Որքանով է շահագրգռված նախարարը

Որքանով է շահագրգռված նախարարը
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հրամանով «Սիփան-1» ՍՊԸ-ն զրկվել էր Սյունիքի մարզի Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման լիցենզիայից՝ այն հիմնավորմամբ, որ օրենքով սահմանված ժամկետում լիցենզիայի համար պայմանագիր չի կնքվել: «Սիփան-1»-ի տնօրենը գործարար Սիլվա Համբարձումյանն է, իսկ հանքավայրն ամբողջությամբ պատկանում է  ավստրալական հայտնի «Թամայա ռիսորսիզ» ընկերությանը:



«Սիփան-1» ընկերությունը նախարարի հրամանը չեղյալ ճանաչելու համար դիմել էր վարչական դատարան: 9 ամիս գործը քննելուց հետո վարչական դատարանը մերժել էր ընկերության հայցը: Ընկերությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, վճռաբեկ դատարանը 2010թ. հունիսի 30-ին բեկանել է վարչական դատարանի որոշումը եւ էներգետիկայի նախարարի հրամանը ճանաչել անվավեր: Սակայն վճռաբեկի որոշումից երկու ամիս անց` հոկտեմբերի մեկին, նախարարն արձակել է երկրորդ հրամանը` նույն լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:



Այս անգամ էլ հիմնավորելով, թե Լիճքվազ-Թեյի հանքավայրն օրենքով սահմանված ժամկետում եւ կարգով փորձաքննություն չի անցել: Երեկ ՀՀ վարչական դատարանում դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ կայացավ այս գործով նախնական դատավարություն: Հանքավայրի եւ ընկերության շուրջ եղած աղմուկը սկսվել է վաղուց: Մեղրու ոսկու հանքերին տիրանալու համար պայքար է գնում մի քանի մարդկանց միջեւ: Հանքերով, ինչպես նաեւ «Սիփան-1» ընկերությամբ հետաքրքրված է մասնավորապես Սյունիքի մարզպետը՝ Սուրեն Խաչատրյանը:



Ասում են, որ այս առումով որոշակի շահագրգռվածություն ունի նաեւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա անգամ հանդես էր եկել հայտարարությամբ, որ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը կհանվի աճուրդի, որ արդեն հետաքրքրվողներ կան: Մինչդեռ անցած տարվա հունիսի 23-ին վարչական դատարանը բավարարել էր «Սիփան-1» ՍՊԸ-ի միջնորդությունը՝ արգելել էներգետիկայի նախարարությանը Լիճքվազ-Թեյի հանքավայրի հանքարդյունահանման իրավունքն այլ անձանց տրամադրելու, փոխանցելու վերաբերյալ որեւէ գործողություն կատարել:



Ինչեւէ, նախարարությունը նորից հայտնվել է պատասխանողի աթոռին եւ փորձում է ապացուցել «Սիփան-1»-ին լիցենզիայից զրկելու հանգամանքը: Դատական նիստին ուշացած, շնչակտուր դատարան ներխուժած նախարարության 3 ներկայացուցիչները նախնական դատաքննության ընթացքում այդպես էլ որեւէ լուրջ հիմնավորում չբերեցին: Ներկայացուցիչ Ռուզան Փիլոյանը պնդում էր, թե լիցենզիան վերաբերում է երկու տարբեր հանքավայրերի, թե կա նաեւ ոսկու բազմամետաղային հանքավայր: «Ընկերությունը չի բերել շահագործման նախագիծ, չի կնքել լիցենզային պայմանագիր, իսկ լիցենզիան ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքման պահին: Հետեւաբար այդ լիցենզիան չկա»,-համոզված է Փիլոյանը:



Սակայն «Սիփան-1» ՍՊԸ ներկայացուցիչը համոզված է, որ բառախաղ են անում. «Լիցենզիայի մեջ գրված է ոսկու հանքավայր: Այսինքն խնդիրն անվանման մեջ չէ»: Կարեն Թունյանը համոզված է, որ կան մարդիկ, ովքեր շահագրգռված են ընկերությունով, եւ այս քաշքշուկը, դատական պրոցեսները դրա վառ ապացույցն են: «Անցած տարի մարտ ամսին դադարեցվեց ընկերության լիցենզիան, եւ ընկերությունը դեռ 6 ամիս ժամանակ ուներ լիցենզային պայմանագիր կնքել: Սակայն 1 տարի փաստացի ընկերությունը կաթվածահար անելուց հետո նորից 2 ամիս հետո նույն ակտն է կայացվում: Այս ամենը նշանակում է, որ կան անձինք, որոնք հետաքրքրվում են ընկերությունով: Ես կարծում եմ, որ այդ անձինք կարող են մոտ լինել ինչ-որ մեկին, որը փորձում է որեւէ կերպ խոչընդոտել «Սիփան-1»-ի գործունեությանը»,-ասաց Թունյանը:



Ի դեպ, նա միջնորդեց դատարան կանչել նախարար Արմեն Մովսիսյանին, քանի որ «հարցի պարզաբանումը կարող է տալ բացառապես այն մարդը, ով ստորագրել է այդ հրամանը», սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Կարեն Թունյանը կարծում է, որ առանց պարզելու նախարարի շահագրգռվածությունը, դժվար կլինի արդյունքի հասնել: Հաջորդ դատական նիստը՝ նոյեմբերի 18-ին: