկա էինք, երբ ելույթ էր ունենում «Դորիանս» խումբը, նրանք ուղղակի ցնծություն առաջացրին հավաքվածների շրջանում):



Ամբողջ օրվա տոնախմբությունները եզրափակվեցին Հանրապետության հրապարակի գալա-համերգով: Համերգի ժամանակ ելույթ ունեցան գրեթե բոլոր հայ աստղերը, ինչպես նաեւ համերգի հատուկ հյուրերն էին անկրկնելի Վալերի Մելաձեն եւ աշխարհահռչակ «Բոնի Էմ» խումբը: Գագիկ Բեգլարյանն օրվա ընթացքում անձամբ վերահսկում էր բոլոր միջոցառումների ընթացքը եւ շրջում քաղաքով մեկ: Ժամը 22-ին Երեւանը թնդաց տոնական հրավառությունից: Դա մի մեծ ոււ գեղեցիկ հրավառություն էր՝ երբեւէ չտեսնված:



Ժողովուրդն այնքան էր ոգեւորվել,  որ հրավառության ավարտին ծափահարում էր: Էրեբունի-Երեւանի 2792 ամյակն իսկական տոն դարձավ հայերի համար: Մինչեւ ուշ գիշեր ոչ ոք չէր ուզում լքել քաղաքը, բոլորն ուրախ էին, տոնական տրամադրությամբ՝ հատկապես երիտասարդությունը: Այդ օրը շատ լավ նվեր էր երեւանցիների համար, հուսանք, որ այսուհետ բոլոր տոներին Երեւանը նույնկերպ կցնծա:



Մերի ՄԱՐԳԱՐՅԱՆ