Երկիրը նորմալ՝ առանց ելեւէջների պահելու համար ենք ստորագրում

Երկիրը նորմալ՝ առանց ելեւէջների պահելու համար ենք ստորագրում
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ խորհրդարանում է հավաքվել ԲՀԿ վերնախավը՝ ԲՀԿ-ական պատգամավորներն ու չորս նախարարները: Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է գնացել ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ հանդիպելու համար: Այդ հանդիպումից հետո էլ կայացել է ԲՀԿ հավաքը:



Գագիկ Ծառուկյանը ներկաներին բացատրել է, որ իրենք կոալիցիայում միասին են եղել, միասին էլ պետք է լինեն՝ հավելելով, թե ԲՀԿ-ն հավատարիմ է մնում համագումարի ընթացքում հայտարարած տառին ու բառին: Գագիկ Ծառուկյանը ներկաներին նաեւ ասել է, թե մինչեւ շաբաթվա վերջ կներկայացվի կոալիցիոն նոր հուշագիր, որը ընդհանուր դրույթներով է ու իրենց համար նորմալ: Ներկա ԲՀԿ-ականները միաձայն համաձայնություն են հայտնել առաջնորդի որոշմանը: Այդպիսով ԲՀԿ որոշումը կայացվել է: Հանդիպումից հետո ԲՀԿ-ականներն արագ լքել են խորհրդարանը: Իսկ ԲՀԿ-ականներ Վահե Էնֆիաջյանն ու Գոհար Ենոքյանը մնացել էին: Վահե Էնֆիաջյանը զգուշացավ պատասխանել մեր հարցերին: Զրուցեցինք Գոհար Ենոքյանի հետ: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:



- Տիկին Ենոքյան, կոալիցիոն նոր հուշագիրը քննարկվե՞լ է ֆրակցիայում:



- Քննարկվել է, եւ մենք աշխատանքները կոալիցիայում շարունակում ենք այնպես, ինչպես որ շարունակել ենք մինչեւ հիմա: Մինչեւ վերջ մնում ենք կոալիցիայի մեջ, հետո գնում ենք խորհրդարանական ընտրությունների, որ ամեն կուսակցություն ինքնուրույն ինչքան կարող է՝ ձայների տոկոս հավաքի: Դրանից հետո նորից միացյալ կորոշենք՝ ում ենք առաջադրելու: Առայժմ նորմալ գնում ենք մեր աշխատանքին:



- Կոնկրետ հուշագրի տեքստն այսօր քննարկվե՞լ է:



- Ոչ: Մենք ուրիշ թեմաներով էինք խոսում, բայց ես գիտեմ ինչի մասին է խոսքը: Մենք ժամանակին էդ թեմայով խոսել ենք:



- Ե՞րբ եք խոսել:



- Ի՞նչ նշանակություն ունի՝ երբ: Որոշումը դա է, որ մենք կոալիցիայով նորմալ աշխատելով, գնում ենք մինչեւ վերջ:



- Վաղը սպասվո՞ւմ է հուշագրի ստորագրություն:



- Սպասենք վաղվան, կտեսնենք, էլի:



- Դուք տեղյակ չե՞ք, Ձեզ չե՞ն ասել՝ լինելու է, թե ոչ:



- Ես տեղյակ եմ, բայց թերթերում կկարդաք:



- Իսկ այսօր պարոն Ծառուկյանն ի՞նչ ասաց այդ առթիվ:



- Խոսեց՝ ինչ պետք էր: Ի՞նչ պարտադիր է դուք ամեն ինչ իմանաք: Ես ասացի, որ մենք որոշել ենք շարունակել մեր աշխատանքը կոալիցիայում:



- Իսկ Ձեր կարծիքով, սա ԲՀԿ-ի վարկանիշին ու ծրագրերին չի՞  հարվածի:



- ԲՀԿ-ի վարկանիշը չտեսնված լավ է: Եղել է, կա եւ կմնա: Մենք որեւիցե մի սխալ գործ չենք անում:



- Իսկ սա նահանջ չէ՞ր ԲՀԿ-ի այն հայտարարությունից, որ «Բարգավաճ Հայաստանը» չի հայտարարելու որեւէ թեկնածուի սատարելու մասին՝ մինչ խորհրդարանական ընտրությունների ավարտը:



- Աբսալյուտնը ոչ մի բան չէր, դա նորմալ երեւույթ էր:



- Սա, փաստորեն, սատարելու գրավոր տարբերակն էր:



- Ոչ մի բան չէր: Կրկնում եմ, դա նորմալ որոշում էր՝ երկիրը նորմալ պահելու՝ առանց ելեւէջների, առանց էն ամեն ինչի, ինչ որ ԶԼՄ-ներն ուզում են, որ լինի: Շատ ճիշտ որոշում էր:



- Մասնավորապես ԲՀԿ-ն ասել էր, որ չի ուզում դառնալ ՕԵԿ: Հիմա սրանով ՕԵԿ դառնալը չի՞ սպառնում ԲՀԿ-ին, այսինքն՝ ՀՀԿ-ի կցորդ:



- Բացարձակ: Մենք որեւիցե մեկի կցորդը կյանքում չենք եղել, չկանք ու չենք էլ լինի: Էս թող բոլորն իմանան:



- Եթե ԲՀԿ-ն ստորագրում է, չի՞ նշանակում, որ արդեն իսկ ինչ-որ կերպ հայտարարում է Սերժ Սարգսյանին 2013-ին սատարելու մասին:



- Բայց ի՞նչ է ստորագրում: Համբերեք, լսեք, կարդացեք՝ ինչ է ստորագրում, նոր որոշեք: Էն, ինչ որ ստորագրելու ա, դա լրիվ նորմալ ա: Դա նա ա, ինչ պետք է ազգի համար հիմա՝ հանգիստ, խաղաղ ապրելու: