Արաբական գարո՞ւն, թե՞ քրդական ամառ

Արաբական գարո՞ւն, թե՞ քրդական ամառ
Արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները եւ մասնավորապես վերջին օրերին Սիրիայում ծավալվող զարգացումները մտահոգում են Թուրքիայի իշխանություններին: Առավել եւս, որ հունիսի 12-ին այս երկրում խորհրդարանական ընտրություններ են, իսկ Մերձավոր Արեւելքում քաոսային իրավիճակ է տիրում:



Թուրքական «Հյուրիեթն» իր խմբագրականում գրել է. «Արդյո՞ք արաբական գարունը չի վերածվի քրդական ամռան», որով ամեն ինչ ասված է: Ինչպես մի թուրք վերլուծաբան է նշել, «եթե Լիբիայի հարցը մեզ համար միջազգային խնդիր է, ապա Սիրիայինը` ներքին»: Սիրիայում իրաքյան սցենարի կրկնությունը թուրքական իսթեբլիշմենթի մոտ խուճապ է առաջացնում:



Բաշար ալ-Ասադի ավտորիտար վարչակարգի դեմ զանգվածային դժգոհություններն աստիճանաբար ձեռք են բերում կրոնական ու էթնո-համայնքային դիմակայության ձեւ, իսկ Թուրքիայի հետ սահմանակից Կամիշլե գավառում ապրող եւ ընդդիմադիր դաշտում գտնվող մոտ 2 մլն քրդերը լուրջ սպառնալիք են դառնում նույն Թուրքիայի համար:



Արդեն սկսվել է քուրդ փախստականների հոսքը դեպի Թուրքիա, եւ եթե հաշվի առնենք, որ Ասադի վարչակարգն Արեւմուտքում դաշնակից կամ համակիր գրեթե չունի, ապա պարզ է, որ այդ միտումը գնալով էլ ավելի լայնածավալ բնույթ կկրի: Առանց այն էլ Անկարան մայիսի կեսերին լայնամասշտաբ գործողություններ է սկսել քրդական ապստամբ խմբավորումների դեմ. Իրաքի հետ Թուրքիայի սահմանամերձ շրջաններում կան կորուստներ ինչպես կառավարական զորքերում, այնպես էլ Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների շրջանում:



Թուրքական Քրդստանի բոլոր խոշոր քաղաքներում անցել են բողոքի հանրահավաքներ` վերածվելով անվտանգության ուժերի հետ զինված բախումների, հայտարարվել է եռօրյա սուգ: Այս բողոքի ակցիաների կազմակերպիչը քրդական Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցությունն է, եւ սա վերջին տարիներին քրդական ընդդիմադիր կուսակցության 6-րդ «վերածնունդն» է:



Անկարան համառ հետեւողականությամբ եւ տարբեր պատրվակներով (սահմանադրության խախտում, ահաբեկչության սատարում եւ այլն) փակում է քրդական քաղաքական կուսակցությունները, սակայն դրանք նորից ակտիվանում են:



Իշխանության գալով 9 տարի առաջ, Էրդողանը խոստացավ «ստեղծագործական մոտեցում» ցուցաբերել քրդական խնդրին, սակայն մեկ տարի անց քրդերի հետ արյունալի բախումներից հետո խոստացավ «ահաբեկիչներին խեղդել իրենց իսկ արյան մեջ»: Շաբաթներ առաջ նրա դեմ կատարված մահափորձի համար պատասխանատվությունն իր վրա վերցրեց Քրդական բանվորական կուսակցությունը, որից հետո` Դիարբեքիրում, ուժեղացված հսկողության տակ ելույթ ունենալիս, Էրդողանը հայտարարեց «ահաբեկչության աճող սպառնալիքի» մասին:



Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արեւելյան Թուրքիայում ծավալվող հակամարտությունը ցույց է տվել երկու բան. նախ` որ քրդերի դեմ երկրի իշխանությունների պայքարը խիստ անարդյունավետ է, եւ երկրորդ` այն ինքն իրեն չի լուծվելու, եւ Անկարան ստիպված է գտնելու հիմնախնդրի լուծումը, քանի որ անգամ հզոր գաղափարական ու մշակութային ճնշման պայմաններում Թուրքիայում ընթանում է քրդերի ազգային համախմբման գործընթաց:



Նախնական սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հունիսի 12-ի ընտրություններում վստահ հաղթանակ կտանի իշխող` Արդարության եւ զարգացման կուսակցությունը, անգամ ավելի վստահ, քան 2007-ին: Որքան էլ որ վերջին տարիներին Թուրքիայի տնտեսական հաջողություններն անվիճելի են` հաջող դրամային բարեփոխումներ, սղաճի սանձում, խոշոր տրանսպորտաէներգետիկ ծրագրերի իրականացում, միեւնույն է` այստեղ հասկանում են, որ տնտեսության վերելքը կայունության երաշխիք չէ:



Դա է վկայում Թունիսի օրինակը, որը քաղաքական ճգնաժամից 4 ամիս առաջ Համաշխարհային բանկի կողմից ճանաչվել էր Աֆրիկայի ամենամրցունակ տնտեսությամբ երկիր: Այսինքն՝ Թուրքիայում գիտակցում են, որ ինչքան ուզում ես ամուր տնտեսություն ունեցիր` «քրդերից պրծում չկա»: Իսկ եթե հարեւան արաբական երկրներից էլ քրդերի ներհոսք սկսվեց, եւ ներսի ու դրսի քրդերն իրար միացան, շատ լուրջ բաներ են սպասվելու:



Լեւոն Գեւորգյան