Բալը թանկ ա

Բալը թանկ ա
«Աղջիկ պարոն, խազեինն ասում ա՝ բալը թանկ ա... թանկ»,- խեղճ Գիքորն ինչ իմանար, որ 2010-ին «իրա օրին» ժողովրդի մեծ մասն է հայտնվելու ու այն էլ Ամանորի շեմին, երբ ոչ միայն բալն է թանկ, այլեւ նույնիսկ բալի չիրը: Էլ չասենք պանրի, մսի, չարազեղենի, մրգերի ու հատկապես խնձորի մասին, որ այս տարի մեզ համար դարձավ մի տեսակ հեռավոր արեւադարձային պտուղ, փոխարենը՝ քիչ թե շատ գրպանին մատչելի դարձան հենց ցիտրուսային մրգերը: Օրինակ, եթե 1 կգ նարնջի համար միջինը կվճարեք 650-850 դրամ, ապա խնձորի 1 կգ-ի համար՝ 1.000-1.400 դրամ:



Ամանորյա միջին «սեղանի» միջին արժեքն իմանալու համար որոշեցի միաժամանակ պարզել, թե սննդամթերքի գները եւ թե որքանով են շուկաների եւ սուպերմարկետների գներն իրարից տարբերվում: Երկար-բարակ շրջելուց, բլոկնոտում գրելուց, համեմատելուց հետո ի վերջո պարզեցի, որ հիմնական տարբերությունը սուպերմարկետների ու դրսի շուկաների միջեւ դա ...99 թվի մոգության մեջ է, որ մարդկանց խաբկանքի մեջ է գցում ու սուպերմարկետներում հերթեր գոյացնում: Արդյունքում, տարբերությունը զգալի չէ:



Օրինակ, եթե «Պրոսպեկտի» փակ շուկայում չրերի միջին գինը տատանվում է 5-6 հազար դրամի սահմաններում, ապա սուպերմարկետներում ծիրանաչրի 500 գրամը 2.790 դրամ արժե, իսկ 1 կգ-ն՝ 5.450 դրամ: Ինչպես նշեցին շուկայի վաճառողները, այս տարի անցած տարվա համեմատ, չրերի գինը եթե ոչ կրկնակի, ապա եռակի թանկացել է, ու դա հիմնականում կապված է այս տարվա մրգերի թանկ արժեքով, ինչի արդյունքում մարդկանց գնողունակությունն էլ մինչ օրս կտրուկ նվազել է: Չարազեղենի մեջ անցած տարվա համեմատ տարբերությունը հազար դրամ է կազմում, եթե, օրինակ, հնդկական ընկույզը շուկայում վաճառում են 6 հազար դրամ, ապա «Սթար» սուպերմարկետների ցանցում 100 գրամն արժե 640 դրամ, այսինքն 1 կգ-ն՝ 6.400 դրամ:



Զրուցելով շուկայի վաճառողների հետ, տեղեկացա, որ այս տարի անգամ շուկայի տաղավարների կեսն է դատարկ: Վաճառողների կարծիքով՝ այս տարի մեր տեղական խնձորն այնքան թանկ է, որ մարդիկ գերադասում են 1.000-1.200 դրամով դրսից ներկրված խնձորը գնել: Դրա ապացույցը նաեւ սուպերմարկետներում է, որտեղ տեղական լավ խնձորը 1.629 դրամ արժեր, իսկ դրսից ներկրված խնձորը՝ 1.499:



«Լոռի» պանրի գինն էլ շուկայում 1700 դրամ արժեր: Ինչպես նշեց վաճառողը, անցած տարվա համեմատ պանրի գինը 1 կգ-ի մեջ միջինը 600 դրամ բարձրացել է: Սուպերմարկետներում «Լոռի» պանրի գինը տատանվում էր 2.490-2.690-ի սահմաններում: Հավի գինը սկսվում էր 1.500-ից, խոզի բդի 1 կգ-ն 2.590 դրամ էր, իսկ տավարի ֆիլեն՝ 3.650 դրամ:



Որոշեցինք նաեւ պարզել, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ մթերքների գնաճը որքանով է ազդել մեր համաքաղաքացիների շրջանում բդի պահանջարկի վրա: Պարզվեց՝ լավ էլ ազդել է, այդ մասին տեղեկացանք «Բեկոն» մսամթերքի ձեռնարկությունից, որտեղից մեզ ասացին, որ այսօրվա դրությամբ եփած խոզի բդի պատվերները մոտ 30 տոկոսով ավելի քիչ են անցած տարվա համեմատ: Կանխատեսելով նման պատկեր, ընկերությունն այս տարի խոզի բուդ քիչ է պահեստավորել:



«Սթար» սուպերմարկետների ցանցում այս օրերին 200 անուն ապրանքատեսակների վրա նաեւ հատուկ ակցիաներ են գործում՝ 20-75 տոկոս զեղչերով: Այդ հատուկ գները սուպերմարկետը մատակարարի հետ է համաձայնեցնում: Ինչպես հավաստիացրին սուպերմարկետից, ակցիայով ապրանքները ոչ թե ժամկետանց, փչացած ապրանքներ են, այլ այն ապրանքները, որ մենք ամեն օր գնում ենք:



Դեկտեմբերի 1-ից «Սթար» սուպերմարկետների ցանցը ներդրել է ամանորյա կախարդանք «Սթար» կուտակային քարտը, որը տրվելու է հաճախորդներին 5 հազարից ավելի գնումների դեպքում: Յուրաքանչյուր 100 դրամի դիմաց հաճախորդը ստանալու է 1 աստղ, այսինքն իր կուտակած միավորներով հետո նա կարողանալու է գնումներ անել, արդյունքում 3-10 տոկոս խնայելու է:



«Երեւան Սիթիում» էլ կուտակային քարտեր կարող եք ձեռք բերել 500 դրամով, որն անմիջապես անցնելու է քարտի մեջ: Այստեղ էլ յուրաքանչյուր 100 դրամի դիմաց հաճախորդը ստանում է 1 միավոր: Միավորների առավելություն կա նաեւ գիշերային ժամերին ու իրենց ծննդյան օրերին գնումներ կատարած հաճախորդների համար: Այսինքն մարդն այսօր կատարելով գնումներ, կուտակային միավորների շնորհիվ ապահովում է իր վաղվա գնումների գումարը: Բացի դրանից, հունվարի 15-ին քարտերի համարներով 7 մեքենա է խաղարկվելու սուպերմարկետների ցանցերում: