«Թատերական Լոռի» 20-րդ հոբելյանական փառատոնը

«Թատերական Լոռի» 20-րդ հոբելյանական փառատոնը
Հոկտեմբերի 20-27-ը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում «Թատերական Լոռի» 20-րդ հոբելյանական փառատոնն էր, որին մասնակցում էին Հայաստանի, ինչպես նաեւ Վրաստանից ժամանած թատերական խմբեր: Միջոցառումը, որը տեւեց 7 օր, իր շուրջն էր հավաքել Ալավերդի քաղաքի թատերասեր հանրությանը: Ալավերդցիներն ասում են. «Սա տարվա մեջ մի օր է, երբ մենք բոլորս մեծ սպասումներով ենք գալիս թատրոն, գիտակցելով, որ մեր սպասելիքներն արդարացվելու են»:



Փառատոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի խոսքով՝ ոչ մի երկիր չունի «Թատերական Լոռի» փառատոնի նման փառատոն. «Ալավերդու քաղաքապետը կարողացավ ապացուցել, որ քաղաքական գործիչն ու մշակույթը կարող են մեկտեղվել»:  Իսկ քաղաքապետ Արթուր Նալբանդյանի պնդմամբ՝ Ալավերդին այսօր լինելով մետալուրգիական քաղաք, արդեն հանրությանը հայտնի է  դարձել նաեւ իր մշակույթով, որի վկայությունն էլ իր ու մշակույթի փոխնախարարի պայմանավորվածությունն էր. «Մենք այսօր փոխնախարարի հետ խոսեցինք, միգուցե անկախության 20 ամյակին նվիրված փառատոնը մյուս տարի նշվի, իսկ եթե չստացվի, ապա անպայման 2011-ին կնշենք»:



Փառատոնի կայացման գործում լուրջ ավանդ ունի փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, ում հանդիսատեսը բուռն ծափողջույններով դիմավորեց: Ի դեպ, գնալով շատանում են փառատոնին մասնակցության հայտ ներկայացնողների թիվը, եւ պատահական չէ, որ «Թատերական Լոռի» փառատոնին սպասում է ոչ միայն ալավերդցին,  այլ նաեւ բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ ներկա են գտնվել միջոցառմանը:  Հրաչյա Պապինյանը դեռեւս փառատոնի փակման ժամանակ արդեն մտածում էր հաջորդ տարվա ծրագրերի մասին. «Ուզում եմ հաջորդ փառատոնը դարձնել մարզային փառատոն, որն իր մեջ կընդգրկի մարզի բոլոր խոշոր քաղաքները»: Հրաչյա Պապինյանը ստացավ մշակույթի նախարարության ոսկե մեդալ: Փառատոնի ավարտին Ալավերդու քաղաքապետը մեծ հյուրասիրություն էր կազմակերպել միջոցառման մասնակից խմբերի եւ հյուրերի համար, որոնք կրկին համոզվեցին, որ լոռեցիները հյուրասեր ժողովուրդ են: